Մենախոսություն կամ` հզոր երթին ընդառաջ

Մենախոսություն կամ` հզոր երթին ընդառաջ

Է՛, լավ օրերն անցան: Այլեւս առաջվանը չէ: Ազգը վեր էր կացել, ընկել Նիկոլի հետեւից, հեղափոխություն էր անում: Բոլորը դարձել էին հեղափոխական` հներին քննադատող, բռնող, նստացնող... Քաղաքական մոմենտի պահանջն էր: Տեսա, որ հներին քննադատող մրցակիցներս շատացել են, ասի` Էդո ջան, գլխիդ ճարը տես: Ես այդ ժամանակ հներին թողեցի ու անցա Նիկոլ քննադատելուն: Էս դաշտը լրիվ բաց էր, ճիշտ Բրեժնեւի խոպանը` փուշ ու տատասկ էր, ամեն թփի տակ՝ մի 20-30 զոմբի, ամեն շրջադարձի՝ մի քաղաքական մեռել, որ մեկ էլ մեռած տեղից ծառս էր լինում կողքիդ: Շատ վախենալու էր: Ու ես, էդ խոպան դաշտում միայնակ, Նիկոլ էի քննադատում: Ժամանակակից տերմինաբանությամբ` մենաշնորհել էի «Նիկոլ քննադատելու» գործը, կոնկուրենցիա չկար:

2018թ. ապրիլից մինչեւ նույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր գործերս լավ էին: Հոդվածներս ու գրառումներս, վերջակետը չդրած, թռցնում էին: «Երեւան սիթիից» հիմա ժողովուրդը ո՞նց է ապրանքը կրում. այ, այդպես: Ինչքան գրում էի, բոլորը տանում էին, բայց ինչքան տանում էին, երկու այդքան անեծք, չոռ ու ցավ էին տալիս: Գլխավոր խմբագիրս էլ հա՛մ տպում էր, հա՛մ ջղայնանում, հա՛մ ջղայնանում էր, հա՛մ տպում… Թիվ կար աստղերին, թիվ չկար մեր շուրջը վխտացող զոմբիներին ու քաղաքական մեռելներին: Ադրենալի՛ի՛ի՛ն... սա էր նրանց օրգանիզմում բացակայող քիմիական միացությունը, որ ստանում էին իմ գրառումներից ու հոդվածներից: Մենաշնորհների դեմ պայքարում Նիկոլի ձեռքերն ինձ այդպես էլ չհասան: Երեւի դա նրանից էր, որ ես օլիգարխ չէի, եւ ինձ մոտ խուզարկություն անելու դեպքում թուղթ ու թանաքից բացի բան չէր գտնելու:

Հիշում եմ` մի անգամ Միհրան Պողոսյանի ԴԱՀԿ-ն կալանք էր դրել հայաստանյան եւ արտասահմանյան բանկերում իմ ունեցած բոլոր հաշիվների, օֆշորներում իմ բիզնեսների, Հայաստան ներկրվող եւ Հայաստանից արտահանվող իմ բեռների եւ այդ բեռները տեղափոխող իմ տրանսպորտային միջոցների վրա, որովհետեւ «համարձակվել էի», իսկ իրականում անփութության պատճառով չէի վճարել դատարանի որոշած 7 հազար դրամ պետտուրքը: Հայ կանանց հայհոյող մի ախմախի «տղամարդ բոզ» էի ասել իմ հոդվածում, սա էլ դատի էր տվել, թե` հայ-հարայ, պատիվս գնաց, խայտառակ եղա: Այն ժամանակ դա քրեական հանցագործություն էր համարվում, եւ կարող էին ինձ նստեցնել: Բարեբախտաբար, դատարանում հաստատվեցին բոլոր ասածներս:

«Վիրավորյալն» ստիպված եղավ «քաշել» բոլոր դատական ծախսերը, իսկ ինձ մնաց վճարելու 7 հազար դրամի պետտուրք, ինչը մոռացել էի այդ ոգեւորության մեջ: Հիմա ԴԱՀԿ-ի նամակը կարդում եմ ու «ղժժում»: Փոստում հավաքված ժողովուրդն էլ վարակվել` ձայնակցում էր… Վայ, Միհրան, ինչքան ուրախացրիր այդ օրն ինձ: Ինձ պետք չէր ուղեղումս հեղափոխություն անել հարստանալու համար, ես հարուստ էի քո երեւակայության շնորհիվ, Միհրան ջան: Ընկա հիշողությունների գիրկը… Ինչի՞ մասին էի մտածում, հա, իմ բիզնեսի, որ մի ժամանակ լավ էր: Մեր չտես ազգը մի վատ սովորություն ունի: Հենց տեսնում են մեկի գործը կպել է, մյուսներն էլ հավաքվում, այդ նույն գործն են դնում ու, շատ ներողություն, մունդռում էդ մարդու բիզնեսը: Խնդրեմ, Նիկոլն ու Սանասարյան Դավիթը հիմա ինչո՞վ են զբաղված: Փող են շինում: Սանասարյան Դավիթն ընկնավորեցնում է փողատերերին, իսկ Նիկոլը «ծիխարի» փայ է մտնում նրանց բիզնեսներում: Տոկոսային հարաբերությունը չգիտեմ ինչքան է այս պահին, բայց «կարող ա՞ մուժ ա», ու լավ չի երեւում, որ ով փայ է տալիս, չեն բռնում, ով չէ` հայտնվում է ԱԱԾ-ում կամ ՀՔԾ-ում:

Իսկ նախկինում ո՞ւմ բիզնեսն էր դա, ինչո՞ւ մունդռեցիք: Օֆ դե եսիմ… Ինձ իմ բիզնեսի ճակատագիրն է մտահոգում, որ արդեն վտանգված է լրջագույնս: Տարերայնորեն շատացել են Նիկոլ քննադատողները, առեւտուրն ընկած է: Առաջիկա օրերին, Մարտի 1-ի իրադարձությունների եւ, իհարկե, մարտի 8-ի պահով, հնարավոր է մի փոքր աշխուժություն նկատվի, բայց շուկան այլեւս այնքան է հագեցել «չինական ապրանքով», որ իմ տեղական արտադրանքի վրա գրեթե նայող չկա: Որ թերթը բացում եմ` Նիկոլ են քննադատել, Ֆեյսբուքն եմ բացում` էլի Նիկոլ են քննադատել: Վիրավորում են այդ մարդուն, հագուկապն են աչքը կոխում, գեղցիությունը, կնոջ կողմի բարեկամությունը, կնոջ հիմնադրամն ու ծախսերը: Երեկվա զոմբիները, մանդատ ու պաշտոն ստացել, այդ ամենը չեն նկատում, ինքնապարգեւատրվելով են զբաղված, ամեն քայլափոխի Նիկոլին խայտառակելով: Օրինակ՝ այդ ի՞նչ ծրագիր էր, որ գրել, տվել էին ձեռը, նա էլ վերցրել, եկել էր ԱԺ: Ցանկությունս մեծ էր` դնել ու հատիկ-հատիկ վերլուծել այդ 7 տասնյակ էջից բաղկացած փաստաթուղթը, բայց մեկ էլ տեսնեմ` Ֆեյսբուքում արդեն գրել են` «ՑՌագիր»:

Դե եկ, Էդիկ Անդրեասյան, եւ լուրջ դեմքով քննադատիր այդ ..ագիրը: Միայն ծրագիրը հո չի՞: Փաշինյանը եկել էր, Ազգային ժողովում ճառում էր աղքատությունը վերացնելու իր ուրույն կոնցեպցիայի մասին: Աղքատության վերացման այդ կոնցեպցիան այնքան ուրույն էր, որ ուզեցա երկու բառ գրել: Նույնիսկ վերնագիրն էր պատրաստ` «Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք»: «Կոնկուրենտներս», սակայն, դարձյալ առաջկտրուկ արեցին ու թեման, կարելի է ասել, «քթիս տակից» տարան: Ինչ ասես, որ չգրեցին, թե` «այ… (թերթում գրելու չէ՝ Էդ. Ա.) վարչապետ, մարդը ո՞նց կարա, դիվանին պառկած, աղքատություն հաղթահարի»: Չնայած գործերիս վատանալուն` ես իմ ազգին շատ եմ սիրում: Շատ լավն ենք, է՞, ախր: Չգիտեմ, գուցե դա հարեւան քոչվորներից է մեզ անցել, բայց սիրում ենք սուրուով գնալ: 15 տարի շարունակ սուրուով ձայն ենք տվել Հանրապետականին: 2018-ի ապրիլին, սակայն, կանգնեցինք ու նույնկերպ` սուրուով, մերժեցինք Հանրապետականին, այսինքն`անցած 15 տարիները: Ականատեսները կհաստատեն, որ Հանրապետականին մերժելուց հետո մենք սուրուով գնացինք Նիկոլի հետեւից: Հիմա` ես մեր ազգի ի՞նչն եմ սիրում: Ասեմ` սիրում եմ մեր ազգի կտրուկ արգելակելը:

Մեր ազգը ողնաշարով է զգում վտանգը, մի քիչ ուշացումով, բայց` ոչ ուշացած: Կոլեկտիվ փրկության ներքին ձայնը նրան հանկարծ հուշում է` կանգ առ, ինչին հետեւում է կտրուկ արգելակումը: Աստված էլ գա այդ պահին, իմ ազգին չի շարժի տեղից: Եվ գալիս է պահը, ու հեթանոսության շրջանի նրա բնազդը գլուխ է բարձրացնում`զոհիր քեզ այստեղ հասցնողին: Մեր վերջին 30 տարվա պատմության մեջ ամենահարմար մատաղացուները միշտ էլ առաջնորդներն են եղել: Հիշենք նրանց անուն առ անուն… Այս պահին դեռ նոր-նոր ենք կանգ առել, մեր ներսում դեռ խռովք է, որոշում չկա տակավին` ինչ անել Նիկոլին: Ազգը սահմռկել է Մարտի 1-ի «կապակցությամբ» միասին քայլելու Նիկոլի հույժ կարեւոր հրավերից: Ֆեյսբուքը դարձյալ առաջ է ընկել ինձնից, գրում են` «Նիկոլը հրավիրում է հերթական ոչխարաերթի»: Ազգս մեխվել է տեղում: Այսպիսի առաջնորդ նրան չի հանդիպել: Առաջնորդը, սովորաբար, երթ ու միտինգ չի սիրում, ոստիկանությանն էլ հրահանգում է կանխել: Բայց այս առաջնորդն ինքն է միտինգ անում, ոստիկանությանն էլ հրահանգում` իրեն ու միտինգ անողներին պաշտպանել: Բայց ումի՞ց… Չէ, այստեղ մի բան այն չէ, ազգս մեխվել է տեղում, վտանգ է զգում…

Ես իմ գործի դարդն եմ: Նիկոլ քննադատելն արդեն օրիգինալ չի: Երեւի միառժամանակ կփորձեմ գլուխս պահել փուչիկ նախարարներ ու պատգամավորներ ծակծկելով, մինչեւ տեսնեմ` ով է լինելու հաջորդ առաջնորդը: Ինձ աշխատանքի լուրջ ֆրոնտ է պետք: Կարող ա՞ ձեր երեսից պիտի արտագաղթեմ…