Սևերի ու սպիտակների պայքարը տեղափոխվել է ՀԿ-ների դաշտ. հակակոռուպցիոն կրքեր

Սևերի ու սպիտակների պայքարը տեղափոխվել է ՀԿ-ների դաշտ. հակակոռուպցիոն կրքեր

Խորհրդարանը կրկին հակակոռուպցիոն նախագիծ է ընդունում` Հայաստանի պատմության մեջ արդեն չորրորդ անգամ։

Հովիկ Աբրահամյանի օրոք` 2015 թվականին ստեղծված հակակոռուպցիոն խորհրդին փոխարինելու է նորը՝ հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը։ Դրա ստեղծումն աղմկահարույց, եթե չասենք՝ սկանդալային ընթացք ունի։ Հին «հակակոռուպցիոն» ՀԿ-ները, ի դեմս «Քաղհասարակության հակակոռուպցիոն կոալիցիայի», բոյկոտում են նոր խորհրդի համալրման համար մրցույթը։ Այս կոալիցիան, որի ղեկավարը Կարեն Զադոյանն է, ստեղծվել է նախկինների օրոք եւ համարվում է նախկին իշխանության հակակոռուպցիոն քաղաքականության պատասխանատուն ՀԿ սեկտորում։

Ըստ վարչապետի 808-Ն որոշման, հակակոռուպցիոն նոր մարմինը  կազմված է 11 պետական պաշտոնյաներից ու պատգամավորներից՝ վարչապետ, փոխվարչապետ, արդարադատության նախարար, ԲԴԽ նախագահ, գլխավոր դատախազ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ եւ այլք, նաեւ 5 ՀԿ-ների ներկայացուցիչներից։ Խորհրդի կազմից դուրս են մնացել Հանրային խորհուրդը, «Քաղհասարակության հակակոռուպցիոն կոալիցիան», Հայաստանի համայնքների միությունը,  ընդդիմադիր խմբակցությունները, ինչը Կարեն Զադոյանի նախագահությամբ գործող կոալիցիայի դժգոհության պատճառներից է։


Կազմակերպությունները, որոնք կընդգրկվեն նոր խորհրդի կազմում, ընտրվելու են մրցույթով, որը հայտարարվել է հուլիսի 4-ին։ Դիմումներ ներկայացնելու համար 10 օր է տրված։ ՀԿ-ները պետք է վերջին 5 տարում հակակոռուպցիոն ոլորտի 3 եւ ավելի տարվա գործունեության փորձ ունենան, առնվազն 3 ծրագիր իրականացրած լինեն այդ ոլորտում, ֆինանսների առումով պետք է լինեն թափանցիկ, փոխկապակցված չլինեն կուսակցությունների հետ։ Այլ պահանջներ էլ կան։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը բացատրում է․ «Խորհրդի գործառույթները մոտավորապես նույնն են, ինչ նախկինում։ Հիմնական փոփոխությունը կատարվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասով։

Նախկինում պետք է մրցութային հանձնաժողով լիներ, որը մրցույթով որոշում էր 5 անդամներին եւ նրանց առաջարկում էր ԱԺ-ին։ Նոր օրենքով մրցութային հանձնաժողով չի լինելու։ Եթե նախկինում թեկնածուներն առաջադրվում էին մրցութային հանձնաժողովին, հանձնաժողովը նրանց ներկայացնում էր խորհրդարան, վերջինս էլ քվեարկում էր, ապա հիմա  կառավարությունը, բարձրագույն դատական խորհուրդը, ԱԺ խմբակցությունները միանգամից թեկնածությունները առաջադրում են ԱԺ-ին, հետո ԱԺ-ն քվեարկում է»։

Կարեն Զադոյանի ղեկավարած մարմնի համար այս կարգն անընդունելի է։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի փոփոխության նախագծում, ըստ կոալիցիայի, հանձնաժողովի անդամի եւ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները «խիստ իշխանամետ» են «Նախ, դուրս է եկել անկախ մասնագիտացված խորհրդի կողմից մրցույթի անցկացման կարգը, որն ապահովում էր նաեւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը նշյալ գործընթացներին։

Բացի այդ, առաջարկվող իրավակարգավորմամբ հանձնաժողովի անդամի թեկնածուներից 5-ից 3-ին առաջադրում է իշխող քաղաքական ուժը․ 1-ը՝ կառավարության կողմից եւ 2-ը՝ ԱԺ կառավարող խմբակցության կողմից։ Ավելին, եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չկարողանան համախոհությամբ ներկայացնել թեկնածու, այդ անդամին եւս առաջադրում է իշխող ուժը՝ ի դեմս ԱԺ կառավարող խմբակցության»,- ասվում է Զադոյանի ղեկավարած կոալիցիայի հայտարարության մեջ։

Երեկ Կարեն Զադոյանը սոցցանցի իր էջում կոչ է արել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ լայնախոհություն ցուցաբերել եւ հետ կանչել նախագիծը, հրատապ կարգով խորհրդարանական լսումներ նախաձեռնել դրա շուրջ, ստեղծել աշխատանքային խումբ՝ հակակոռուպցիոն մարմնի հայկական մոդելի ներդրմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակման համար։ «Հակակոռուպցիոն խորհրդի կազմից կոալիցիային արհեստականորեն դուրս թողնելու մոտեցումը կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ կազմակերպությունները նպատակահարմար չեն գտնում»,- գրում է Զադոյանը։

Միաժամանակ խոստանում է, որ չանդամակցելով Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին՝ հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման հարցերում կոալիցիան կշարունակի աջակցել կառավարությանը։ Եթե շարունակելու եք աջակցել կառավարությանը, ինչո՞ւ չեք մասնակցում մրցույթին։ Մեր հարցին Կարեն Զադոյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով․ «Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից տարածված հայտարարության մեջ Ձեր կողմից բարձրացված գրեթե բոլոր հարցերի պատասխաններն առկա են: Կներեք, այս պահին ավելացնելու որեւէ այլ բան չունեմ»։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի համար կոռուպցիայի դեմ պայքարի ցուցիչն այդ երեւույթի գնահատման միջազգային սանդղակներն ու աղյուսակներն են, որոնք ներկայացնում են կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Այն ցույց է տալիս, թե որքանով են կոռումպացված ընկալվում պետական, համայնքային կառույցները, եւ ձեւավորվում է փորձագետների եւ գործարարների գնահատականների հիմքով։ 2017 եւ 2018 թվականներին կոռուպցիայի ընկալման համաթիվը նույնն է եղել՝ 180 երկրների շարքում Հայաստանը 107-րդն էր։ Հայաստանում, ըստ այդ սանդղակների, կոռուպցիան մոտավորապես նույն չափի է, ինչ Ալժիրում, Կոտ դ’ Իվուարում, Սալվադորում, Բրազիլիայում, Եգիպտոսում, Պերուում, Զամբիայում։ Ի դեպ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» ՀԿ-ների կոալիցիային չի անդամակցում։

Մեզ կհաջողվի՞ արդյոք հետեւում թողնել այս երկրները, ինչի՞ց է կախված, արդյո՞ք ճիշտ  ռազմավարություն ունենալն է խնդիրը։ Մեր հարցերին Վարուժան Հոկտանյանը պատասխանեց․  «Նախկինում կոռուպցիայի դեմ պայքարը  եղել է զուտ իմիտացիա։ Թվերը ցույց են տվել, որ ինչքան ավելի ուժգին են պայքարել կոռուպցիայի դեմ, այնքան վիճակն ավելի անփոփոխ է եղել։ Լճացման վիճակ էր։ Ընդ որում, եթե նայում ենք համաթվերը՝ 2002 թվականից Հայաստանը սկսեց ամեն տարի հայտնվել կոռուպցիայի դասակարգման աղյուսակներում, միշտ մոտավորապես նույն թվերն են եղել։ Վիճակագրական սխալի սահմաններում բան չէր փոխվում։

Նոր իշխանությունները հայտարարել են, որ հիմնական ուղղություններից է լինելու կոռուպցիայի դեմ պայքարը։ Հիմա եթե լինի լուրջ պայքար, արդյունքները մենք կտեսնենք հենց այդ ընկալման համատեքստում»։

Ժամանակահատվածը, որը հաջորդել է թավշյա հեղափոխությանը, դեռեւս չի գնահատվել հիմնական միջազգային փորձագիտական կառույցների՝ Համաշխարհային բանկի, «Ֆրիդոմ հաուս»-ի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կողմից։

Հիշեցնենք՝ 2015 թվականի ռազմավարությունն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերին։ Այժմ  2019-2022 թվականների ռազմավարությունն է քննարկվում։ Դրա նախնական տարբերակն անհաջող էր։ Այն դրվեց քննարկման անցյալ տարվա դեկտեմբերին եւ բուռն քննադատության արժանացավ։ Եղան առաջարկներ, որոնց հիման վրա հունիսի 10-ին դրվեց նոր նախագիծ։ Այն պետք է քննարկվի մինչեւ հունիսի 20-ը։