Յունիբանկի աջակցությամբ անցկացվեց «Երաժշտություն և գինի» ամենամյա տոնակատարությունը

Յունիբանկի աջակցությամբ անցկացվեց «Երաժշտություն և գինի» ամենամյա տոնակատարությունը

Յունիբանկի աջակցությամբ Voskeni Wines գինեգործարանում անցկացվեց «Երաժշտություն և գինի» տոնակատարությունը: Միջոցառումը նվիրված էր հայ մեծագույն կոմպոզիտորների՝  Ալ. Սպենդիարյանի՝ 150, և Առնո Բաբաջանյանի՝ 100-ամյակներին:

«Կենդանի երաժշտություն, բարձրորակ գինի և հայկական ավանդական խոհանոց. ահա այն երեք բաղադրիչները, որոնք բնութագրում են այս տոնը: Յունիբանկը ուրախությամբ աջակցում է նման միջոցառումներին, քանի որ դրանք օգնում են պահպանել մեր ժառանգությունը և խթանել ազգային արժեքների տարածումը»,- ասաց Յունիբանկի Խորհրդի անդամ Արտեմ Կոնստանդյանը:

 Տոնակատարությունն  անտարբեր չթողեց այցելուներին ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից: Մասնակիցների համար պատրաստվել էր  մշակութային հարուստ ծրագիր, որը կոչված էր ցուցադրել հայկական հյուրասիրությունն ու ազգային արժեքները: Հյուրերը շրջայց կատարեցին Voskeni Wines գինեգործարանում, որտեղ ծանոթացան գինու ստեղծման գործընթացին և համտեսեցին գինու տեսականին: Այնուհետև այցելուները հրավիրվեցին տոնական ճաշին, որն ուղեկցվեց Ալեքսանդր Սպենդիարյանի հիասքանչ երաժշտությամբ՝  Արմինե Գրիգորյանի (դաշնամուր), Կարեն Շահգալդյանի (ջութակ) և Արտյոմ Իոանիսյանի (թավջութակ) կատարմամբ: Մադաթ Ավանեսովի ջազային տրիոն հանդիսատեսին հիացրեց Առնո Բաբաջանյանի մեղեդիների թեմաներով ինքնատիպ իմպրովիզացիաներով։

Հյուրերը հաճույքով լուսանկարվեցին Արարատ լեռան ֆոնին՝ հայկական  տարազով: Երեկոն ավարտվեց ծառատնկով: Բոլոր ցանկացողները տնկիների վրա ամրացրեցին իրենց անունները, որ վերադառնան «Երաժշտության և գինու» հաջորդ տոնակատարությանը և գտնեն իրենց տնկած ծառերը: