Վազգեն Ռշտունուն, Մխիթար Պապոյանին, Արշակ Վարդանյանին զրպարտելու համար ԱԱԾ-ում հարուցվել է քրգործ

Վազգեն Ռշտունուն, Մխիթար Պապոյանին, Արշակ Վարդանյանին զրպարտելու համար ԱԱԾ-ում հարուցվել է քրգործ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 20-ին իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում «ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԳՐԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ» վերտառությամբ գրառման մեջ գրել էր, որ Մխիթար Պապոյանը ևս գրողներից է, իսկ մի քանի օր առաջ էլ ուղիղ եթերով հայտարարել էր, թե մտավախություն ունի, որ Մխիթար Պապոյանը, Արշակ Վարդանյանը և Վազգեն Ռշտունին աղմուկ են բարձրացրել, որպեսզի Ռ. Քոչարյանի գործի վերաքննիչ բողոքարկման դեպքում իրենք ինքնաբացարկի հնարավորություն ունենան։ Իրավապաշտպանի այս կանխատեսումն իրականացել էր, և Պապոյանն ինքնաբացարկ էր հայտնել։

Ինչևէ, այդ հրապարակումից անմիջապես հետո մամուլում գրվեց, որ  իրավապահ համակարգը փնտրում է աղբյուրին, թե ով կամ ինչպես իմացավ, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են վերաքննիչ դատարանի երեք դատավորները՝ Վազգեն Ռշտունին՝ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը, Արշակ Վարդանյանը՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավորը, Մխիթար Պապոյանը։

 Մխիթար Պապոյանն այն ժամանակ էլ հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին՝ նշելով. «Նկատի ունենալով, որ նշված հրապարակումն ամբողջությամբ սուտ է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ պարունակում է հանցագործության մասին տեղեկություններ, հետեւաբար, համապատասխան մարմիններին խնդրում եմ իմ այս հրապարակումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ, օրենքով սահմանված կարգով, պատշաճ իրավական գնահատական տալ Արտակ Գալստյանի եւ այդ կեղծ տեղեկությունը վերջինին հաղորդած անձի արարքներին։ Հատկանշական է, որ Արտակ Գալստյանը, չհանդիսանալով լրագրող, պարտավոր է բացահայտել տեղեկատվության աղբյուրը»։
Այն ժամանակ գրվեց, որ իրավապահները պարզել էին, թե տեղեկությունը հրապարակած անձն Արտակ Գալստյանն է։