«Գազպրոմ Արմենիա»-ն բանակցություններ է անցկացնում ՀԾԿՀ-ի հետ

«Գազպրոմ Արմենիա»-ն բանակցություններ է անցկացնում ՀԾԿՀ-ի հետ

Կրկին հրատապ է դարձել հարցը սահմանին բնական գազի 15 դոլարի թանկացման թեման։ Մասնավորապես, արդյոք այն կուտակվո՞ւմ է և վերածվելու է պարտքի, ինչպես եղավ 2013-ին, երբ կուտակվեց 300 միլիոն և դրա դիմաց Հայաստանը «Գազպրոմին» վաճառեց «ՀայռուսԳազարդ»-ում իր վերջին՝ 20 տոկոսանոց բաժնեմասը։ Դիմել էինք «Գազպրոմ Արմենիային»՝ հարցմամբ, թե արդյոք այդ 15 տոկոսը ընկերության կողմից չի՞ փոխտատուցվում։

Ներկայացնում ենք ընկերությունից ստացած գրությունը, որից անհասկանալի է 15 դոլարի մասը, հասկանալի է միայն, որ կրկին այս թեմայով նեղ մասնագիտական աշխատանքային քննարկումներ են անցկացվում։

Ներկայացնում ենք «Գազպրոմ Արմենիա»-ի պատասխանը՝ ստորև։

«Հաշվի առնելով ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված նեղ մասնագիտական ուսումնասիրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, Ընկերության, որպես բնական գազ մատակարարող կազմակերպության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների կառուցվածքում ներառվելիք Ընկերության սակագնային մարժայի (ներառյալ դրա հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների) մեծության վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով՝ ներկայումս աշխատանքային քննարկումներ են անցկացվում Էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Նշված աշխատանքային քննարկումների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: