Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի մահվան 20-րդ տարելիցին


1999 թվի հոկտեմբերի 27-ին ես գտնվում էի տարածքային կառավարման փոխնախարարի իմ աշխատասենյակում, երբ աշխատողը գուժեց, որ պառլամենտում կրակում են: Միացրեցի ռադիոն: Կասկած չկար, որ այնտեղ կատարվում էր մինչ այդ չլսված, արտառոց բան: Քանի որ առաջին դեմքերը պառլամենտում էին, առաջին միտքն այն եղավ, որ զանգեմ ներքին գործերի փոխնախարարին: Զանգեցի, Հայկ Հարությունյա՛նն էլ հանկարծակիի եկավ:

Հավանաբար, անցել էր երկու ժամ, գուցե ավելի, հանկարծ աշխատողը հայտնում է, որ ինչ-որ թղթակից է Ռուսաստանից զանգահարել եւ որեւէ պաշտոնյայի հետ է ուզում խոսել: Ես վերցրեցի լսափողը: Նա բարեւեց, ներկայացավ որպես ռուսական թերթերից մեկի թղթակից, ասաց, որ արդեն տեղյակ են պառլամենտում կատարվածի մասին, եւ հարցրեց. «Կարո՞ղ ենք ասել, որ դա Արեւմուտքի գործն է»: Ես պատասխանեցի, որ դեռ չգիտենք էլ, թե ովքեր են արել, հետեւաբար, նման կարծիք հայտնել չեմ կարող: «Բայց նախնական չե՞նք կարող ասել, որ դա Արեւմուտքի ձեռքի գործն է»,- կրկնեց հարցը: Ասացի՝ ոչ: Երբ նա երրորդ անգամ նույն հարցը տվեց՝ մի փոքր այլ շարադասությամբ, դա արդեն ոչ այնքան հարց էր, որքան պարտադրանք, եւ իմ մեջ կասկածանք ու հակադրվելու բնական ցանկություն առաջացավ: Այս դեպքը չէի հիշի, եթե շատ տարիներ անց հանգամանքների բերումով չտեղեկանայի, որ հատուկ ծառայություններն ունեն այս կամ այն հիմնարկի լրատվական ծառայությունում որպես թղթակից ձեւակերպված աշխատակիցներ, որոնք անհրաժեշտ պահերին կատարում են ուղղորդված գործողություններ:

Արդյո՞ք այդ «թղթակիցը» եւս հանձնարարություն չէր կատարում: Վաղեմի այդ զանգը տարիներ անց իմ մեջ կասկածներ է ծնում: Իմ տպավորությամբ՝ նա կարծես ուզում էր հայաստանյան որեւէ պաշտոնյայի բերանից կարծիք կորզել՝ շրջանառության մեջ դնելու Արեւմուտքի հետքի վերաբերյալ «ենթադրությունը»: Այդպիսի համառությունը, որի նպատակը ոչ թե տեղեկություն ստանալը կարող էր լինել, այլ իր կանխակալ կարծիքը լեգիտիմացնելը, կարելի է բնորոշել իբրեւ հետքի շեղում: Իսկ ինչո՞ւ պիտի Ռուսաստանն իրեն իրավունք վերապահեր խառնվելու Հայաստանի գործերին: Կայսրական բովանդակություն ունեցող պետությունները մաշկափոխվելիս փորձում են նախկին տարածքները հավաքել նոր պատյանի ներքո: Ե՛վ ցարիզմի, ե՛ւ խորհրդային համակարգի փլուզումից հետո Մոսկվան դարձյալ վարեց կենտրոնաձիգ քաղաքականություն՝ ավելի վաղ միջոցներ ձեռք առնելով, որ անկախացող հանրապետություններում իշխանության գան մոսկվամետ ուժեր:

Հայաստանը բացառություն չեղավ: Կովկասյան հանրապետություններում դեռեւս խորհրդայնացման արշալույսին դրվել էին «ականներ», որոնք պայթելու էին նրանցից որեւէ մեկի անկախանալու դեպքում: Հայաստանը, իր կամքից անկախ, կարող էր դետոնատորի դեր կատարել. Ադրբեջանի անկախանալու դեպքում անջատողական շարժում էր խրախուսվելու Արցախում կամ այն ժամանակ դեռեւս հայաբնակ Նախիջեւանում, Վրաստանի պարագայում՝ Ջավախքում: Իսկ Հայաստանը Կրեմլի ազդեցության ոլորտում պահելու համար ընդամենը անհրաժեշտ կլիներ հայերի ու հարեւաններից մեկի միջեւ հրահրել միջէթնիկական բախում: ԽՍՀՄ փլուզման նախօրեին Կենտրոնի քաղաքական շրջանակները, Ջավախքը հանգիստ թողնելով, կարծում էին, որ Վրաստանը սանձելու համար Աբխազիայի, Հարավային Օսեթիայի հնարավոր կորստի վտանգը լիուլի բավական է: Ռուսաստանն այս հարցում կարծես վրիպեց, թեեւ, կախված դեպքերի հետագա զարգացումներից, դեռեւս ունի չկրակված փամփուշտներ:

Եթե Վրաստանն ու Հայաստանն ունեին պետականության ավանդույթներ, Ադրբեջանն արհեստածին, հավաքովի պետություն էր, որի տարածքները ռուս զինվորը խլել էր Պարսկաստանից: Ադրբեջանի սահմանները ժամանակին փքվեցին Մոսկվայի կողմից, ուր, չգրված օրենքի սկզբունքով, պահպանվում է դրանց հետագա ճակատագիրը տնօրինելու հարցում դերակատարություն ունենալու «իրավունքը»: Ահա ինչու Ռուսաստանը, առանց սեթեւեթելու, իր ներկայությունը պետք է ունենար Քուրարաքսյան աղեղում եւ հասներ նրան, որ այդ ներկայությունն ընդուներ զինվորական կոշիկի տեսք, ու այդ իրավունքն ամրագրվեր միջազգայնորեն կամ երկկողմ ընդունված որեւէ պայմանագրով: Ուստի, միամտություն կլինի կարծել, թե գործողություններն այստեղ ընթանում են տարերայնորեն: Ավելին, դրանք մանրամասն քննարկվում, ծրագրվում են մոսկովյան ռազմավարական կենտրոններում եւ երաշխավորությունների տեսքով հրամցվում ղեկավարությանը:

Եթե պատմությունը մի օր բացահայտի, որ արցախյան շարժման բռնկումը ծրագրված էր մոսկովյան վերեւից, որը տեղ-տեղ դուրս եկավ նրա վերահսկողությունից, թող որեւէ մեկը չզարմանա: Առավել եւս, մենք՝ հայերս, մի կողմ պիտի նետենք Խորհրդային Միությունը Ղարաբաղյան շարժմամբ «քանդելու» միամիտ կարծիքն ու սնապարծ դափնին: Այս իրողությունը մեզ համար չի կարող վարկաբեկիչ կամ նսեմացուցիչ լինել այն պարզ պատճառով, որ արցախյան խնդիրը ոչ թե արհեստական էր, այլ՝ բնականորեն մխացող եւ դրանով իսկ՝ ավելի հեշտ բոցավառվող: Բնական է, որ Կենտրոնը, մեր կամքից անկախ, փորձելու էր այդ արդարացի շարժումից պտուղներ քաղել՝ փորձելով այն ծառայեցնել իր շահերին: Ուստի պետք է նկատի ունենալ, որ, ողջ բնականությամբ հանդերձ, արցախյան գործընթացը մասն էր կազմում մեծ տերության կողմից իրականացվող, այն ժամանակ դեռեւս մեզ համար անտեսանելի, աշխարհաքաղաքական «զորաշարժի»: Այս տեսանկյունո՛վ պետք է դիտարկել նաեւ շարժման նկատմամբ «ճեպընթաց ռեակցիայի» յուրահատկությունը հարեւան երկրում:

Քանի որ Մոսկվայի խնդիրներից մեկը երկու ժողովուրդների միջեւ անհաշտելի մթնոլորտի ձեւավորումն էր ու միջնորդ-հաշտարարի «ինստիտուտի» կարեւորումն ու երեւակումը, նույն կենտրոնից հրահրվեց Սումգայիթի հայերի ջարդը: Ահա ինչու, այն անցնելով լուրջ նախապատրաստական փուլ, կրում էր կազմակերպված բնույթ, խուժանը գործում էր առանձնակի դաժանությամբ, անպատժելիության ու «հատուկ» հանձնարարություն կատարելու պարտքի զգացումով՝ միանգամայն վստահ լինելով, որ կարգուկանոն հաստատող ուժերը, միեւնույն է, Մոսկվայից կժամանեն «մի քանի ժամ ուշացումով»: Այստեղ համադրվել էին Կենտրոնի ռազմավարական ու Բաքվի մարտավարական շահերը: Որ Ռուսաստանն այս տարածաշրջանում ունեցել եւ այսօր էլ ունի կենսական շահեր՝ դրանից բխող միտումներով ու գործառույթներով, աներկբա է: Որ նա կանգ չի առնի միջոցների առջեւ՝ սկսած խաղը մինչեւ վերջ հասցնելու հարցում, դա եւս կասկած չի հարուցում: Իսկ այդ խաղի ցանկալի արդյունքը, ըստ Ռուսաստանի, երկու երկրներին իր իսկ ձեւավորած քաղաքական ու տնտեսական կառույցում ներառելն է: Այսօրվա Ռուսաստանն ավտորիտար երկիր է ու իր հասարակական-քաղաքական կառուցվածքով ավելի մոտ է Ադրբեջանին, քան Հայաստանին:

Այնտեղ, մեղմ ասած, հիացած չեն հայկական ժողովրդավարությամբ, որը Ռուսաստանի պարագայում երկրի քայքայման մի նոր ալիք կառաջացներ: Ուստի այնտեղ վախենում են ոչ միայն այդ ժողովրդավարությունից, այլեւ հայկական հեղափոխության հնարավոր արտահանումից: Հետեւաբար, ո՞ւմ են սատարելու Ռուսաստանի ղեկավարները: Լուծումը Հայաստանում ժողովրդավարությունից հրաժարվելը չէ: Ուստիեւ զգուշավոր ու առանձնահատուկ քայլերի անհրաժեշտություն կա: 

Ճիշտ այս վիճակն էր 1920 թվին: Թե ինչպիսի աղետալի հետեւանք ունեցավ այն ժամանակվա ռուս-թուրքական դաշինքը Հայաստանի համար, հայտնի է բոլորիս:

 Շարունակելի 

 Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ