«Թավշյա հեղափոխությունը»՝ նաեւ անգլերեն

«Թավշյա  հեղափոխությունը»՝ նաեւ անգլերեն

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը թարգմանվել է նաեւ անգլերեն: Գրքում ներկայացված են վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրի քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչեւ Երեւան, մինչեւ մայիսի 8-ը, երբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Գիրքը լույս է ընծայվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ:

 

Անգլերեն տարբերակը լույս է տեսել նոյեմբերի 13-ին: Այն արդեն իսկ ներկայացվել էր հայերեն եւ ռուսերեն տարբերակներով եւ մեծ հետաքրքրություն առաջացրել Հայաստանի եւ երկրի սահմաններից դուրս: Գիրքը ներկայացվել է նաեւ 2018 թ. Մոսկվայի գրքի միջազգային փառատոնի շրջանակում:

 

«Հայկական թավշյա հեղափոխություն»-ը բաղկացած է երկու մասից: Առաջին մասն ընդգրկում է յոթ գլուխ, որոնցում հեղինակային վերլուծություններ են Հայաստանում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների վերաբերյալ՝ սկսած 2018 թվականի մարտի 31-ից մինչեւ մայիսի 8-ը: Երկրորդ մասի հինգ գլուխները նվիրված են հիմնական ակցիաների, ընդդիմության եւ իշխանությունների գործողությունների ժամանակագրությանը, որը շատ կարեւոր ու անհրաժեշտ է, որպեսզի դրանք պահպանվեն եւ փոխանցվեն մեր քաղաքացիների ապագա սերնդին: Պաշտոնյաների եւ ընդդիմության շատ գործողություններ մատուցված են հեղինակի մեկնաբանություններով ու գնահատմամբ: Ներառված են նաեւ հայկական թավշյա հեղափոխության օրերը ներկայացնող լուսանկարներ: