Զապորոժիեի ատոմակայանի պայթեցումից մինչեւ միջուկային պատերազմ կես քայլ կլինի

Զապորոժիեի ատոմակայանի պայթեցումից մինչեւ միջուկային պատերազմ կես քայլ կլինի

Վերլուծելով Ռուսաստանի ծավալած «հատուկ ռազմական գործողության» ողջ ընթացքը, առավել եւս՝ Ուկրաինայի կողմից երկար խոստացված եւ հունիսի սկզբից գործարկվող հակահարձակման ընթացքը, կարելի է եզրակացնել, որ ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ հենց Ուկրաինան հանգել են այն կարծիքին, որ նման հակահարձակմամբ իրենք չեն կարող հաջողության հասնել Ռուսաստանի նկատմամբ` իրենց հարկավոր է բոլորովին նոր ռազմավարություն, որի միջոցով հնարավոր է հասնել դրական արդյունքի, քանզի նման հակահարձակողական մարտավարությունն իրենց ոչինչ տալ չի կարող: Այս ողջ ընթացքում բազմիցս հայտարարել են, որ չեն կարող հաշտվել ուկրաինական տարածքների կորստի հետ եւ ոչնչի առջեւ կանգ չեն առնելու` դրանք ետ բերելու համար: Ավելին` ուկրաինական ժողովուրդն էլ դեմ է բանակցություններին եւ խաղաղության հաստատմանը, եթե Ռուսաստանը չի նահանջում եւ չի կանգնում 1991 թվականին եղած սահմանների վրա:

Ուկրաինացիներն ասում են, որ հանուն հաղթանակի կարող են ամեն ինչի դիմանալ եւ կարող են գնալ ամենաանհավանական քայլերին: Եվ ահա, հենց այստեղ է, որ կասկածներ են ծնվում, թե Ուկրաինան փորձում է գնալ նոր  հակահարձակման, հերթական տեռորն է ուզում իրականացնել Ռուսաստանի նկատմամբ՝ պայթեցնելով Զապորոժիեի ատոմային էլէկտրակայանը եւ, իր սովորության համաձայն, մեղքը գցելով Ռուսաստանի վրա: Եվ դա կմեկնաբանեն այսպես` որ դա արել են Ռուսաստանին կործանարար վնասներ հասցնելու ու վերջնականապես վախեցնելու համար, որ հրաժարվի Արեւմուտքի հետ հակամարտությունից եւ խաղաղություն մուրա: 

Եվ այս էսկալացիան արդեն մոտ է միջուկային պատերազմի: Թեեւ մարդիկ կարծում են, որ ողջամտությունը, այնուամենայնիվ, կհաղթի, եւ միջուկային զենքի տիրապետող երկրները պետք է որ չգնան նման քայլի, քանզի պետք է մտածեն, թե այդպիսի քայլից հետո ինչպես են դուրս գալու նման զարհուրելի իրավիճակից: Ես անձամբ կարծում եմ, որ միջուկային պատերազմ ոչ թե Ռուսաստանը, այլ Արեւմուտքն է սկսելու, եւ կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է լիովին պատրաստ լինի նաեւ այդ սցենարին, որպեսզի անակնկալի չգա, ու հետեւանքներն ավելի պակաս վտանգավոր լինեն իր համար: Կարծում եմ` իրենք այս պահին դեռեւս 100 տոկոսանոց որոշում չունեն, սակայն դա չի խանգարում, որ Ռուսաստանը մտածի այդ ուղղությամբ եւ նախապատրաստություններ տեսնի: Պետք է մի բան միշտ հիշել, որ նենգը եւ թույլը միշտ ունակ են ամենասարսափելի քայլերին, պետք է ուղղակի միշտ աչալուրջ լինել եւ պատրաստ դրան: Եթե անգամ շարքային մարդիկ` ուկրաինացիները, ասում են, որ պատրաստ են թափառականի կյանքով, ռմբակոծվող երկրում ապրել, իրենց երկիրը նորանոր ավերածությունների ենթարկվի, հազարավոր նոր զոհեր տան, միայն թե հետ վերցնեն Ղրիմը, Դոնբասը, ինչո՞ւ պետք է Եվրոպայի մի ապահով պետությունում մարդիկ, առավել եւս՝ իշխանությունները, մտածեն բանակցությունների եւ խաղաղություն հաստատելու մասին: Չէ՞ որ եկել է պահը՝ իրենց հազարամյա թշնամու` Ռուսաստանի հախից գալու համար: Էլ չենք խոսում այն մասին, որ պատերազմը նաեւ մեծ եկամուտ է ոմանց համար, հսկայական ռազմական ինդուստրիայի զարգացում եւ ֆինանսատնտեսական շահեր: 

Այս իրավիճակում Ռուսաստանին թերեւս մնում է անել առավելագույնը՝ բոլոր տեսական եւ պրակտիկ կարողություններով նախապատրաստվել դրան, որպեսզի գոնե զոհերն ու ավերածությունները երկու կողմից էլ հնարավորինս քիչ լինեն:

Աղոթենք Տիրոջը, որ խելք ու միտք տա հակամարտող կողմերին՝ նման քայլի չդիմելու համար։     

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ