ԱԺ ընտրությունների անվան ներքո ՀՀ-ում տեղի է ունեցել ավտորիտար համակարգի վերբեռնում․ ԵԾ հայտարարություն

ԱԺ ընտրությունների անվան ներքո ՀՀ-ում տեղի է ունեցել ավտորիտար համակարգի վերբեռնում․ ԵԾ հայտարարություն

Ավտորիտարիզմի վերբեռնում

2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ» անվան ներքո Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել գործող ավտորիտար համակարգի վերբեռնում:  
Աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում՝ Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի կողմից իրականացվող իշխանության վերբեռնումը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում, կեղծ վախեր սերմանելով՝ «ընտրության» անվան ներքո դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել հայ ազգի քաղաքական ընտրության հնարավորության արգելափակում: 

Վերբեռնումն ընթացել է Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ` 
    • իր ռեժիմի սպասարկուների միջոցով և նրանց ռեսուրսների օգտագործմամբ (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի և «ՀՀԿ»-ի միջև ցուցադրելով կեղծ պայքար` հեղափոխական և հակահեղափոխական, սև և սպիտակ, դուխով և խելքով...), 
    • նախագծված սուպերվարչապետական ավտորիտար քաղաքական համակարգի կանոններով (2015 թվականի ՀՀ Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք), 
    • ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 անձանց ցուցակով,
    • ՀՀ ԿՀԸ-ի ղեկավար Տիգրան Մուկուչյանի  հանցավոր մասնակցությամբ:

Գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, կրկնեցին նախորդներին և փաստացի յուրացրեցին օրենսդիր իշխանությունը:

Ավտորիտարիզմի վերբեռնումը տեղի է ունեցել ընտրական ռեգիստրում գրանցված անձանց  50 %-ից էլ պակաս  մասնակցությամբ:

Ընտրություններին արցախցիների և օտար երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների չմասնակցելն ու խորհրդարան անցնելու ընտրական բարձր շեմը զրկել են հայ ազգի առավել մեծ հատվածին` Ազգային ժողովում ներկայացված լինելու հնարավորությունից: 

Այս իրողությունները մենք գնահատում ենք որպես ավտորիտարիզմի ևս մեկ ժամանակավոր հաղթանակ հայ  ազգի հանդեպ:

Հայ ազգի արդար ցասումը արդի պատմության ընթացքում՝ սկսած 88-ից, չի արձանագրել մեր բաժան-բաժան եղած հողի և ազգի իրական միացում: 

Ավտորիտարիզմի վերբեռնումը չի լուծելու մեր ազգի և պետականության առջև առկա հրատապ մարտահրավերները` պատերազմը և տնտեսության գահավիժումը:

Ուստի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հայ ազգի համակենտրոնացում (մոբիլիզացիա)՝ Հայկական Մեծ իրական  հեղափոխություն իրականացնելու համար: 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն