Նկարիչների միության նախագահն իրեն սպառել է, նոր նախագահ է պետք ընտրել

Նկարիչների միության նախագահն իրեն սպառել է, նոր նախագահ է պետք ընտրել

Դեկտեմբերի 15-ին նախատեսված են Նկարիչների միության համագումարը եւ նախագահի ընտրությունները, որին, սակայն, միության անդամները տեղեկացել են ընդամենը օրեր առաջ։ 
Գեղանկարիչ, միության անդամ Գագիկ Խաչատրյանն ասում է, որ տարիներ շարունակ ոտնահարված է եղել իրենց տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նախորդ անգամները, այս անգամ էլ համագումարի մասին տեղեկացել է շատ պատահական՝ մի քանի օր առաջ՝ գործընկերներից։ Պատճառը պարզ է․ «Ինքը՝ Աղամյանը, չի ուզում, որ շատ մարդիկ տեղյակ լինեն, նա ում ուզում է, ում հետ գործարքների մեջ է, նրանց է միայն ասում, որպեսզի քվորում ապահովեն ու վերջ»։  

Նկարիչների միությունը, ըստ նրա, իր ցուցասրահներով հանդերձ, չի ընդունվում իբրեւ հարազատ օջախ։ «Մի քանի հոգու ձեռքում է։ Եղեռնի 100 ամյակին նվիրված ցուցահանդեսին էլ դրվեցին ու հանվեցին մի շարք նկարիչների գործեր, այդ թվում՝ իմը»,- ասում է ու հավելում, որ ոչ մի բացատրություն միության նախագահից չի լսել, միայն՝ ներողություն․ «Ինչո՞ւ են նկարիչները խռոված, վիրավորված, որովհետեւ 1-2 նման վերաբերմունք, էլ չեն գալիս միություն։ Աղամյանը խնդիր ունի միության անդամ նկարիչների մեծամասնության հետ, անկախ ամեն ինչից՝ ինքն իրեն սպառել է արդեն, հատկապես որ մի կես տարի առաջ ասել էր, որ էլ չի դնի թեկնածությունը, բայց նորից դրեց, այսինքն՝ խաբեց Նկարիչների միության անդամներին»։  

Հաճախ կատալոգների տպագրության համար տրամադրել են իրենց նկարները, վճարել դրա դիմաց, բայց հետո պարզել են, որ իրենց գործերն ընդգրկված չեն այդտեղ․ «Աղամյանը եթե ներսի ցուցահանդեսներն է ծածկադմփոց անում, դրսի ցուցահանդեսների մասին մենք ընդհանրապես տեղյակ չենք, կա՛մ ինքը չի կարողանում դա կազմակերպել, կա՛մ էլ ուղղակի չի անում»։ Նկարիչների համար խնդիր է նաեւ այն, որ, լինելով միության անդամ, պետք է 100 հազար դրամ վճարեն 10 օրով միության ցուցասրահներից մեկը վարձակալելու համար։  

Նկարիչների միության անդամների թիվը հասնում է 1232-ի, դրանցից մոտ 300-ը դրսում են, կան նաեւ մահացածներ, մասնագիտությամբ բժիշկներ, որոնք վարչության մեջ են։ Նա համոզված է՝ պետք է վերանայվեն միության անդամ դառնալու չափանիշները, պարտականությունները, իրավունքները․ «Վարչության մեջ բժշկի դիպլոմով մարդ կա, այստեղ էլ փոփոխությունների անհրաժեշտություն կա, որ Նկարիչների միության նախագահն ունենա հնարավորություն, որպեսզի ինքն առաջադրի վարչության անդամներին, որովհետեւ նրանց հետ ինքը պետք է աշխատի։ 1998թ․-ի՝ նոր կանոնադրությամբ շատ ծիծաղելի կետեր կան, օրինակ, սա՝ մինչեւ 14 տարեկան անձը կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա։ Մինչդեռ աշխարհում նման միությունների մեջ ընդգրկված են պրոֆեսիոնալներ, այսինքն՝ որակ, կրթական ցենզ պիտի ունենան, որոշակի քանակի ցուցահանդեսներ արած լինեն, նաեւ որոշակի երաշխավորագրեր լինեն։ Իսկ սա գործող օրենքն է, որն ուղղակի անհրաժեշտ է փոփոխության ենթարկել»։ 

Վերջին տարիներին նկարիչները պարբերաբար պահանջել են Աղամյանի հրաժարականը, բայց, չգիտես ինչու, դա չի հաջողվել․ «Շատ պարզ պատճառով՝ միության անդամներն ուղղակի տեղեկացված չեն, որպեսզի լինի մեծ քանակի համախմբում, թե չէ, եթե տեղյակ լինեին, գային համախմբվեին, ես վստահ եմ, որ ամեն ինչ կհաջողվեր»։ Թե ինչպես է 19 տարի շարունակ Աղամյանն ընտրվել, Խաչատրյանն ասաց․ «Դա ե՞րբ է եղել՝ մինչեւ թավշյա հեղափոխությունը, իսկ այն ժամանակ՝ ծածկադմփոցով։ Հիմա նորից ինքը փորձում է այդկերպ, բայց ժամանակներն արդեն ուրիշ են։ Այս նոր ընտրությունները չպետք է լինեն այնպես, ինչպես ընդունված է եղել տասնյակ տարիներ՝ լցոնումներով, սա պետք է բացառել»։ 

Խաչատրյանը նկատում է՝ մի շարք նկարիչներ պաշտպանում են գեղանկարիչ Խաչիկ Աբրահամյանի թեկնածությունը, ով, ըստ նրա, ունի այդ փորձը, պոտենցիալը, միջազգային կապերը դրսում՝ միության անդամների ցուցահանդեսները կազմակերպելու համար։     

Գեղանկարիչ, ակադեմիկոս Խաչիկ Աբրահամյանն իր խոսքում ընդգծում է՝ ուզում են, որ հայ կերպարվեստը բարձր մակարդակի վրա դրվի։ Ինքը դեռ 90-ական թվերից աշխարհի տարբեր երկրներում կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, շուրջ 350 եւ ավելի։ «Մի բան է, երբ միջազգային տարածքում աշխատել ես, գիտես այդ ամենը, եւ այլ բան է ուղղակի ցուցահանդես կազմակերպել, դրանք միանշանակ իմ անձնական կապերի շնորհիվ եմ կազմակերպվել»,- ասում է նա ու ընդգծում, որ միության կառուցվածքը, մտածելակերպը պետք է փոխվեն․ «Արվեստագետները ճիշտ ձեւով պետք է ներկայացվեն առաջինը Հայաստանում, հետո պետք է ցուցահանդես-վաճառքներ կազմակերպվեն, բավականին աշխատանք պետք է տարվի արվեստագետների հետ, որը ստեղծագործելու ուժ կտա, որովհետեւ շատ նկարիչներ կան, ովքեր միություն չեն գալիս, կան բարձր որակի նկարիչներ էլ, որոնց ես ցուցադրում եմ, բայց որոնք միության անդամ չեն»։ 

Աբրահամյանը նկատում է՝ 92-ից իրեն առաջարկում են թեկնածությունն առաջադրել միության նախագահի պաշտոնում, բայց առաջին անգամ համաձայնեց եւ առաջադրվելու է, որովհետեւ շատերն են հորդորել իրեն։ Նա նաեւ հանդիպել է Կարեն Աղամյանի եւ միության նախագահի պաշտոնի համար մյուս հավակնորդ երիտասարդ նկարիչ Սուրեն Սաֆարյանի հետ․ «Կարեն Աղամյանը նորից կդնի իր թեկնածությունը, իսկ Սուրենը փորձ չունի, ես առաջարկեցի միասին աշխատել մի ընթացք, այս մեծ անիվը պտտացնել, այս աթոռը միայն նստելու համար չէ, պետք է աշխատել։ Ով էլ գա, պետք է մի նպատակով գա՝ աշխատել, փրկել միությունը»։ 

Աբրահամյանի ծրագիրն իր 30 տարվա փորձի կուտակումն է, ասում է՝ աշխարհի տարբեր անկյուններում կան ներկայացուցիչներ, որոնք պատրաստ են աշխատել իր հետ եւ հիմա էլ աշխատում են, միայն հաջորդ տարվա համար նախատեսում է 10-ից ավելի ցուցահանդեսներ տարբեր երկրներում։ 

«Պետք է շատ ցուցասրահներ ստեղծվեն, որպեսզի լավագույնը ներկայացվի, Նկարիչների միության շենքի կողքի շենքը վերացրեցին, ծախեցին, թալանեցին, կերան, թե ինչ արեցին, ոչ ոք տեղեկացված չէ առայսօր։ Պետք է հասկանալ, թե ում թեթեւ ձեռքով դա տեղի ունեցավ, որովհետեւ 2 փոքր ցուցասրահ կա ընդամենը»։ 

Վերջին տարիներին նկարիչները միշտ դժգոհել են Աղամյանից, բայց միշտ ընտրել են նրան, ինչո՞վ է դա բացատրում, ուրիշ թեկնածուներ չե՞ն եղել։ «Ես կդժվարանամ ասել, թե ինչ կերպ է նա ընտրվել, դա ուրիշ ղեկավարություն է եղել, եւ ուրիշ ղեկավարության օրոք է նա ընտրվել, ովքեր են թիկունք կանգնել, հարցեր կան։ Իհարկե, կա նաեւ նկարիչների մեղավորությունը»,-ասում է Աբրահամյանը, ով արդեն հասցրել է կազմել զարգացման իր ծրագիրը եւ համագումարի ընթացքում կբաժանի միության անդմաներին։ 

ՀՆՄ անդամ Մարթա Այվազյանը նկատում է, որ տարիներ շարունակ Նկարիչների միությունը եղել է նկարիչների տունը, բայց, ցավոք, վերջին 2 տասնամյակի ընթացքում միությունը ղեկավարում է նույն անձը, ինչը տարօրինակ է ցանկացած ընտրովի պաշտոնի դեպքում: Մի քանի նկարիչներով իրենք պահանջ-կոչով են հանդես գալիս․ անկախ նրանից, թե ով կընտրվի, առաջին հերթին պետք է զբաղվի իրենց առջեւ ծառացած խնդիրներով, լինեն դրանք դա կանոնադրական փոփոխություններ, թե ֆինանսատնտեսական վիճակին առնչվող հարցեր․ «Առանց այդ ստուգումների մենք չենք կարողանա ապահովել Նկարիչների միության բնականոն գործունեության շարունակությունը։ Կանոնադրական փոփոխությունները կասկածելի ընթացակարգով են տեղի ունեցել, արդյունքները Նկարիչների միության անդամների մեծամասնության համար արժանահավատ չեն»։ 

Նկարիչ Վահագն Գալստյանի կարծիքով, միությունը տարիներ շարունակ ունեցել է այլ կազմ, կառավարման այլ սխեմա։ «Փաստացի, համագումարն ընտրել է վարչություն, որն իր կազմից ընտրել է նախագահին, բայց քսան տարի առաջ այդ սխեման փոխվել է, համագումարն ընտրել է թե՛ վարչություն, թե՛ նախագահ, արդյունքում ստացվել է այնպես, որ նախագահն ինքն է կազմակերպում վարչությունը, նրանց աշխատանքները, այսինքն` վարչությունը, որ պետք է լինի անկախ մարմին, փաստացի ընկնում է նախագահի ազդեցության տակ, ոչ մի որոշում առանց նախագահի վարչությունն ինքնուրույն չի կարող կայացնել»,- ասում է նա ու առաջարկում, որ լավ կլիներ, եթե ՀՆՄ նախագահի պաշտոնին հավակնող անձինք ընտրություններից առնվազն մեկ ամիս առաջ ներկայացնին ծրագրերը, որ դա մեկ օրում չլինի, հակառակ դեպքում այդ առաջարկներից շատ կետեր ուղղակի լսելի չեն, մարդիկ չեն կարողանում ընկալել: 

Նկարչուհի Նազիկ Ասլանյանը նույնպես առաջ է քաշում կանոնադրական փոփոխությունների հարցը, որն օր առաջ պետք է փոխել, քանի որ վտանգավոր բացեր կան․ «Միության անդամները պետք է իմանան, որ իրենց հաստատած այդ կանոնադրության մեջ կա կետ, որ միության նախագահը վարչության համաձայնությամբ կարող է օտարել, վաճառել, դուրս գրել ցանկացած գույք, եւ սա կլինի օրինական. մենք` միության անդամներս, այդ լիազորությունը տվել ենք նախագահին ու վարչությանը: Բացի այդ, միության 100 անդամի ներկայությամբ եւ պատվիրակներով, որոնց ձեւաչափը որոշում է վարչությունը, կարող է անցկացվել համագումար եւ որոշում կայացվել: Դա մեր կազմակերպության յոթ-ութ տոկոսն է, եւ անհեթեթ է այդ տոկոսով որոշում կայացնել: Այս կետն առաջարկվում է հանել»։  

ՀՆՄ անդամ Անուշ Առաքելյանին հետաքրքրում է, թե ինչպես են միության պարտքերը գոյանում, իսկ գույքը՝ օտարվում։ Նկարիչների միությունն արդեն իսկ 30 միլիոն դրամի պարտք է կուտակել: «Հանձնաժողովը կազմված է միայն նկարիչներից, եւ դա զարմանալի է, նկարիչներն ինչպե՞ս կարող են վերստուգել իրենց աշխատանքը: Պետք է դրսից մասնագետներ ներգրավել, որոնք կկարողանան որակով հաշվարկներ ներկայացնել, թե պարտքերը որտեղից են, գույքը որտեղից է օտարվում»։ 

Միության անդամ Զարուհի Մուրադյանը կարծում է, որ կանոնադրության մեջ պետք է ամրագրվի նախագահի ժամկետը. անկախ անձերից` որեւէ մեկն ավելի քան երկու անգամ պիտի իրավունք չունենա նախագահել: «Ես կարծում եմ, որ մենք համագումարի ժամանակ նույնիսկ պետք է քննարկենք` արդյոք ճի՞շտ է հենց նախագահ ընտրել, գուցե ինչ-որ կոլեգիալ մարմին լինի, քարտուղարություն, բացի դրանից, առանց անձնավորելու, բայց շեշտելով, որ նույն անձն է քսան տարի ղեկավարում, եւ մենք համարյա օտարված ենք միությունից: Միություն գնում ենք, եթե մեկի ցուցահանդեսն է կամ թաղումը, վստահ ենք, որ կան ՀՆՄ երիտասարդ անդամներ, որոնցով պետք է փոխվի կազմը, միությունը նոր մեթոդներով ղեկավարվի, ժամանակին համահունչ»,- ասաց նա: