Մանվել Գրիգորյանի գործով դատավորն ինքնաբացարկ չհայտնեց

Մանվել Գրիգորյանի գործով դատավորն ինքնաբացարկ չհայտնեց

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ գործով նիստը: Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին՝ կողմնակալ լինելու կասկածներ ունենալու հիմքով. «Մեր պաշտպանյալի մասնակցությունը նիստերին արգելելը թույլ է տաիս ենթադրել, որ այս գործով պատվեր է իջեցվել դատարանին, դատավորն ունի անաչառության խնդիր»,- ասաց Բաղդասարյանը:

Մեղադրող կողմը առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ այն անհիմն է և ենթակա է մերժման,- ասաց Վահե Դոլմազյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: 

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ, այս անգամ կալանքի վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: