Պաթոլոգիկ ստի մասին 

Պաթոլոգիկ ստի մասին 

Քանի որ ՀՀ իշխանության քաղաքական զենքը դարձել է խրոնիկ ստախոսությունը և մարդիկ արդեն չեն գտնում  ստի սահմանը, հարկ է ներկայացնել մի քանի պարզ հնարք, որով կարելի է հասկանալ, որ մարդը սուտ է խոսում։ 

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ամեն ելույթից,  հայտարարությունից հետո հանրությունը վրդովվում է նրա ներկայացրած փաստերից, բայց քանի որ նրա «սուտը բռնելու համար» որոշակի խոր գիտելիքներ են պետք բանակցությունների կամ այլ թեմաների մասին, մարդիկ մոլորվում են։ Այստեղ կարևորվում է մասնագետների բացատրությունը , վերլուծությունը, որոնք շատ հաճախ լինում են բարդ, տրաֆարետային և շարքային քաղաքացին գլուխ չի հանում նման մեկնաբանություններից։ Ի տարբերություն նրանց, Նիկոլ Փաշինյանը մի քանի հերթապահ «ստերով» երկար ժամանակ կարողանում է կերակրել ժողովրդին։  Երեկ ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի  ստախոսության թեմային․ «Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, և եթե դրանով զբաղվում է բարձր պաշտոնյան, նա է դառնում չարիք: Երկրորդ՝ սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է, իսկ այնտեղ զրպարտանքի շատ մեծ չափաբաժին կար: Երրորդ՝ հոգեբաններն ասում են, որ ստախոսները ի վերջո գալիս են՝ հասնում մի հանգրվանի, երբ իրենք են սկսում իրենց ստերին հավատալ, բայց կա մի հուսադրող հանգամանք. Նրանք նաև ասում են, որ դա ստախոսության վերջին փուլն է: Հույս ունեմ, որ մենք գտնվում ենք այդ վերջին փուլում»:

2018-ից ցայսօր ականատես ենք ստախոսության տարբեր փուլերի։ Շարքային քաղաքացին անընդհատ շփոթվում, մոլորվում և չի կարողանում դուրս գալ այդ որոգայթից։ Մի քանի պարզ հնարք եմ ներկայացնում, որով կարող եք առաջնորդվել։ Դրանք ամբողջացրել եմ լրագրողների,  պատգամավորների հետ նրա հարցազրույցները ուսումնասիրելուց։  

-Երբ ստախոս ղեկավարին հարց են տալիս,  նա շատ ուշադիր հետևում է հարց տվողի դեմքին, նրան պահում է ուշադրության կենտրոնում։ Պատճառն այն է, որ նա ուզում է հասկանալ՝ կարողացա՞վ դիմացինին «համոզել»։ Հիշեք լրագրողների հետ Նիկոլ Փաշինյանի հարց ու պատասխանները, երբ նա աչքը չի կտրում հարց տվող լրագրողից։ Անգամ հարցին պատասխանելուց հետո իբր ինչ որ բան է հիշում և կրկին փորձում նրան «համոզել»։   

- Երբ հարց եք ուղղում կոնկրետ թեմայի մասին,  նա խոսում է այլ բաներից  այնքան, որ մոռացվում է տվածդ հարցը։ Խոսում է անօգուտ, հարցին չվերաբերվող պատմություններից։ Ի վերջո հարցիդ պատասխանը լինում է ոլորապտույտ ճանապարհներով մի շրջապտույտ, որից ոչինչ չես հասկանում ու մտածում ես, թե ինչու՞ այդքան երկար ու տանջալից ճանապարհով գնացիք ու տեղ չհասաք։ Ծանոթ պատմություն է, չէ՞։ 

- Ուշադիր հետևել աչքի շարժումներին։ Աչքերը մտածողության հայելին են։ Հատկապես երբ աչքերը բարձրացնում է վեր՝ երևակայական ինչ որ բան հիշելու, ուրիշներին մեղադրելու իմաստ ունեն․․․ Օգտագործում է՝ չեմ հիշում որ թվին, գուցե շփոթում եմ օրը, ինչ որ մեկն ինձ ասաց․․․ արտահայտությունները։ Իսկ երբ աչքերը աջ ու ձախ է շարժում, պետք հասկանալ, որ նա ենթադրյալ մեղավորներ է փնտրում։ Աջ շրջելու դեպքում փորձում է հիշել այն, ինչ լսել է, երբ ձախ է շարժում և ներքև է ուղղում, ստուգում է հույզերը զգացողությունները, վերլուծում է իրավիճակը՝ որքանո՞վ կարողացավ դիմացինին ,, համոզել,,։

- Եվ վերջապես, երբ  ստային ողջ ռեզերվով անգամ  չի կարող համոզել դիմացինին, ասում է՝ փակագծեր չեմ բացում․․․ Իբր կարող է պետական գաղտնիք պարունակող լուր հրապարակել։ Նույն բանն արդեն անում են նրա կատարածուները։

Կարելի է շատ հնարքներ բացահայտել, բայց կարևոր է մի բան ամրագրել՝  մեր պարագայում մենք գործ ունենք պաթոլոգիկ ստի հետ։ Դա ցավ, ախտ, տառապանք է և սովորական ստախոսություն չէ։ Պաթոլոգիկ սուտը սուտ ինֆորմացիա հաղորդելու, ֆանտաստիկ պատմություններ ստեղծելու պաթոլոգիկ հակում է։ Սովորաբար առաջանում է, երբ անհատը ցանկանում է ուշադրություն սևեռել իր անձի վրա, այլ կերպ ասած, ցանկանում է ցույց տալ սեփական անձի կարևորությունը։ Պաթոլոգիկ ստախոսները կարող են գիտակցել, որ ստում են, և կարող են հավատալ այն ամենին, ինչն ասում են իբրև ճշմարտություն։ 

Նիկոլ Փաշինյանը ուշադրություն գրավելու ախտով է տառապում։ Նա կարող է անգամ իրեն վնասող սելֆիներ տարածել, որպեսզի հանրությունը խոսի իր մասին։ 
Սերժ Սարգսյանը խոսում է պաթոլոգիկ ստի մասին, երբ դրանից այն կողմ բան չկա։ Ու դա համարում է վերջին փուլը, որովհետև դրանից այն կողմ ստելու տեղ չկա։  Հուսանք, որ դա վերջին փուլն է, որովհետև գործ ունենք հոգեբանների ուշադրությունից դուրս մնացած երևույթի հետ։