ԱՆ-ը մի ձեռքով բժիշկներին տալիս է կրեդիտները, մյուս ձեռքով՝ ստուգում

ԱՆ-ը մի ձեռքով բժիշկներին տալիս է կրեդիտները, մյուս ձեռքով՝ ստուգում

Եվրոպական երկրներում, Գերմանիայում, որը հայաստանցի հիվանդների համար բուժման բաղձալի վայր է, բժիշկների շարունակական մասնագիտական պատրաստվածությունն ավելացնելու համար կրեդիտները տրվում են ոչ թե Առողջապահության նախարարության, այլ մասնագիտական ասոցիացիաների կողմից։ Ավստրիայում այդ կրեդիտները տրամադրում է Ավստրիայի բժշկական պալատը, Նիդերլանդներում՝ Արքայական բժշկական Ասոցիացիան, Գերմանիայում շտրիխ-կոդերի մեխանիզմն է։ Բայց Հայաստանում գործող մեխանիզմը չէ, որ նախարարությունը մի ձեռքով տա, մի ձեռքով՝ ստուգի։

Հայտարարության հեղինակը  «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» ղեկավար Գևորգ Գրիգորյանն է, ով այսօր Հայաստանում 3 տարի շարունակ իրականացվող  բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի զեկույցի շնորհանդեսին հայտարարեց նաև, որ Առողջապահության նախարությանն ուղարկված առաջարկների թվում է նաև այն, որ  բժիշկներին կրեդիտները տրվեն մասնագիտական ասոցացիաների կողմից։  «Չնայած, նախարարության փակ աշխատանքի դեպքում, չեմ կարծում, որ կհամաձայնվեն այդ լծակը ձեռքից բաց թողել»,-մեկնաբանեց նա։  Այս և բազմաթիվ առաջարկներ արդեն ուղարկվել են Առողջապահության նախարարություն։

Հիշեցնենք, որ 2001 թվականից Հայաստանում չի իրականացվում բժիշկների լիցենզավորում, որի բացակայության պայմաններում շարունական մասնագիտական բարելավման գործընթացն անչափ կարևոր է։ Փոխարենը, լիցենզավորվում են բուժհաստատությունները։ Ինչը, ըստ Գրիգորյանի, սխալ է, հաշվի առնելով այն, որ բժշկական սխալի պարագայում պատասխան է տալիս ոչ թե կլինիկան, այլ բժիշկը։ Դա ըստ նրա՝ բերում է հակադրության․ եթե բժիշկը լիցենզիա չի ստանում, ինչու՞ է պատասխան տալիս նա, ոչ թե լիցենզավորված բուժկենտրոնը։

ՆՀԿ-ի նախագահը  նշեց, որ որևէ երկրում որակյալ բուժօգնություն ունենալու համար բժշկի շարունակական մասնագիտական զարգացումը պետք է տևի մինչև իր մասնագիտական կարիերայի ավարտ՝ թոշակի տարիք։ Ավելացրեց, որ բացերը շատ են, կամաց-կամաց դրանք պետք է լրացվեն։

«Եվ մենք փորձում էինք սատար կանգնել այդ թերացումներ անվճար կերպով մեր պետական կառույցների համար վերհանեինք։ Մյուսը գործընթացի օպտիլամացման մեխանիզմների առկայությունն էր, այն, որ մարզային բուժաշխատողների համար շարունակական մասնագիտական զարգացումը ևս հասանելի լինի, ինչը դեռևս հասանելի չէ, ինչպես ցույց է տալիս մեր հետազոտությունը» ,-ասաց Գևորգ Գրիգորյանը։

Տեղեկացանք, որ  մասնագիտական որոկավորման նպատակով անցկացվող  սեմինարներին, վեբինարներին, դասընթացներին մասնակցում են թերապևտներն ու գինեկոլոգները։ Իսկ օրինակ, թոքաբանների, կլինիկական հոգեբանների, այրվածքաբանների համար նախորդ տարի իրականացվել է շարունակական մասնագիտական բարելավման ընդամենը մեկ միջոցառում։ Դե, իսկ ընտանեկան բժիշկների համար՝ 57։ Հարց՝ այս պայմաններում թոքաբանն ու ընտանեկան բժիշկը ինչպես են 5 տարում նույնչափ կրեդիտներ հավաքելու։ Հայաստանում կա արդեն Բժշկական պալատ, բայց ըստ բանախոսների, այն այս տարիների կայանալու միտումներ չդրսևորեց, ինչը օրինակ՝ կա Փաստաբանների պալատում, որն ունի իր դպրոցն ու ինքն էլ տալիս է իր լիցենզիաները։
 Ինչևէ, մոնիտորինգը շարունակվելու է նաև ծրագրի ավարտից հետո։ Ծրագիրը սկսվել է 2016-ի հունվարի մեկից և ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և հանդիսանում է Եվրամիության «Կառուցողական երկխոսության հանձնառություն «ծրագրի մի մաս։ Դրա շրջանակներում ուսումնասիրվել են տեղական և միջազգային օրենսդրությունները մայրաքաղաքի ու մարզերի բժիշկների հարցումներ իրականացնել։ Ուսումնասիրվել են եվրոպական երկների, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի մոդելները։
 «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչ Մարատ Աթոմյանը նշեց, որ ծրագիրը բաղկացած էր մի քանի կոմպոնենտից, որի ամենամեծ և ամենաընդարձակ կոմպոնենտն այն էր, որ դրամաշնորհներ ու ենթադրամաշնորհներ են տրվել ոլորտային խնդիրներ վերհանելու համար, ինչպես նաև՝ տարբեր ոլորտներում գործող ՀԿ-ներին՝ նոր կոալիցիաներ ստեղծելու և հզորանալու նպատակով։ Բանաձևը՝ ինչպես և այլ դրամաշնորհների դեպքում քաղաքացիական հասարակություն-պետություն համագործակցության արդյունավետ լուծումներ գտնելն է։