Կոմիտասի 150-ամյակին նվիրված նոր եռասկավառակ-ալբոմ

Կոմիտասի 150-ամյակին նվիրված նոր եռասկավառակ-ալբոմ

Հանրային ռադիոյի բակում երեկ ներկայացվեց Կոմիտասի 150-ամյակին նվիրված հոբելյանական հատուկ նախագիծը՝ «Կոմիտաս 150 տարի/րոպե» եռասկավառակ-ալբոմը։

Նախագծի գիտական, գեղարվեստական խորհրդատու, երաժիշտ Վահան Արծրունին նշեց, որ Ռադիոյի վերազինված տաղավարում շուրջ 9 ժամ Կոմիտաս են ձայնագրել, որից 150 րոպեն ներկայացրել են ձայնասկավառակում․ «Կոմիտասի 150 տարին այն սիմվոլն է, որն առաջնորդում է բոլոր երաժիշտներին, ովքեր, որպես կատարողներ, կապված են կոմիտասյան էության հետ»։

Արծրունու բնորոշմամբ՝ այս ալբոմի, նախաձեռնության եւ հայեցակարգի գլխավոր հատկանիշն այն է, որ Կոմիտասը ներկայացված է ոչ միայն բնագրային տեսքով, այլեւ իր երաժշտական ամբողջ «լանդշաֆտով»՝ բնագրային Կոմիտաս եւ այն բոլոր ստեղծագործական դրսեւորումները, որոնք տասնամյակների ընթացքում եղել են եւ կլինեն։

«Ալբոմը ոչ միայն ակադեմիական երաժշտության դաշտն է ներառում, այլ նաեւ ազգային, ֆյուժըն երաժշտության ձեւաչափը, կամերային, երգչախմբային, մեներգային՝ տարբեր գործիքային համադրություններով, կոմպոզիցիոն լուծումներով եւ ստեղծագործական փոխակերպումներով: Մի քանի ամիս, օրը 8 ժամ մեր ձայնագրման ստուդիայում ընթանում էին աշխատանքներ եւ դեռեւս կշարունակվեն մինչեւ տարվա վերջ։ Ամբողջ այդ հարուստ նյութը ֆոնդավորվելու է Ռադիոյի կողմից, եւ հանրությունը հաղորդակցվելու է այդ երաժշտության հետ Հանրային ռադիոյի եթերի միջոցով։ Ստեղծում ենք նոր գանձարան, որն անմիջականորեն կապված է Կոմիտասի հետ»,- նշում է Արծրունին։

Ձայնասկավառակում ընդգրկված են 53 կատարում, 20-ից ավելի երաժիշտներ՝ Աննա Մայիլյան, Լուսինե Գրիգորյան, Գեւորգ Դաբաղյան, Նարինե Անանիկյան, Մագդա  Մկրտչյան, Գրիգոր Առաքելյան, Վահան Արծրունի, «Ակունք» ազգագրական, «Ծիրանի» համույթներ, «Հովեր» պետական կամերային երգչախումբ, «Գառնի» վոկալ հնգյակ եւ այլն։ Նախագծի ղեկավարն է Շավարշ Վարդանյանը, պրոդյուսերը՝ Էդգար Ամիրխանյանը։  

Ալբոմի ներսում ձայնասկավառակներից յուրաքանչյուրի վրա պատկերված են կոմիտասյան էության 3 կարեւոր խորհուրդները՝ եկեղեցին, կռունկը, ծիրանի ծառը։ Ձայնասկավառակը վաճառքի ենթակա չէ, այն բաժանվելու է բոլոր երաժշտական դպրոցներին, կրթօջախներին, գրադարաններին։