Ավիացիան հեղափոխական ոլորտ չէ

Ավիացիան հեղափոխական ոլորտ չէ

Հունիսի 4-ին «Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովը, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր ելույթում շնորհակալություն հայտնելով արգենտինահայ գործարար, ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին՝ «Զվարթնոց» օդանավակայանը վերակառուցելու եւ մյուս աշխատանքների համար, Փաշինյանը նաեւ նշեց, որ արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ քաղավիացիայի ոլորտում կարեւորելով, Գյումրիի օդանավակայանի հնարավորինս արագ գործարկումը։ Վարչապետը, մյուս կողմից, ցավով նկատեց, որ ՀՀ-ում տեղական ավիափոխադրողների գործունեությունն ու ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին մենք կցանկանայինք, որ լինեին, կամ ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին։
Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ, այժմ «Զվարթնոց» օդանավակայանի փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե վերջին մեկ տարվա ընթացքում ինչ է փոխվել այս ոլորտում թե՛ «Զվարթնոցի» մակարդակով, թե՛ քաղավիացիայի։

- «Զվարթնոցի» համար այս տարին  շատ կարեւոր էր, որովհետեւ վերանորոգել ենք եւ ամբողջությամբ վերակառուցել վազքուղին, որը բավականին խոշոր ներդրում է։ Խոսքը շուրջ 10 մլն դոլարի մասին է։ Հաջողությամբ ավարտվել են աշխատանքները, եւ օդանավակայանը մտել է իր բնականոն հունի մեջ։ Առհասարակ, վերջին մեկ տարվա մասով կարող եմ ասել՝ դրական դինամիկան, որ ժամանակին կար ուղեւորահոսքի աճի տեսանկյունից, այսօր շարունակվում է, մենք ունենք կայուն ուղեւորահոսքի աճ։ 

- Երբ նայում ենք քաղավիացիայի տեսանկյունից, հեղափոխությունը որքանո՞վ է նպաստել ոլորտի զարգացմանը։

- Ես կարծում եմ՝ որեւէ շրջադարձային իրադարձություն ավիացիայի ոլորտում քաղաքականության փոփոխության իմաստով տեղի չի ունեցել, եւ այն փաստը, որ ավիացիայի զարգացումը պետք է նպաստի ներգնա զբոսաշրջության զարգացմանը, շարունակում է լինել այդպիսին, ինչի մասին վկայում է նաեւ ուղեւորահոսքի աճը։

- Վարչապետն ասաց, որ իրեն չեն գոհացնում տեղական ավիափոխադրողների գործունեությունն ու ծավալները։ Ի՞նչ է պետք անել այս ուղղությամբ։

- Ըստ էության, երեւի թե ոչ մեկիս չի գոհացնում այն, ինչ մենք ունենք տեղական ընկերությունների առումով, եւ, անշուշտ, ՀՀ բոլոր քաղաքացիները կուզենային տեսնել այլընտրանքային վիճակ։ Խոսքը, ըստ էության, մասնավոր ներդրման մասին է, եւ այն տնտեսվարողը, որ պատրաստվելու է տեսականորեն անել այդ ներդրումը, պետք է ունենա իր հաշվարկները։ Խոսքը բազմամիլիոն ներդրումների մասին է, որովհետեւ ավիացիան էժան ոլորտ չէ։ Որեւէ խոչընդոտ, անշուշտ, չկա, զուտ ֆինանսական հաշվարկների եւ տնտեսական տրամաբանության հարց է։

- Քաղավիացիայի կոմիտեի նոր նախագահին հաջողվո՞ւմ է այս հարցում հեղափոխական քայլեր իրականացնել։

- Ես չեմ կարծում, որ ավիացիան այն ոլորտն է, որտեղ պետք է հեղափոխական քայլեր անել, որովհետեւ մանավանդ Հայաստանի համար այդ ոլորտը շատ կարեւոր է, ինչպես վարչապետը նշեց՝ ռազմավարական է, եւ կտրուկ քայլեր անել տվյալ ոլորտում, ես կարծում եմ, ճիշտ չի լինի։ Համենայնդեպս, ինչպես նշեցի, ոլորտն իր բնականոն տրամաբանությամբ զարգանում է, ինչը շատ ուրախալի է։

- Մշտապես խոսվում է Հայաստանից թռիչքների գների բարձր լինելու մասին, պատճառների թվում նշվում է մեր օդանավակայանի սպասարկման գների բարձր լինելը՝ ի տարբերություն, օրինակ, Թբիլիսիի օդանավակայանի։ Ինչո՞ւ է այդպես։

- Ես դրա մասին ժամանակին էլ եմ ասել․ «Զվարթնոց» օդանավակայանը եթե տարածաշրջանում ամենաէժանը չէ, ապա հաստատ «Զվարթնոցից» ավելի թանկ օդանավակայաններ կան։ Եթե մենք խոսում ենք «Զվարթնոցի» բուն սակագների մասին, որովհետեւ շատ հաճախ տարբեր սակագներ խառնելով «Զվարթնոցի» սակագների հետ, ստացվում է, որ մեր օդանավակայանն ամենաթանկն է տարածաշրջանում եւ այլն, եւ այլն, դա բացարձակապես ճիշտ չէ։ Օդանավակայանի սակագները հրապարակված են օդանավակայանների կայքերում, որտեղ ցանկացած մարդ կարող է այդ հաշվարկն անել, ինչը, ըստ էության, մաթեմատիկորեն ճշգրիտ դուրս եկող հաշվարկ է։ 

- «Զվարթնոցի» գները Թբիլիսիի օդանավակայանից ավելի ցա՞ծր են։

- Գրեթե նույն գնի են։

- Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ Թբիլիսիից նույն ուղղությամբ թռիչքներն ավելի էժան են, քան Հայաստանից։

- Վրաստանի ավիացիոն շուկան ավելի հագեցած է, Վրաստանի ավիացիոն շուկան ավելի մրցակցային է, Վրաստանի ավիացիոն շուկայում եվրոպական ավիաընկերությունների եւ թուրքական ավիաընկերությունների ներգրավվածությունն ավելին է, քան Հայաստանում։ Մրցակցությունն է, որ բերում է որոշ ուղղությունների գների ցածր լինելուն։ Հայաստանից էլ կան ուղղություններ, որոնք ավելի էժան են, քան Վրաստանում։ Եվ, առհասարակ, եթե ինչ-որ մեկը մոնիտորինգ անի ավիատոմսերի գները՝ համեմատական անցկացնելով, այլ ոչ թե ուղղակի լսելով բամբասանքային բաներ, կտեսնի, որ այդպես չէ։ Սա միանշանակ է։

- Ի՞նչն է խանգարում, որ մենք էլ ունենանք Վրաստանի ավիացիոն շուկայի նման հագեցած, մրցակցային շուկա, Հայաստանն էլ է Վրաստանի նման նորանկախ եւ փոքր պետություն, թերեւս միայն ծով չունենք։

- Ես կարծում եմ՝ Հայաստանը պետք է ավելի ճանաչելի դառնա որպես զբոսաշրջային ուղղություն աշխարհով մեկ, եւ ներգնա հոսքերը զբոսաշրջային, որ սկսեն ավելանալ, տրամաբանորեն այն ինքնին կբերի․․․ հասկանո՞ւմ եք, ավիաընկերությունն առանց ուղեւորահոսքի չի կարող գոյատեւել, եթե չկա պահանջարկ, ապա ավիաընկերությունը չի լինի, եթե լինի էլ, կհեռանա շուկայից։ Իսկ եթե կա պահանջարկ, ապա միանշանակ իմացեք՝ ցանկացած ավիաընկերություն, տեսնելով փող աշխատելու հնարավոր տեղ, միանգամից մտնելու է տվյալ շուկա։ Սա երեւի թե բազմաշերտ եւ կոմպլեքս հարց է, որի պատասխանը պայմանավորված չէ մեկ, երկու, երեք հանգամանքով։