Ոչ միայն Խնածախը, այլ ողջ Հայաստանն է ականների վրա․․․

Ոչ միայն Խնածախը, այլ ողջ Հայաստանն է ականների վրա․․․

Խնածախը հայրական կողմով տատիկիս գյուղն է։ Նիկոլի պատերազմից հետո  դարձել է սահմանամերձ, ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել՝ հասնելով գյուղի ափերին, տեղակայվելով տներից 100-200մ հեռավորության վրա։ Առաջ, երբ գնում էի գյուղ, բոլորի դեմքին ժպիտ կար, ուրախություն։ Մինչև վերջերս էլ տատիս բարեկամները մեղր, կաթ, մածուն, պանիր էին բերում․․․

Վաղուց Երևանում եմ, բայց ինձ չեն մոռացել։ Մանկությանս մի մասը այդ չքնաղ գյուղի հետ է կապված եղել, բլուրների մեջ պատասպարված գյուղն իմ անհոգ ու խաղաղ մանկությունն էր։ Չգիտեինք՝ նախագահն ինչ է, վարչապետն ինչ է, միայն գիտեինք, որ անվտանգ ու խաղաղ ենք ապրում։ Նիկոլի գալուց հետո ամեն ինչ փոխվեց։  Հոշոտվեցին տարածքները։ Ադրբեջանցիների դիրքերն այնքան մոտեցան հայկական կողմի դիրքերին ու գյուղին, որ, ինչպես հարզատներս էին պատմում, ամեն պահի թշնամին սադրում, քարեր է նետում, անվայելուչ արտահայտություններ անում։ Մարդիկ ընկճվեցին, մի բուռ դարձան։ Մի երկու տարի առաջ ասում էին, որ ադրբեջանցիների հսկողության տակ է անցել 22 հա տարածք, այսօր՝ չգիտեմ։ Տունը, որտեղ ես գնում էի, հանգել է։ Մայրը՝ Սիլվան, ցավին չդիմանալով, մահացավ, ամուսինն էլ ծանր հիվանդ է։ Թուրքի պոստը հենց նրանց տան գլխին էր, վախենում էին ցերեկն անգամ դուռը բաց թողնել։ Երեխեքն էլ ցրվել են։ Նրանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր, արոտավայրերը կորցնելուց հետո էլ ի՜նչ անասուն․ ի՜նչ կով ու ոչխար, ի՜նչ մեղվի փեթակ։ Օրը ցերեկով ադրբեջանցին տանում էր։ 

Այսօր զոհված զինվորը Խնածախ գյուղից էր։ Երեք ամսից պիտի գար իր գյուղը, որ գյուղն ու տունը թշնամուց պաշտպաներ, որ չդատարկվեր գյուղը, որ մարդիկ ահով չքնեին ու վեր կենային։ Բայց Նիկոլի զուլումը ոչ միայն Խնածախ գյուղին է հասել, այլ ամբողջ Հայաստանը Խնածախի վիճակում է հայտնվել։ Ականների վրա նստած ենք ու չգիտենք քանի րոպե հետո է մեր տակի ականը պայթելու։ ՔԿ-ն տեղեկացնում է,  որ 2023թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված վիճակում: Սա էլ որերորդ դեպքը, երբ գրում  են, որ արագի մեջ քննություն է գնում ու արագի մեջ էլ լռվում են։ 

Քննությունը ու հերթական խոսքեր ասելը սովորություն է դարձել, հերթական օդ նետված խոսքեր, ժամանա՞կը չէ ասելու, որ Հայաստանը ականների վրա է։ Որ  ոչ միայն Խնածախը, այլ ողջ Հայաստանն է ականների վրա։ Մի տեղ 15 զինվոր է վառվում, մի տեղ կախվում, մի տեղ խփվում, մի տեղ ինքնասպանվում․․․ Ու բոլոր գործերով քննություն է գնում։ Ասեք, որ օղակի մեջ ենք, թշնամին մեր տարածքում մեզ «տիրություն է անում»: Ասեք, որ չեք կարող դուրս գալ թշնամու օղակից ու ձեր տեղը զիջեք նրանց, ովքեր մեզ կարող են փրկել։ Մաս- մաս հանձնելով, փրկության չեն հասնում, դա նման է մաս- մաս անդամահատման․․․ 

․․․ Իսկ Անդրանիկը պիտի գար ու Խնածախի ինքնապաշտպանությամբ զբաղվեր։ Չնայած ի՞նչ եմ ասում՝ մարդկանց անգամ ինքնապաշտպանվելու  հնարավորություն չեն տալիս։