Զրույց երջանկության շուրջ. մեր կյանքը մեր ընտրությունն է

Զրույց երջանկության շուրջ. մեր կյանքը մեր ընտրությունն է

Երջանկության մասին երազում են բոլորը, եւ յուրաքանչյուրի համար այն իր ուրույն ու սուբյեկտիվ ընկալումն ունի: Մենք այն հաճախ փնտրում ենք դրսում, ակնկալում ստանալ շրջապատից, բայց արի ու տես, որ երջանկությունը մեր ներսում է, եւ մեծամասամբ այն մեր կատարած ընտրության արդյունքն է: 

«Եթե մարդն ուզում է երջանիկ լինել, նա ամեն ինչ կանի դրա համար,- մեզ հետ զրույցում ասաց հոգեբան Անի Հովհաննիսյանը,- եթե կյանքը քեզ կիտրոն է ուղարկում, սովորիր դրանից լիմոնադ պատրաստել ու հաճույք ստանալ: Թե որքանով է մարդը կարողանում կյանքի` իրեն տված հաջողությունները վայելել ու դժվարություններից փորձառություն կուտակել, իր ընտրության հարցն է: Անշուշտ, կան դժվարություններ, որոնք մեծ էներգիա են տանում, բայց պետք է կարողանալ իրավիճակը ճիշտ գնահատել ու քայլեր ձեռնարկել: Եթե խնդիր ունենք, պետք է գնալ խնդրի լուծման ուղղությամբ»:

Նկատում է` սովորաբար մարդն ապրում է անցյալի հուշերով կամ պլաններ գծում ապագայի համար` փոխանակ ներկայով ապրելու: Ապագայի վերաբերյալ մեր վախերը, անցյալին կառչելը չեն թողնում շարժվել առաջ: Ներկայով չապրելն ինքնին կորցնում է իր մեջ «ապրել» բառի բուն իմաստը, հատկապես, եթե խոսում ենք երջանկության մասին, որի գրավականներից մեկն էլ այս պահին կարողանալն է երջանիկ լինել, պահը գնահատել ու ներկայում լինել: Ներկայով ապրել ու այն վայելել մեզ կարող են սովորեցնել երեխաները, քանի որ նրանց համար գոյություն չունեն անցյալ ու ապագա, իրենք այստեղ եւ հիմա են:

Հաճախ մենք մեր անհաջողությունները բարդում ենք ճակատագրի վրա: Վստահ է` այս մոտեցումը մարդուն ազատում է պատասխանատվությունից. «Մարդը պատասխանատու ընտրություն կատարող էակ է, եւ մենք ամեն քայլափոխի անում ենք այդ ընտրությունը, նույնիսկ այն դեպքում, երբ մտածում ենք, որ ոչինչ հնարավոր չէ փոխել, սա է իմ ճակատագիրը, դա էլ մեր ընտրությունն է: Այդ դիրքորոշումը հաճախ արդարացման միտում ունի եւ բնորոշ է այն մարդկանց, ովքեր ունեն ցածր ինքնագնահատական եւ ինչ-որ քայլերից խուսափելու համար  հակված են մտածելու, որ դա իրենցից անկախ է: Բայց մեր կյանքում մեծամասամբ մեր ունեցածն այն է, ինչին մենք հասել ենք, անկախ այն բանից` դա գոհացնում է մեզ, թե` ոչ»: 

Ներդաշնակ ու երջանիկ

Առավել կարեւոր է բավարարվածության հարցը` որքանով է անձը բավարարված ու ներդաշնակ ինքն իր ու շրջապատի հետ: Ներդաշնակ մարդը երջանիկ է` վստահ է: Ներդաշնակությունը բոլոր այն ոլորտներում է, որտեղ կա տվյալ անձը: Դեռահասի, երեխայի համար դա դպրոցն է, ընտանիքը, խմբակները,  մեծահասակներից մեկի համար` ընտանիքն ու երեխաները, մյուսի համար էլ միայն դա բավարար չէ ներդաշնակ զգալու համար, իրեն մասնագիտական հաջողություններ էլ են պետք: «Պետք է կարողանալ ճիշտ ժամանակին դնել ճիշտ նպատակներ եւ հնարավորություններն ու սպասելիքները համապատասխանեցնել իրար: Երբեմն մարդիկ հեռահար նպատակներ են դնում` կարծելով, որ դրա իրականացումից  հետո երջանիկ կդառնան, սակայն երջանկություն կարող է բերել նաեւ այն ճանապարհը, որը տանում է դեպի այդ նպատակը: Պետք է կարողանալ հաճույք ստանալ ոչ միայն ձեռքբերումից, այլեւ դեպի այդ ձեռքբերումը տանող ճանապարհից»: Հիշեցնում է` ցանկացած իրավիճակում լուծման ճանապարհներ կան, կարեւոր է, թե որ ճանապարհն ենք մենք ընտրում: Եթե մնում ենք հոգսերի ու ծանր կյանքի տակ, դա էլ մեր ընտրությունն է, իսկ այլընտրանքներ միշտ կան: 

Երեխայի երջանկության ճամպրուկը

Հաճախ հասուն տարիքում մարդը չի կարողանում երջանիկ լինել, քանի որ այդ մոդելը չի տեսել մանկությունում կամ երջանիկ երեխա չի եղել: «Եթե ուզում ենք ունենալ երջանիկ երեխա ու հետագայում երջանիկ մեծահասակ, պետք է շատ սիրել երեխային: Ուժեղ ու երջանիկ լինելու առաջին նախապայմանը սիրո հուզական արտահայտումն է ծնողի կողմից»,- հորդորում է հոգեբանը` հավելելով` ծնողները պետք է այնպես ապրեն, որ կարողանան լավ օրինակ լինել իրենց երեխաների համար: Պետք է կարողանան երեխային փոխանցել երջանիկ լինելու մոդելը: Շատ հաճախ հայ ծնողներն ամեն բան զոհում են` հանուն երեխայի երջանկության, սակայն իրականում երեխային փոխանցում են զոհի կերպար: Թվում է` շատ բան են անում երեխայի համար, սակայն երեխան` որպես ապագա հայր կամ մայր, տեսնում է զոհի կերպար: Այդ կերպարում երջանիկ լինելը գրեթե անհնար է: Եթե ուզում եք, որ ձեր երեխաները երջանիկ լինեն, փորձեք ինքներդ երջանիկ լինել: Կարեւոր չէ, թե ինչ կասեք երեխային, շատ ավելի կարեւոր է, թե ինչ կտեսնի երեխան ձեր մեջ: Խորհուրդ է տալիս սովորել ու սովորեցնել երեխային փոքր հարցերում ուրախանալ, երջանկանալ բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններով, երջանկությունը տեսնել փոքր հաճույքների մեջ: 

Երջանկությունն ու յոգան

«Ամբողջությամբ մարդն է կերտում իր ճակատագիրը,-վստահեցնում է «Սատտվա յոգա ստուդիոյի» հիմնադիր, յոգայի ուսուցիչ, նատուրոպատ Նարինե Բաղդասարյանը։- Պետք է սկսել ինքնակատարելագործման հոգեւոր պրակտիկաներից ու սկսել փոքր տարիքից: Ես` որպես յոգ, կարծում եմ, որ միայն ինտելեկտը չէ, որ մարդուն մարդ է դարձնում: Մարդը կարող է լինել լուրջ ինտելեկտուալ, ունենալ լուրջ գիտելիքներ, սակայն չունենալ հոգեւոր ոչ մի գիտելիք եւ լինի հոգեւոր առումով անտառաճանաչ: Հենց այդտեղից էլ մարդը սկսում է իր կյանքը քանդուքարափ անել եւ հետո քաղել հետեւանքները»: Կարեւորում է մարդու մտքերն ու գործողությունները: Եթե մարդու մտքերը նույնիսկ գործողության չեն վերածվել, բացասական ինֆորմացիա ու էներգետիկա ունեն, բացասական ազդեցություն են ունենում մարդու ճակատագրի վրա: Մարդը չի էլ կարող պատկերացնել, որ իր ասած վատ բառը կամ իր վատ միտքը կարող են իր կյանքը փչացնել: Դա գործում է էներգետիկ օրենքների համաձայն: 
«Յոգան փիլիսոփայություն է, ապրելակերպ է, որը հնարավորություն է տալիս մարդուն ինքնակատարելագործվելու,- նկատում է, հետո ավելացնում։ -Մարդը մարմին է, հոգի է, ոգի է, նուրբ կառույց է, եւ այդ կառույցին ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար անպայման պետք է հոգեւոր գիտելիք, բացի այն, որ մարմինդ ես մարզում, նաեւ մաքրում ես միտքդ, կողքից հետեւում ես քո բացասական մտքերին, գիտակցում ես սխալներդ եւ սկսում ուղղել այդ սխալները: Միտքը պետք է կառավարի մեր հույզերը: Իսկ ըստ արեւելյան փիլիսոփայության` երջանկությունը մարդու ներսի վիճակն է, գիտակցության վիճակն է: Մարդը միշտ երջանկությունը փնտրում է դրսում, բայց երջանկությունը մեր ներսում է: Երջանկությունը պայմանավորված չէ նյութով, նույնիսկ` էմոցիոնալ նյութով»: Երջանիկ լինելու համար կարեւորում է ազատագրվելու, բաց թողնելու արվեստը, երբ մարդը կարողանում է անցյալի հետ աշխատանք կատարել եւ այն բաց թողնել: Ասում է` պետք է գրքի նման անցյալը կարդալ, անել եզրակացություններ եւ փակել այդ գիրքն ու դեն նետել: Չէ՞ որ անցյալը տանում է մեր էներգիան, որն անհրաժեշտ է ապագայի համար: Ամենակարեւորն է՝ լինել ներկայի մեջ: Մարդու միտքը թռչում է կա՛մ անցյալ, կա՛մ ապագա, այն երբեք ներկայի մեջ չէ: Վստահ է` բաց թողնել կարողանալն արդեն երջանկություն է: 

Խորհուրդ կանանց՝ յոգից

Կնոջ գերխնդիրն այն է, որ նա չի կարողանում վիրավորանքները բաց թողնել ու հանել իր սրտից: Ուղղակի պետք է փակել այդ էջն ու հասկանալ` ով ինչ էր ուզում, անել համապատասխան եզրակացություններ մարդկանց որակների մասին, այդ մարդկանց կա՛մ թողնել կյանք, կա՛մ չթողնել: Անպայման ինքնաիրացնել այն էներգիան, որը բնությունը դրել է քո մեջ, կնկարես, կերգես, կպարես, շյուղագործությո՞ւն կանես, թե՞ ուղղակի ընկերուհու հետ կզրուցես, դա հենց հոգու էներգիայի դրսեւորումն է: Երբ մարդը չի զբաղվում բնությունից իր մեջ դրված մասնագիտությամբ, ապա լողում է գետի հակառակ ուղղությամբ, որը բերում է բազմաթիվ հիվանդությունների: Իսկ երբ մարդն ինքնաիրացվում է այն ոլորտում, որը բնությունից իր մեջ դրված է, ինքն առողջ է լինում թե՛ հոգով, թե՛ մարմնով:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ