Լեզվի կոմիտեն… ջնջում է

Լեզվի կոմիտեն… ջնջում է

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում միշտ ակտիվ է եղել: Այդ ակտիվությունը, անկասկած, եղել է հօգուտ հայոց լեզվի: Արդեն գիրք դարձած նրա բազմաթիվ հրապարակումներով սովորել են ֆեյսբուքյան բազում օգտատերեր: Եվ վաստակաշատ այդ մարդու՝ Լեզվի կոմիտեի նախագահ նշանակումով ակտիվությունը փոխանցվեց նաեւ կոմիտեին, որի ֆեյսբուքյան էջը շարունակեց Դ. Գյուրջինյանի լեզվաուսուցողական քաղաքականությունը: Սակայն ժամանակի հետ նկատելիորեն փոխվեց հրապարակումների որակը. հայտնվեցին անմշակ, անճաշակ, կասկածելի պնդումներով եւ, մանավանդ, ոչ գրագետ հայերենով շարադրված տեքստեր, ինչն առնվազն զարմանալի էր, եթե նկատի ենք ունենում, թե ի՛նչ կառույցում են պատրաստվում դրանք: Իբրեւ բանասեր՝ քանիցս արձագանքել եմ այդ գրառումներին, իմ զարմանքն ու տարակուսանքը հայտնել դրանց հատկապես լեզվական որակի վերաբերյալ: Ակտիվ արձագանքողի իմ այդ կեցվածքն է գուցե սկսել նյարդայնացնել կոմիտեականներին, եթե նրանք բռնել են իրենց անցանկալի հրապարակումները ջնջելու ճանապարհը: Փոխանակ ֆեյսբուքյան էջը դարձնեն ոչ միայն ուսուցողական նյութերի հրապարակման, այլեւ, ինչո՞ւ ոչ, լեզվաբանական բանավեճերի հարթակ, նրանք ընդամենը… ջնջում են:

Ստորեւ ներկայացնում եմ կոմիտեի վերջին գրառումներից երկուսը՝ իմ մեկնաբանություն-արձագանքներով:

«Տարբեր ՓՈՂ-եր

ԼսաՓՈՂ, կերակրաՓՈՂ, երկՓՈՂանի, գալարաՓՈՂ, ՓՈՂահար, եղջերաՓՈՂ, ՓՈՂրակ, ՓՈՂկապ եւ այլն: Այս բառերի արմատը ՓՈՂ-ն է, որի նախնական իմաստներն են՝ «խողովակ, կոկորդ, վիզ»: Խողովակաձեւ նվագարանը կոչվում է ՓՈՂ: Կոշիկի կամ գուլպայի ճիտքը անվանում են ՓՈՂ(ք):
Իսկ ՓՈՂո՞ցը: Պարզվում է, որ սա այլ բան չէ, քան տների շարքերի միջեւ գտնվող խողովակաձեւ անցք: Այսինքն այդ տարածքը նման է խողովակի, որի միջոցով անցուդարձ է կատարվում:
Այս ամենի հետ ամենեւին կապ չունի այն ՓՈՂ-ը, որը նշանակում է «դրամ»: Բառը հայերենին անցել է պարսկերեն «pul» արմատից: Սրա հնագույն եւ առաջին իմաստն է «ձկան թեփ», որի նմանությամբ էլ «pul»-ը հայերենում դարձել է ՓՈՂ՝ դրամ»:

Ահա իմ մեկնաբանությունը (ջնջված).

«Վա՛տ եք շարադրում, հարգելի՛ կոմիտեականներ: Ասում եք՝ «Այս բառերի արմատը ՓՈՂ-ն է…», այն դեպքում, երբ թվարկված բոլոր բառերը, բացի ՓՈՂ-ից, ունեն այլ արմատներ եւս, հետեւաբար ՓՈՂ-ն այդ բառերում ԸՆԴՀԱՆՈՒՐ արմատ է՝ ընդամե՛նը: Անհաջող եք մեկնաբանում ՓՈՂՈՑ բառի նշանակությունը. ի՞նչ է նշանակում՝ «տների շարքերի միջեւ գտնվող խողովակաձեւ ԱՆՑՔ (՞)», «որի ՄԻՋՈՑՈՎ անցուդարձ է կատարվում»:  ՄԻՋՈՑՈ՞Վ, իսկ գուցե ՄԻՋՈ՞Վ: ԱՅՍԻՆՔՆ մեկնական բառի վրա բութ է պետք դնել (տե՛ս/եք/) ձեր հաստատած համապատասխան կանոնը/, չեք դրել: Վերջում էլ ասում եք՝ «որի նմանությամբ էլ «pul»-ը հայերենում դարձել է ՓՈՂ՝ դրամ»: Ինչի՞ նմանությամբ՝ «ձկան թեփի՞»: Չէ՞ որ pul-ը ՓՈՂ է դարձել շատ սովորական տառադարձության ճանապարհով՝ պ-փ, լ-ղ»:
Կոմիտեի մյուս գրառումը.

«ԻՆՁ-ը նաեւ գոյական է

Երբ ասում կամ գրում ենք ԻՆՁ, հասկանում ենք «ես» դերանվան տրական հոլովաձեւը: Պետք է իմանանք, որ ԻՆՁ բառը բացի այս իմաստից ունի այլ բացատրություն եւս. ԻՆՁ-ը վագրի նման գազան է, որ տարբեր ուսումնասիրողներ անվանում են առյուծ, հովազ կամ վարազ: Գրականության մեջ հանդիպում է «ինծ, իւնձ, ունձ, ընծանն» ձեւերով: Այստեղից էլ՝ «ԸՆՁուղտ, ԸՆՁառյուծ, ԸՆՁախոտ» եւ այլն: Ահա թե որտեղից է շատերի համար անմեկնելի ԸՆՁ արմատը»:
Իմ մեկնաբանությունը (ջնջված).

«ԻՆՁ-ը այդ ե՞րբ է այլ խոսքի մաս, որ «նաեւ» գոյական է: ԻՆՁ-ը ՄԻԱՅՆ գոյական է, իսկ ԵՍ դերանվան տրական-հայցական ՀՈԼՈՎԱՁԵՎԸ խոսքի մաս չէ: Սա՝ վերնագրի մասին: Հիմա գանք այն աշխարհացունց պնդումին, թե ԻՆՁ կոչվող գազանին տարբեր ուսումնասիրողներ «անվանում են առյուծ, հովազ կամ վարազ»: Այդ ի՛նչ անգրագետ ուսումնասիրողներ են, որ ԻՆՁ-ը ՎԱՐԱԶ են դարձրել: ՃԻ՛ՇՏ ընթերցեք Աճառյանի Արմատականը»:

ՀԳ. Երբ արդեն ակնհայտ էր, որ Լեզվի կոմիտեն մասնագիտական թերացումներ ունի, եւ միշտ չէ, որ հրապարակում է օրինակելի տեքստեր, համագործակցության  առաջարկով դիմեցի Դ. Գյուրջինյանին (զրուցարանով), բայց արձագանք չստացա: Այս մասին գրում եմ՝ կանխելու համար հնարավոր մեկնաբանությունը, թե ես անձնական պատճառ ունեմ՝ քննադատաբար նայելու կոմիտեականների գրառումներին: Ոչի՛նչ անձնական, եղբայրներ ու քույրեր: Ուզածս ընդամենը մի բան է՝ գրագե՛տ գրեք:

ՀԳ 2․ Ներկայացված գրառումներում էլի թերիներ կան, բայց ես դրանց չեմ անդրադառնում՝ մտածելով, որ դա կարելի է անել, երբ կոմիտեականները կկամենան բանավիճել տողերս գրողի հետ (ոչ միայն) խնդրո առարկա տեքստերի շուրջ:

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ