Կառավարությունը հիմա էլ մտադիր է փակել ՓՄՁ ԶԱԿ-երի մարզային գրասենյակները

Կառավարությունը հիմա էլ մտադիր է փակել ՓՄՁ ԶԱԿ-երի մարզային գրասենյակները

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեւավորված օրվանից լծվել է օպտիմալացման ու կրճատումների «սուրբ» գործին։ Արդյունքում եղած բոլոր քիչ թե շատ կայացած ինտիտուտները, կառույցները վերակառուցվում-վերակազմավորվում են։ Այնպիսի տպավորություն է, ասես Նիկոլ Փաշինյանն օպտիմալացման անվան տակ դանակն առել ու ընկել է պետության կենսական օրգանների «ջանին», բայց «կույրաղիք-համակարգերի» հետ նաեւ օգտակար, աշխատող կենսական օրգաններն են «կտրում-թափում»։

Դրա հետեւանքով բազմաթիվ աշխատատեղեր են կրճատվելու, ֆունկցիաներ են խախտվելու, տեւականորեն պարալիզացվելու են տարբեր համակարգեր։ Տեղեկացանք, որ հայրենի կառավարությունը հիմա էլ պատրաստվում է դադարեցնել «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի մարզային մասնաճյուղերի գործունեությունը, որովհետեւ կարծում է, որ մասնաճյուղերի կողմից ստեղծվող ավելացված արժեքը պահպանման ծախսերի համեմատությամբ փոքր է: ՓՄՁ ԶԱԿ-ից ստացված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019թ․ հունվարի 1-ի դրությամբ ՓՄՁ պետական աջակցության 2018 թվականի ծրագրի շրջանակում մոտ 4 հազար սկսնակ եւ գործող ՓՄՁ-ների տրամադրվել է 8 հազար 979 աջակցություն։

Աջակցություն ստացած ՓՄՁ-ների 3.9%-ը գործում է Երեւան քաղաքում, իսկ 96․1%-ը՝ ՀՀ մարզերում, առավելապես՝ հեռավոր եւ սահմանամերձ գյուղական եւ քաղաքային համայնքներում։ Այսինքն, այս կառույցն ավելի շատ մարզերում անելիք ունի, քան մայրաքաղաքում։ ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Արշակ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ վերջնական որոշում չկա, քննարկումներ են ընթանում, ուստի դիրքորոշում չի կարող հայտնել։

«Կառավարության այն դիրքորոշումը, որ տարբեր կառույցներ օպտիմիզացիայի կարիք ունեն, դա միանշանակ ճիշտ է, ու տարբեր կառույցներ խնդիր ունեն ռեսուրսների եւ տրված արդյունքի ճիշտ համադրության։ Այսինքն՝ պետք է մաքսիմալ արդյունք ստանալ մինիմալ ռեսուրսներով եւ մինիմալ ծախսերով, եւ դա միանշանակ է։ Իսկ էս դեպքում մենք պետք է հասկանանք՝ ինչ խնդիրներ կան դրված կառույցի առաջ, ինչ խնդիրներ են դրվելու, ինչ գործառույթ եւ ինչ մանդատ է ունենալու կառույցը, որոնք որ էս շրջանում դեռ քննարկման փուլում են»,- ասաց պարոն Գրիգորյանը։

- Ըստ նախնական տեղեկության՝ կառավարությունը մտադիր է ՓՄՁ ԶԱԿ-ի փոխարեն ակտիվացնել Առեւտրաարդյունաբերական պալատն ու ԶԱԿ-երի ֆունկցիաները փոխանցել պալատին։

- Նման դիրքորոշման մասին ես տեղյակ չեմ, միակ բանը, որ կարող եմ ասել, կառավարության ծրագրում առկա դրույթն է, որ ՓՄՁ դաշտի զարգացման համար կարեւոր են մարզերում ռեգիոնալ մակարդակով զարգացնել աջակցության մեխանիզմները։ Դա ռազմավարության մեջ ներառված է, որի հետ ամբողջովին համաձայն եմ։ Իսկ դա պետք է լինի Առեւտրաարդյունաբերական պալատի, թե այլ կառույցների միջոցով, ես նման տեղեկատվություն չունեմ։

- Կառավարությունը որոշել է փակել ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղերը, քանզի համարում է, որ դրանց տված արդյունքն ավելի քիչ է, քան դրա վրա ծախսվող ռեսուրսները։ Դուք՝ որպես այս կառույցի ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղերի աշխատանքը, դրանք արդյունավե՞տ են աշխատել։

- Ես տարիներ չեմ պաշտոնավարում, 2018 թվականի հուլիսից եմ։ Վերջին շրջանում ես կարող եմ ասել, որ տարբեր ուղղություններով աշխատանքներ ենք տանում, որպեսզի արդյունավետությունն ավելի բարձրացնենք, ու միանշանակ համաձայն եմ, որ արդյունավետության բարձրացման խնդիր կա ոչ միայն մասնաճյուղերում, այլեւ մեր ամբողջ ԶԱԿ-ում վերցրած, քանզի միշտ հնարավոր է ավելի լավ արդյունքի ձգտել։ Վերջին ութ ամսվա ընթացքում ահռելի աշխատանք է տարվել, որպեսզի արդյունավետությունը բարձրացվի։

- Կառավարությունը մի կողմից հայտարարում է, որ փոքր ու միջին բիզնեսի զարգացումն իր առաջնահերթություններից է, մյուս կողմից դրա խթանմանն ու զարգացմանն օժանդակող պետական կառույցը որոշում է փակել։ Այստեղ հակասություն չկա՞ խոսքի ու գործի միջեւ։

- Հակասություն չկա, որովհետեւ նույն ռեսուրսները, որոնք կիրառվում են ԶԱԿ-ի, ինչպես Դուք ասում եք՝ կրճատման մասով, դա, իրականում, կարելի է համարել ռեսուրսների եւ արդյունքների օպտիմիզացիա։ Հակասություն սա չի կարելի դիտել, որովհետեւ արդյունքները պետք է նախ ֆիքսել, եթե փակվում է հիմնադրամը կամ օպտիմիզացվում է, որի արդյունքում տուժում է ՓՄՁ-ն, դա մի դեպք է, իսկ էն դեպքում, երբ այդ օպտիմիզացիայի արդյունքում ՓՄՁ-ն կարող է շատ ավելի շահել, դա ուրիշ արդյունք է եւ այլ քննարկման առարկա։

- Հիմա Ձեր նախնական գնահատմամբ՝ կտուժի՞ ՓՄՁ-ն ԶԱԿ-երի փակման դեպքում, թե՞ կշահի, հատկապես հաշվի առնելով, որ այդ մասնաճյուղերը մի քանի ամիս առաջ մեկնարկած ծրագրեր ունեն, որոնք փաստացի կիսատ են մնալու։

- Մեկնարկած ծրագրերը կիսատ չեն մնալու, ծրագրերը հասցվելու են իրենց տրամաբանական ավարտին, ու ենթադրում եմ, որ նման հնարավորություն կընձեռվի, որ եթե որեւէ որոշման հանգեն, յուրաքանչյուր որոշման դեպքում էլ հնարավորություն կտրվի ծրագրերն ավարտին հասցնել։ Կարծում եմ՝ կիսատ ծրագրեր չենք թողնի։ Իսկ կշահեն, թե կտուժեն փակվելու դեպքում, մի քիչ բարդ է էդ հարցին պատասխանելը։ Իմ կարծիքով՝ արդյունավետության խնդիր ունենք, մենք՝ բոլորս, թե՛ ԶԱԿ-ում, թե՛ արտաքին աշխարհում համաձայն ենք, որ օպտիմիզացիայի, արդյունավետության բարձրացման խնդիր ունենք։ Ամեն ինչ պիտի արվի, որ յուրաքանչյուր ՓՄՁ սուբյեկտ չտուժի միանշանակ։ Քննարկումները հենց դրա համար են ընթանում, որպեսզի ընտրվի այն լուծումը, որի արդյունքում որեւէ ՓՄՁ սուբյեկտ չտուժի։ Այս պահին տարվող քննարկումները միտված են լավագույն լուծումը գտնել ՓՄՁ-ի համար։