Էակա՞ն է Ղարաբաղի շուրջ «ֆուտբոլային» բանավեճը

Էակա՞ն է Ղարաբաղի շուրջ «ֆուտբոլային» բանավեճը

Ղարաբաղում, այսպես կոչված, չճանաչվածների ֆուտբոլային մրցաշարի կազմակերպումը հերթական անգամ բուռն բանավեճի տեղիք է տվել։ Վեճի կողմերի կարծիքները հիմնականում հանգում են հետեւյալ բեւեռացված պնդումներին․

ա) չի կարելի նման միջոցառումներով վտանգել Լեռնային Ղարաբաղի մեծ դժվարությամբ վաստակված միջազգային վարկը, քանի որ միջազգային հանրությունը չի ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը։ Իսկ գուցե նման մրցաշարերը կազմակերպվում են ներկայումս միջազգայնորեն խիստ աննպաստ վիճակում հայտնված Ռուսաստանի՞ հորդորով։ Հանգամանք, որը հատկապես վտանգավոր է անկախության ձգտող Ղարաբաղի համար։

բ) Մյուս կողմից՝ միջազգային մեկուսացան մեջ գտնվող Ղարաբաղի համար նման մրցաշարերի կազմակերպումը խիստ անհրաժեշտ է՝ ղարաբաղյան հանրությանը միջազգային ընտանիքի մաս հանդիսանալու համոզում ներշնչելու, արտաքին աշխարհի եւ ԼՂՀ-ի միջեւ թող որ առաջին հայացքից ոչ այնքան էական,  այնուամենայնիվ, ինչ-որ կապեր հաստատելու տեսանկյունից։ Դա նաեւ օգտակար է Ղարաբաղի հետագա ճանաչման առումով, քանի որ նույն Աբխազիան ու Օսեթիան առնվազն Ռուսաստանի ու մի քանի այլ երկրների կողմից արդեն իսկ ճանաչվել են։ 

Այս երկու պնդումների պարագայում էլ որոշ տարրերի կարելի է համաձայնել, որոշների՝ ոչ։ Սակայն մինչ մանրամասներին անցնելը նկատենք՝ երկու դեպքում էլ գնահատականներն ու սպասումները խիստ չափազանցված են ու մի փոքր կտրված իրականությունից։ Անշուշտ, կարելի է հրաժարվել Ղարաբաղում ֆուտբոլային նման մրցաշարեր կազմակերպելուց, սակայն որքանո՞վ դա օգտակար կլինի Լեռնային Ղարաբաղի համար, որը գրեթե ամբողջությամբ կախման մեջ է Հայաստանից, որն էլ, իր հերթին, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Թողնենք այս հարցի պատասխանը ամենագետ վերլուծաբաններին։

Մյուս կողմից, քաղաքական անկախության ձգտող ու այդ հարցում միջազգային հանրության, այդ թվում Մոսկվայի հետ, մեղմ ասած, բարդ հարաբերություններ ունեցող Արեւմուտքի աջակցությունն ակնկալող Ղարաբաղի համար որքանո՞վ են արդարացված նման նախաձեռնությունները, կամ ժամանակին որքանո՞վ էին արդարացված Ղրիմի «ազատագրման» կապակցությամբ տոնական տրամադրությունները Ստեփանակերտում։ Ակնհայտորեն, նման բաները ոչ միայն օգտակար չեն կարող դիտվել, այլեւ իսկապես կարող են որոշակի վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի միջազգային վարկին, եթե, իհարկե, այդպիսին իրականում գոյություն ունի։          

Անշուշտ, բոլոր նման գնահատականներն էլ գոյության իրավունք ունեն, սակայն դրանց  չափազանցված ու որոշակիորեն իրականությունից կտրված լինելու հանգամանքն առավել ակնբախ է դառնում, երբ տալիս ենք հետեւյալ հարցը՝ ի վերջո, ի՞նչ կերպ ենք մենք (կամ հարցով շահագրգիռ մնացյալ կողմերը) պատկերացնում ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային ու վերջնական կարգավորումը։ Պատասխանը մոտավորապես հետեւյալն է՝ կա՛մ նոր ռազմական բախման, կա՛մ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակում ընթացող բանակցությունների շնորհիվ։ Երրորդ տարբերակ պարզապես գոյություն չունի։ 

Նոր բախումներն այս պահին տարբեր պատճառներով ձեռնտու չեն ո՛չ հակամարտության անմիջական մասնակիցներին, ո՛չ էլ ԱՄՆ-ն, Եվրոպան ու Ռուսաստանը ներկայացնող եռանախագահներին։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք, բարեբախտաբար, դեռ շարունակվելու են ու, անկախ արդյունքի բացակայությունից, որոշակիորեն նպաստելու են շփման գծում իրադրությունը վերահսկողության տակ պահելուն։ Ուզենք թե չուզենք, ստեղծված «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակը, հիմնականում օբյեկտիվ պատճառներով, դեռ երկար է շարունակվելու, ու համաձայնենք՝ դրա վրա նվազագույն է լինելու «չճանաչվածների» ֆուտբոլի կազմակերպումը կամ դրանից հրաժարումը։

Ինչպես միշտ, ճշմարտությունը «մեջտեղում է»։ Հարկ է առավել սթափ հասկանալ ստեղծված իրադրությունը եւ հնարավորության դեպքում խուսափել ծայրահեղացված գնահատականներից։ Դրանք երբեք էլ օգտակար չեն եղել։ Ավելին՝ նաեւ վնասակար էլ չեն։ Պարզապես, հաշվի առնելով խնդրի բարդության ողջ համատեքստը, զուրկ են վերջնարդյունքի վրա որեւէ ազդեցություն ունենալու ներուժից։ 

Թերեւս օգտակար է նման հարցերի շուրջ քաղաքական բանավեճի առկայության բուն փաստը։ Իհարկե՝ պայմանով, որ այդ բանավեճն ընթանա առնվազն տարրական բանականության սահմաններում։

Դավիթ ԶԱՎՅԱՆ