Իսկ գուցե մենք` բոլորս ունենք «բուժման» կարիք

Իսկ գուցե մենք` բոլորս ունենք «բուժման» կարիք

«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն իր «Պարադոքսների ժողովուրդ» վերտառությամբ խմբագրականում ուշագրավ հարց է բարձրացրել` ըստ էության, քննարկման թեմա դարձնելով մի երեւույթ, որն այսօր ոչ միայն առկա է մեր հասարակության մեջ, այլ նաեւ, կարելի է ասել, դարձել է նրա բնութագրիչներից մեկը։ Խոսքն այն հակասականության մասին է, որն առկա է հայաստանյան մեր հանրության մեջ՝ թե՛ ընդհանուր առմամբ, թե՛ ընդհուպ մարդ առ մարդ մակարդակում։

Երեւի հոգեբանները մի օր, ավելի խոր ուսումնասիրելով, կկարողանան սպառիչ պատասխան տալ, թե ինչու ենք մենք՝ հայերս, այսքան հակասական եւ իրարամերժ մեր խոսքերի եւ գործերի, իրական եւ վիրտուալ կյանքում մեր որդեգրած կեցվածքի ու վարքագծի մեջ կամ նույնիսկ այնպիսի կարեւոր հարցերում եւ մոտեցումներում, որոնք կապված են պետության, իշխանության, որեւէ իշխանության կամ քաղաքական ուժի նկատմամբ հանրային վստահության քվեի եւ այլնի հետ։

Էթնոսների հոգեբանությամբ զբաղվող մասնագետ չեմ, իհարկե, սակայն որքան կարողացել եմ հասկանալ, մեր՝ հայերիս, խնդիրների խնդիրը հենց մեր մեջ է թաքնված։ Ու դա կապված է մեր՝ որպես հավաքականության ու նաեւ որպես առանձին անհատների, ունեցած բարդույթների, կարծրատիպերի, բազմաթիվ բացասական խառնվածքային կամ գենետիկ որակների հետ։ Իրականում մեզնից քչերն են, օրինակ, անկեղծ դիմացինի հանդեպ։ Դրսում՝ իրական կյանքում, մեր ծանոթին հանդիպելիս, իհարկե, կողջունենք, ջերմ կզրուցենք, «հնից ու նորից, գազեթից-բանից» կհարցնենք, սակայն բաժանվելուց հետո միանգամից կսկսենք համեմատել նրա ու մեր առօրյան, նրա ու մեր կյանքը։ Ու, Աստված մի արասցե, եթե նրանը մերինից փոքր-ինչ լավը եղավ, կամ՝ մեզ թվաց, որ ավելի լավն է, քան մերը։

Միանգամից՝ «իմ դարդուցավն ինձ քիչ էր, հարեւանս էլ ավտոմեքենա առավ» տրամաբանությամբ, մտքում ինչ ասես, որ չենք ասի այդ ծանոթի հասցեին, ում գուցե մի ժամ առաջ հարգանքի ու ջերմ բարեկամական հավաստիացումներ ենք հղել։ Նույնը՝ նաեւ սոցիալական հարթակներում։ Այն նեգատիվը, որը կա մեր մեջ, սակայն իրական կյանքում թաքնված է մեր անհատականության խորքերում, եւ ինքներս էլ չենք բացահայտում իրական կյանքում, որպեսզի առնվազն դրան համարժեք «մի մուշտի չուտենք քիթ-մռութներիս», մենք պահում ենք Ֆեյսբուքի համար։

Այ, այնտեղ լրիվ այլ է, հատկապես ֆեյք պրոֆիլներով լիովին կարող ենք «ինքնաիրացվել» ու մեր մեջ եղած «թույնն ու թարախը» դուրս հորդել, հանգստանալ, բավարարվել, որ գոնե մեզնից ավելի հաջողակի կյանքը թեկուզ մի հինգ րոպեով կարողացել ենք թունավորել։ Գուցե այլ ժողովուրդների մեջ էլ նման երեւույթներ կան, որը կոչվում է նախանձ, չարակամություն, նեղմտություն, սակայն մեզ մոտ, ինչպես ասում են, ամեն ինչ «հայավարի» այնքան է չափն անցած, որ պարզապես սրտխառնոց է առաջացնում, խանգարում ապրելուն, ուղղակի խեղդում է՝ շնչելու օդ չթողնելով։ Չթողնելով, որ զարգանանք, առաջ գնանք, առողջ սաղմերը հոշոտում են, դեռ նոր ծլարձակած, հաջողակ մարդկանց առաջ խոչընդոտներ ենք դնում, կյանքը սեւացնում՝ չթողնելով, որ նրանք նոր հաջողություններ գրանցեն՝ հասարակությանն էլ իրենց հետեւից տանելով։ Եվ ամենակարեւորը՝ խնդիրն այն է նաեւ, որ մեզնից շատերն իրենց սեփական կյանքն ինչպես հարկն է ապրել չկարողանալով, ձգտում են, որքան հնարավոր է՝ խանգարել ապրելու, արարելու ունակ մարդկանց։ Ինչպես ասում են՝ նրանց «օրը փչացնել» թեկուզ մի «դիսլայքով»։