Ադրբեջանի վետոն ոչ մի ազդեցություն չի ունենալու

Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Բրյուսելում, պետք է ընդունվեր ընդհանուր հռչակագիր, որի համար անհրաժեշտ էր Եվրամիության անդամ 28 երկրների եւ Արեւելյան գործընկերության վեց երկրների միաձայն համաձայնությունը։ Հռչակագիրը չի հաջողվել ընդունել, քանի որ Ադրբեջանը վետո է դրել։ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, քանի որ դրանում դրույթ չի ներառվել տարածքային ամբողջականության մասին։
Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հետեւանք կարող է ունենալ Ադրբեջանի այդ քայլը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
«ԱԼԳ-ն նվիրված է մասնակից երկրների համագործակցությանը, որ իրականացվեն ներքին բարեփոխումներ։ Իսկ վետոն ոչ մի ազդեցություն չի ունենալու, մանավանդ որ Ադրբեջանը քաղաքական որոշում է կայացրել, որ ինքը ռազմական ճանապարհով է լուծելու հարցերը։ Եթե հիշում եք, Ալիեւը ասել էր, որ միջազգային օրենքներն իմաստ չունեն, աշխարհն ուժեղներինն է։ Եվ ի՞նչ կապ ուներ ստորագրությունը, ինքն իր քաղաքականությունն է իրականացնում։ Կօգտագործի՞ մեր դիվանագիտությունը Ադրբեջանին իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունները, կլինե՞նք այնքան հզոր, որ Ադրբեջանը չհամարձակվի գնալ արկածախնդրության, կշարունակվի նույն քաղաքականությունը։ Իսկ Ադրբեջանը փաստաթղթերի տակ միշտ էլ վետո է դնում կամ իր ստորագրությունը չի օգտագործում։ Ռիգայում էլ է ժամանակին նման միջադեպ եղել, ունեցե՞լ է ինչ-որ ազդեցություն»,- հարցնում է Թեւան Պողոսյանը։
Հարցին, թե ինչ պետք է անի Հայաստանն այդ դեպքում, Թեւան Պողոսյանն արձագանքեց․ «Պետք է օգտագործի այդ խնդիրը դիվանագիտական հարթակներում։ Բայց քանի որ չունի այդ լծակները, պետք է զբաղվի իր տնային աշխատանքով՝ հզորացնի տնտեսությունը, ռազմարդյունաբերությունը զարգացնի։ Պետք է ՀՀ իշխանությունները կարողանան մաքսիմալ արդյունավետ քաղաքականություն իրականացնեն մեր շահերը պաշտպանելու համար»։
Հետաքրքրվեցինք, թե հնարավոր է ԵՄ-ն ապագայում փոխի իր դիրքորոշումը եւ աջակցի Ադրբեջանին։
«Դրա համար պետք է աշխատել, որպեսզի չձեւավորվի նման իրավիճակ»,- ասաց Թեւան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին անդամակցում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան , Բելառուսը եւ Ուկրաինան։
Կարծիքներ