Նախորդ իշխանությունների ներդրողներն այլևս ներդրում չեն անում

Նախորդ իշխանությունների ներդրողներն այլևս ներդրում չեն անում

Այս տարվա ապրիլին մշակույթի նախկին նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը տնօրենի պաշտոնից ազատեց Վանաձորի Հ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանին՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով գրականագետ Լուսինե Սահակյանին։   

Լ․ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պաշտոնավարման այս երկուսուկես ամիսների ընթացքում ուղղակի ապշել է թատրոնում տիրող քարանձավային վիճակից։ Նա նկատում է՝ թատրոնի հիմնանորոգման աշխատանքները պետք է սկսեին վաղուց, բայց դադարեցվեցին անհասկանալի պատճառներով։ Մասնավորապես ի՞նչ նկատի ունի։ «Մինչ հեղափոխությունը պատրաստ է եղել շենքի նախահաշիվը, եւ արդեն վերանորոգումը պետք է սկսվեր, նույնիսկ նկարները շենքի պատերից հանվել էին, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ երկրում տեղի ունեցան թավշյա գործընթացներ, եւ այն ներդրողները, ովքեր նախորդ իշխանությունների հետ էին հիմնականում համագործակցում, այս պահին թատրոնի վրա ներդրումներ չեն անում»,- ասում է նա ու հավելում, որ կազմված նախագիծ-նախահաշվով թատրոնի հիմնանորոգման եւ ջեռուցման համար անհրաժեշտ էր 343 մլն 500 հազար դրամ։  

«Այս պահին թատրոնն ունի միայն լոկալ ջեռուցման համակարգ։  Վատ վիճակում են գտնվում թե՛ թատրոնի կուլիսները, թե՛ բեմական հատվածը։ Հանդիսատեսը տեսնում է միայն այսբերգի վերեւի մասը, այն, ինչ իրականում կա, հանդիսատեսի աչքը չի հասցնում ֆիքսել։ Հանդերձարանում ամեն ինչն է խնդիր, նույնը՝ սանհանգույցներում, գրիմանոցներում, հարդասենյակներում։ Շատ լավ կլինի, որ հարդասենյակներում գոնե տաք ջուր լինի, որի բացակայությունն իրականում խնդիր է, որովհետեւ ներկայացումից հետո երբ դերասանը դուրս է գալիս, թաց անձեռոցիկի հույսին է մնում»,-ասում է Սահակյանն ու իր կողմից հարցադրում անում. «Այս ամենի մեջ կա անհասկանալի մի հարց՝ իսկ ինչո՞ւ մինչեւ հիմա այդ ամենը չի արվել»։  

Ամիսներ առաջ խոսվեց, որ նախորդ տնօրենի՝ Ագնեսա Շահնազարյանի ջանքերով արվել են որոշ բաներ, տանիքն այլեւս չի կաթում, այդպես չէ՞։ «Այո, տանիքը վերանորոգվել է «Տաշիր» բարեգործականի՝ Կարեն Կարապետյանի միջոցներով, երբեմն ինչ-որ տեղերից վնասվում ու նորից կաթում է, բայց, որպես այդպիսին, այլեւս խնդիր չէ։ Իրականում մեր թատրոնում ամեն ինչն է խնդիր։ Մեր տեխնիկան բավականին հնամաշ է, եւ այն լուսաձայնային տեխնիկան, որ ունի թատրոնը, այլեւս այսօրվա պահանջներին չի համապատասխանում։ Բոլոր ջանքերը պետք է ներդնել, որ կարողանանք հասնել նրան, որ այս թատրոնը կարողանա նորմալ կենսագործունեությամբ առաջ շարժվել»։    

2 տարի անց Վանաձորի թատրոնը կդառնա 90 տարեկան, եւ 90-ամյակի շեմին, ըստ Սահակյանի, արժե մտածել այն հիմնովին նորոգելու մասին, հատկապես որ 90 տարիների ընթացքում միայն կոսմետիկ է վերանորոգվել։ Նա ընդգծում է՝ թատրոնի հիմնանորոգման խնդիրը պետք է լուծել ցանկացած ճանապարհով՝ լինի դա պետություն, թե մասնավոր համագործակցություն․ «Ես ինչո՞ւ ասացի, որ ինձ համար անհասկանալի պատճառներով դադարեց վերանորոգումը, որովհետեւ թեկուզ մեր երկրում փոխվել է իշխանություն, բայց մշակույթը վերցնել ու դնել իշխող կուսակցության կողքին՝ ճիշտ չէ։ Վերջին հաշվով, թատրոնը սպասարկման ոլորտի հաստատություն է, եւ մենք սպասարկում ենք բոլորի շահը։ Եթե մենք ուզում ենք ունենալ առողջ սերունդ եւ հասարակություն, չենք կարող այդպես վարվել։ Մենք պետք է որդեգրենք զուտ հայամետ քաղաքականություն, եւ պետք չէ մշակույթը կապել քաղաքական դաշտի հետ»։

Թե՛ մարզային իշխանությունները, թե՛ մշակույթի նախարարությունը տեղյակ են թատրոնի խնդրին, ավելին՝  նախահաշիվը կազմվել է հենց իրենց պատվերով։ Արդյոք այս կամ հաջորդ տարվա բյուջեում հատկացում արվելո՞ւ է թատրոնին, թե՞ ոչ՝ հստակ տեղեկատվություն չունի․ «Զրուցել եմ մարզային իշխանությունների հետ եւ չգիտեմ ինչպես կստացվի, ամեն դեպքում՝ ցանկալի կլինի, որ 90-ամյակի շեմին ընդգրկվի կառավարության ծրագրում»։ 

Թատրոնի տնօրենի ԺՊ-ն ասում է, որ այս երկուսուկես ամիսը թատրոնի խնդիրներին ծանոթանալու փուլ էր իր համար․ «Թատրոնը բարդ օրգանիզմ է, կան բազմաթիվ խնդիրներ, կոնֆլիկտներ, որոնք երբեմն առաջին հայացքից կարող են անլուծելի թվալ, բայց բոլոր թատրոնների համար էլ դա բնական վիճակ է։ Սակայն որպեսզի ապահովվի թատրոնի բնականոն կենսագործունեությունը, գուցե ցավոտ լինի, բայց վիրահատական միջամտությունները երբեմն անխուսափելի են լինելու։ Դա կարող է լինել մտածողության մեջ, կադրային եւ բոլոր առումներով։ Ինձ համար գերնպատակը կադրային քաղաքականության մեջ վիրահատություն անելը չէ, այլ՝ մարդու մտածողության մեջ»։  

Հակառակ շենքային անմխիթար պայմաններին, թատերախումբը նախապատրաստում է 3 նոր ներկայացում։ Նոր թատերաշրջանին ընդառաջ հանդիսատեսի դատին կհանձնվի թատրոնի դերասան, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի «Սմբակներ» աբսուրդի դրաման եւ «Սեր, թե քուանշ» պիեսները, ինչպես նաեւ Արշակ Սեմիրջյանի «Թանկարժեք դիակ» պիեսի բեմադրությունը. «Կապ չունի, որ մենք վատ պայմաններում ենք աշխատում, կարեւորը՝ շարունակում ենք ստեղծագործել եւ ձեռքներս ծալած չենք նստում-սպասում, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղից կգա ու մի լավ բան կանի։ Վերջերս, երբ Լիբանանի թատերախումբը Հայաստանում էր, իրենց հետ ունեցանք բավականին արդյունավետ համագործակցություն եւ գուցե ոչ շատ հեռու ապագայում հրավեր ստանանք՝ Բեյրութ մեկնելու»։

Թատրոնի գեղղեկավար Վահե Շահվերդյանն էլ նախաձեռնել է Թումանյանի «Անուշ» պոեմի բեմադրությունը, որը հանդիսատեսը կարող է դիտել սեպտեմբերի 2-րդ կեսից։ Թե ինչպես են իր եւ Վահե Շահվերդյանի հարաբերությունները, ով ամիսներ առաջ հանդես եկավ ի պաշտպանություն նախկին տնօրենի՝ ասելով, թե նախարարությունը սխալ արեց՝ նրան ազատելով պաշտոնից, Սահակյանն ասաց. «Կարծում եմ՝ վատ հարաբերություններ չունենք։ Իրականում ցանկացած նոր մարդ ընդունվում է մեծ դժվարությամբ։ Երբ մարդը գործը սկսել է ու կիսատ է թողել, բնական է, որ այն միջավայրում, որտեղ ինքը գործունեություն պետք է ծավալեր, պիտի դժգոհ լինեին, բայց թրերով չեն ընդունել իմ մուտքը։ Ներքին դժգոհություններ գուցե ունեցել են, բայց, այնուամենայնիվ, նկատելի լինելու չափ դրանք ինձ չեն բարձրաձայնել»։ Թատրոնի տնօրենի ԺՊ-ն հավելեց, որ տնօրենի պաշտոնի մրցույթ հայտարարվելու պարագայում ինքը կմասնակցի դրան։