Հայաստանի շուստրիությունն Իրանում չի անցնելու․ Պատերազմից 5 պակաս

Հայաստանի շուստրիությունն Իրանում չի անցնելու․ Պատերազմից 5 պակաս

«Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելու ձգտումը պահանջում է, որ Իսրայելը պատրաստ լինի ցանկացած գործողության, հիմա այն պահն է, երբ անհրաժեշտ կլինի կայացնել կարեւոր որոշումներ»,- հինգշաբթի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանթը՝ իր ամերիկացի գործընկեր Օսթին Լլոյդի հետ հանդիպումից հետո, ով այցով ժամանել էր Իսրայել։ «Այսօր մենք գտնվում ենք ժամանակի կրիտիկական պահին, մոտ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի հրատապ եւ կարեւոր որոշումներ կայացնել: Իրանը նպատակ ունի ձեռք բերել միջուկային զենք եւ սպառնալ ոչ միայն Իսրայելին, այլեւ ողջ աշխարհին: Իրանական միջուկային սպառնալիքը պահանջում է, որ մենք պատրաստ լինենք ցանկացած գործողության, ես շեշտում եմ՝ մենք պետք է պատրաստ լինենք գործողության ցանկացած տարբերակի»,- հավելել է նա՝ նշելով, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին ձեռք բերել զանգվածային ոչնչացման զենք, որը կսպառնա հրեական պետությանը: Իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթին Լլոյդն էլ հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կսկսվեն շատ սեղմ ժամկետներում։
Ի վերջո` որքանո՞վ է իրատեսական Իրան-Իսրայել պատերազմը, այն ի՞նչ հետեւանքներ կունենա տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի վրա։ Զրուցել ենք իրանագետ Հարութ Արթին Առաքելյանի հետ:

- Կանխատեսումները, թե առաջիկայում Իրանն ու Իսրայելը պատերազմելու են, որքանո՞վ են իրատեսական:

- Իրան-Իսրայել հակամարտությունն իրականում նորություն չէ: Վերջին շրջանում, երբ Իրանն ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը խզեց, նույն Իրանն ու ԱՄՆ-ն վերադարձան բանակցային սեղանի շուրջ: Վերջին շրջանում արեւմտյան օղակները հայտնում են, որ Իրանում 80 տոկոսով ուրանի հետքեր են գտել, որը կարող է դառնալ ատոմային ռումբի պատրաստման խթան: Իսրայելը վերջին շրջանում առավել ակտիվացել է եւ անգամ գնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների, որն իբրեւ կարող է կանխել Իրանի միջուկային թափը: Ակտիվություն նկատվում է նաեւ Ադրբեջանում եւ Իրաքի շրջանում, որոնք ինչ-որ ծառայություն են պատրաստվում մատուցել, այսպես ասած, ապագա պատերազմում: Ամերիկան այս պահին չի ցանկանում Իրանի հետ լայնածավալ պատերազմի մեջ մտնել: Նման միտում չկա: Ամերիկյան մամուլից էլ պարզ է դառնում, որ Իրանը մտադիր չէ միջուկային ռումբ պատրաստել: Այդ մասին խոսում են նաեւ ամերիկացի քաղաքական գործիչներն ու փորձագետները: Այդ ամենն Իսրայելին ուղղված մեսիջ է: Նկատենք, որ Իրանին հարվածելը հեշտ չէ, Իսրայելն ինքն էլ հստակ գիտի այդ մասին: Թե՛ տարածքի խորությունը, որտեղ ռմբակոծիչներ պետք է մտցվեն, թե՛ երկրի ցրվածությունը դժվարացնում է խոցել Իրանի միջուկային կետերը: Սա ավելի շատ մեդիահոգեբանական քարոզ է, որն արվում է այն բանի համար, թե պատերազմը մոտենում է: Իրանը Սիրիայով ու Լիբանանով մոտենում է Իսրայելի սահմաններին` կուտակելով ռազմական ներուժ: Իսրայելն էլ նույն բանն անում է Ադրբեջանով ու Քրդստանով:

- Իսկ ո՞րն է մարդկանց հոգեբանական տեռորի ենթարկելու նպատակը: Ինչո՞ւ են փորձում պատերազմի իմիտացիա ստեղծել:

- Կողմերին փորձում են ենթարկել ճնշումների: Այնպես չէ, որ եթե պետությունները գիտեն՝ ինչ է կատարվում, հասարակություններն էլ գիտեն: Մարդիկ` երկու կողմից էլ, հիմնականում տեղյակ չեն, թե ինչ է կատարվում իրականում: Նպատակ ունեն ժողովուրդներին մանիպուլյացիայի ենթարկել եւ հենց մարդկանց միջոցով ճնշում գործադրել տվյալ պետության վրա: Այդ փորձն այսօր տեսնում ենք Իրանում: Միջազգային մամուլն այդ ուղղությամբ ուժեղ աշխատանք է տանում: Իրանի հասարակության մեջ կան շերտեր, որոնք մանիպուլացվել են, տարբեր կարծիքներ են հայտնում եւ այլն, եւ այլն: Զարմանալ պետք չէ, մարդիկ, մեծ հաշվով, անտեղյակ են, դրան գումարած՝ քարոզչություն է տարվում: Ամեն անգամ, երբ պատերազմի վտանգի մասին է խոսվում, մարդկանց արձագանքը լինում է կտրուկ: Նույն բանն արվում է Իսրայելում:

- Այնուամենայնիվ, եթե Իրան-Իսրայել բախում տեղի ունենա, ի՞նչ ազդեցություն կթողնի այն տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի վրա:

- Կարծում եմ` երկու պետությունների հակամարտության ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունը զգացել է դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ: Արցախյան երկրորդ պատերազմն այնքան էլ Արցախի համար պատերազմ չէր: Օղակը պետք է սեղմվեր Իրանի շուրջ: Մենք տեսանք, որ 44-օրյայի ժամանակ Իսրայելն Ադրբեջանի 60 տոկոս զենքի մատակարարն էր: Իսրայելը, աջակցելով Ադրբեջանին, հարավային շրջանները վերցրեց իր ձեռքի տակ՝ հետագա գործողությունների ժամանակ օգտագործելու նպատակով: Տարածաշրջանային խնդիրներն ունեն գլոբալ ազդեցություն: Մենք ներգրավված ենք ամեն ինչում, որովհետեւ Իրանը հայտարարել է, որ այն կետից, որտեղից հարձակում տեղի կունենա իր վրա, այդ կետը կոչնչանա: Բնական է, որ մենք նման պարագայում հայտնվելու ենք պատերազմի կիզակետում: Մեր չեզոքությունն ու խաղաղասիրությունը մեզ չեն օգնելու: Անգամ ես դա չեզոքություն չէի անվանի, դա անգործություն է:

- Ի՞նչ ասել է՝ անգործություն, ի՞նչ կարող է անել Հայաստանը:

- Ակտիվ դիվանագիտությունը շատ ավելի օգտակար կլինի մեզ համար: Գոնե այդ դեպքում կարող ենք իրավիճակից ճիշտ ճանապարհով դուրս գալ: Եթե դու ոչինչ չես անում եւ բոլորին ուղղակի ասում ես, որ խաղաղություն ես ուզում, շահած դուրս չես գալիս:

- Կապանում Իրանի հյուպատոսարանի բացումից հետո ՀՀ իշխանությունները հպարտանում էին Իրանի հետ ունեցած ճկուն դիվանագիտական հարաբերություններով: Ի՞նչ մեսիջ էր պարունակում հյուպատոսարանի բացումը:

- Բայց նույն այդ իշխանությունը դրանից բացի ի՞նչ է արել՝ ոչինչ: Եթե քարոզչություն ես անում, սակայն կողքից ոչինչ չես անում, զուտ դիտորդի կարգավիճակում ես հայտնվում: Ի՞նչ է դա, եթե ոչ ծուղակ: Իրանն իր քաղաքականությունը հստակ գիտի, գիտի ինչ անել եւ ինչպես անել, այնպես որ, չեն գալու մեր փոխարեն մեզ պաշտպանեն: Այդ մասին Հայաստանին Իրանը բազմիցս հայտարարել է: Իրանն ասում է՝ եկեք միասին պաշտպանենք Սյունիքը, բայց քանի որ Հայաստանն այդ ուղղությամբ որեւէ քայլ չի անում` զենք չի գնում, զորավարժություններ չի իրականացնում, մասնագետների փոխանակում չի արվում, կարճ ասած` խոսքի մակարդակում է ամեն ինչ, խոսքի մակարդակում էլ մնալու է: Այնպես որ՝ Հայաստանի շուստրիությունն Իրանում չի անցնելու: Իրանը ծուղակը չի ընկնելու: Եթե մենք պատրաստ չենք Սյունիք ու Արցախ պահել, Իրանը մեր փոխարեն երբեք չի անելու: