Բրիտանացիներն Ադրբեջանին չեն վստահում

Բրիտանացիներն Ադրբեջանին չեն վստահում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին ընդառաջ Անգլիա-Ադրբեջան հարաբերություններում նկատվում է լարվածություն: Այդ խաղը տեղի կունենա Բաքվում` մայիսի 29-ին: Կմրցակցեն երկու բրիտանական թիմեր` «Չելսին» եւ «Արսենալը»: Ակնկալվում է, որ բրիտանացի հազարավոր մարզասերներ այդ օրը կժամանեն Բաքու: Այս առթիվ բրիտանական ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով իր քաղաքացիներին հորդորում է հատկապես գիշերային ժամերին չայցելել ռեստորաններ եւ ակումբներ, քանի որ «թույլ լուսավորված շքամուտքերում տեղի են ունենում կողոպուտներ»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել բրիտանական կողմի նման պահվածքի կապակցությամբ եւ հավաստիացրել, որ Բաքուն «աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է»: Երեւում է, այս արձագանքը բրիտանացիների մոտ միայն քամահրանքի է արժանացել: Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որ «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչ խաղից օրեր առաջ Բաքու կժամանեն բրիտանացի ոստիկաններ` տեղում  իրավիճակին ծանոթանալու եւ անվտանգության համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

Փաստացի բրիտանական կողմը բացահայտ կասկածել է ադրբեջանական իրավապահ կառույցների համարժեքությանը եւ ստանձնել իր ֆուտբոլիստների եւ մարզասեր քաղաքացիների անվտանգության ապահովման պարտականություն:

Ըստ երեւույթին, սա մի աննախադեպ որոշում է, որը, թերեւս, լավագույնս է բնութագրում Անգլիա-Ադրբեջան հարաբերությունները: Գաղտնիք չէ, որ բրիտանացիները Բաքվում գործունեություն են ծավալում արդեն իսկ քառորդ դար: Այդ ընթացքում, սակայն, ադրբեջանական կողմին չի հաջողվել շահել բրիտանացիների վստահությունը: «Չելսի»-«Արսենալ» խաղին ընդառաջ բրիտանական կողմի քայլերն ասվածի փայլուն վկայությունն են: Իսկ Ադրբեջանում 90-ականների երկրորդ կեսին կարծում էին, թե բրիտանացիները կօգնեն «վերադարձնել Ղարաբաղը»: Ոչինչ չստացվեց, Ադրբեջանը Բրիտանիային հետաքրքրում է այնքանով, որքանով Կասպից ծովում նավթա-գազային պաշարներ կան: Մնացածը չոր գործարարություն է, տնտեսական սառը հաշվարկ եւ արիստոկրատական քամահրանք: