Համատարած լռության պատվեր

Համատարած լռության պատվեր

Երբ Շիրակի մարզի Գետք գյուղի գյուղապետին հարցազրույց տալու համար աշխատանքից ազատեցին, դա մնաց ընդամենը տեղեկատվության սահմաններում։ ՔՊ-ական մեկը (ներող կլինեն, իրենց անուն ազգանունները  չեմ կարողանում մտապահել՝ ենթագիտակցաբար խնայելով ուղեղս), Ազգային ժողովում ասաց որ իր դիմումի համաձայն է գյուղապետը աշխատանքից ազատվել։ Այդպես էլ փակվեց այդ հարցը, ասես ոչ գյուղապետ էր եղել, ոչ նման գյուղ։  Ի՞նչ եմ ուզում ասել։ Այդպես գյուղ առ գյուղ, տարածք առ տարածք ՔՊ-ն «իրենով է անում» մի նպատակով՝ հանկարծ որևէ մեկը տեղեկատվություն չտա, թե ինչ է կատարվում Հայաստանի գյուղերում, մարզերում։ «Գող, սիրտը դող» ժողովրդական ասացվածը նման դեպքերին է վերաբերվում։ Երբ մարդը գիտի, որ ինքը հանցանք է գործում, դրա համար աշխատում է այնպես անել, որ ոչ ոք չիմանա։ Գետքը միակ գյուղը չէ, որտեղ չգիտենք, թե ինչ է իրականացվում, սահմանամերձ, թիրախավորված գյուղերի, մարզերի, քաղաքների բոլոր ղեկավարները այդ սկզբունքով են նշանակվում։ Ընտրությունից հետո նոր մարդ նշանակելը կամ ընտրվողին ձերբակալելը, մեկուսացնելը կոչվում է նշանակում։ Ինչևէ, Հրապարակը գրում է, որ «երեկ հայտնի դարձավ, որ ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հրահանգել է՝ հեռացնել փառքի անկյունները, հուշատախտակները, որտեղ ազատամարտիկների, ազգային հերոսների, զոհված զինծառայողների նկարներն են փակցված։ Արարատի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ քաղաքի կենտրոնում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները» ։ 

Այսօր Արարատից պաշտոնական մակարդակով  մակարդակով կարո՞ղ ենք ստանալ դրա հաստատումը։ Իհարկե, ոչ։ Դպրոցների տնօրեններից կարո՞ղ ենք իմանալ ճշմարտությունը, իհարկե ոչ։  Նրանք նշանակվել են՝ լռելու համար։ Եթե անգամ գյուղի կեսը հանձնվի, գյուղապետը  կասի՝ ո՞վ է ասում, տեղներդ նստած բաներ եք հորինում։ Երբ Իշխանասարում թշնամին դիրքավորվել էր, գյուղապետն ինձ ասաց՝ ախպորս արև նման բան չկա։  Նույնը մյուս գյուղերում։ Նույնը Ազգային ժողովում, մյուս կառույցներում։ Այն, որ լրագրողների առջևից պաշտոնյաները խրտնած փախչում են կամ թույլատրելի պատասխան են տալիս, վկայությու՞ն չէ, որ հրամայված է՝ լռել։ Պատասխանի բանալին Նիկոլ Փաշինյանի ձեռքում է։ Նա՛ է իմանում, թե ինչը ինչի համար է կատարվում։  Այն, որ այսօր չգիտեք, թե Մեղրիում, Վարդենիսում  ինչ պետական կառույցներ են փակվում կամ ձևախեղվում, ինչու՞ համազգային թեմա չի դառնում, դա ինչի՞ արդյունք է։ Այն, որ  նշանակված կադրերից որևէ մեկից չեք կարող իմանալ ճշմարտությունը, ինչի՞ արդյունք է։ Ինչու՞ այդ ամենը պիտի բնակչից, պատահական անցորդից կամ հարևան երկրից իմանանք։ Համատարած լռության պատվեր է իջեցված։ Անկախ այն բանից, թե ԿԳՄՍ նախարարը կամ գյուղապետը  հերքում է, անկախ այն բանից, թե այս պահին նման բան չկա, դա «հանրության արձագանքը ստուգելու   համար է արվում»։ Պատրաստ եղեք՝ մեր ազգային արժեքները  պաշտպանելու համար։ Կռիվը ներսում է։ Ամրոցի բանալին ներսում է։