Հինգ տարում՝ հինգ պետ

Հինգ տարում՝ հինգ պետ

Արագածոտնի մարզպետարանում վերջին հինգ տարում նշանակվել եւ աշխատանքից ազատվել է կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության 5 պետ: Անցած շաբաթ աշխատանքից ազատվել է ԿՄՍ վարչության պետի պաշտոնակատարը: Հատկանշական է, որ հինգ տարվա ընթացքում ամիսներ շարունակ վարչության պետի պաշտոնը թափուր է եղել, ինչպես հիմա: Եվ հայտնի չէ, թե վարչությունը երբ պետք է ղեկավար ունենա, մանավանդ որ առաջիկայում մարզպետարաններում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Իսկ այդ երեւույթը չի կարող բացասաբար չանդրադառնալ դպրոցների ուսումնական գործընթացի վրա: Նշենք, որ մարզի դպրոցները թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ այսօր գտնվում են ծայրահեղ աղքատության շեմին: Շատ դպրոցներ չեն կարողանում վճարել հոսանքի, ջեռուցման, կենսաթոշակային պարտքերը, շատերը դժվարանում են վճարել անգամ ուսուցիչների աշխատավարձերը: Էլ չասենք շենքային պայմանների մասին: Կան դպրոցական շենքեր, որոնք գտնվում են ծայրահեղ վթարային վիճակում, ամեն վայրկյան կարող են փուլ գալ եւ ողբերգության պատճառ դառնալ:

Իսկ մարզպետարանների համակարգման ոլորտում ամենաընդգրկունը կրթական համակարգն է: Եթե այդ կառույցի վարչության պետի պաշտոնը կարող է ամիսներ շարունակ թափուր մնալ, կամ հինգ տարում 5 պետ փոխվել, ապա մեզ իրավունք ենք վերապահում նկատել, որ մարզպետարանն ավելի շատ խանգարում, քան օգնում է ուսման բնականոն գործընթացին: Եվ էլի հարց է առաջանում՝ ի՞նչ չափանիշների պետք է բավարարի մասնագետը, որ համապատասխանի եկող ու գնացող մարզպետների՝ կրթության մասին ունեցած պատկերացումներին: Կարծում ենք, դպրոցը, կրթական համակարգը փորձադաշտ չեն, որ հարափոփոխ մարզպետներից մեկը նշանակի, մյուսը՝ ազատի վարչության պետին: Այս երեւույթը դարձյալ իրավունք է վերապահում ասելու, որ մարզպետարաններն ինքնին ավելորդ կառույցներ են: 

Ի դեպ, նույն վիճակն է նաեւ մարզպետարանի ֆինանսական վարչությունում: Մի քանի տարի է՝ այս վարչությունը գործում է առանց պետի: Արդյունքում, կարծում ենք, մարզպետարանն էլ կաշխատի առանց մարզպետի, մանավանդ որ ներկայիս մարզպետի ամենափայլուն աշխատանքն առայժմ սահմանափակվում է ֆեյսբուքյան գրառումներով՝ գնացի, մասնակցեցի, ելույթ ունեցա: Անշուշտ, առանց գնալու էլ այդ միջոցառումները տեղի կունենային, ինչպես դասաժամերը՝ դպրոցներում:

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ