«Հրապարակ». Բոլորին հիշիք, մեզ չհիշիք․ փողի սպասում ՊՆ-ում
Ամեն տարեվերջին 13-րդ աշխատավարձի հարցն արդիական է դառնում։ Ու միշտ գտնվում են պետական կամ համայնքային ծառայողներ, որոնք բողոքում են օրենքով սահմանված այդ միանվագ դրամական պարգեւատրումից իրենց զրկելու համար։
Այս տարի բողոքավոր են նրանք, որոնց ծառայությունն ի նպաստ հայրենիքի բոլորին է անհրաժեշտ՝ պաշտպանության նախարարության աշխատակիցները։ Նրանք գանգատվում են, որ բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում, նախարարություններում 13-րդ աշխատավարձ են բաժանում, իսկ իրենց այս տարի 13-րդ աշխատավարձ չեն տալու՝ պատճառաբանելով, թե փող չկա։ Սա վերաբերում է ե՛ւ զորքին՝ սպայական անձնակազմին, ե՛ւ ՊՆ կենտրոնական ապարատին։ Որոշ տեղերում էլ դեկտեմբերի աշխատավարձի կեսն են տալիս միայն, որը զինվորականների պարագայում առանց այդ էլ ցածր է։ Իսկ ՊՆ վարչություններից մեկի աշխատողն ասում է․ «Ամեն տարեվերջին մի 100 հազար պրեմիա էինք ստանում, այս անգամ բոլորը ստանում են, մենք՝ ոչ»։
«Դա 13-րդ աշխատավարձ չէ։ ՊՆ-ում, որքան որ ես եմ ծառայել, երբեք 13-րդ աշխատավարձ չեն տվել։ Եղել է ինչ-որ սիմվոլիկ գումար։ Տարիներ կան՝ եղել է, տարիներ կան` չեն տվել, բայց դա 13-րդ աշխատավարձ չէ։ Պրեմիան է, որը Նիկոլի ժամանակ դառել էր ավանդույթ, բայց դա էլ տվել են դեկտեմբերի 15-28-ը, ոչ թե հիմա։ Հիմա դեռ շուտ է։ Ամեն դեպքում, եղել է ֆիքսված պրեմիա, պարգեւատրում, որն ավելի քիչ է, քան 13-րդ աշխատավարձը»,- ասում է ՊՆ նախկին աշխատակիցներից մեկը, ով հիմա էլ ոլորտին մոտ աշխատանքով է զբաղված։
Եթե պարգեւատրում է, եւ այս տարի չեն տալիս, ուրեմն ի՞նչ` ՊՆ-ն վա՞տ է աշխատել։
«Ոչ,- ասում է մեկ այլ ծառայող՝ ՊՆ ղեկավար կազմից,- բայց ամեն տարի, Ամանորից առաջ ասում են՝ փող չկա։ Բոլոր գերատեսչություններում տալիս են, հետո մեզ մոտ բունտ են անում, ու մեզ մոտ էլ են բաժանում։ Դա փորձն է ցույց տվել։ Այս տարի դեռ խոսակցություն չկա տալու մասին՝ այսպես ասեմ, բայց չի բացառվում, որ տան»։ Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ ՊՆ մամուլի խոսնակից, բայց նա միայն երկուշաբթի կարող է մեր հարցին պատասխանել, այն էլ՝ գրավոր հարցում ստանալուց հետո։ Հավանաբար, պաշտոնավարման 5 ամիսները նրան բավարար չեն եղել հունի մեջ մտնելու ու տարրական հարցումներին օպերատիվ կարգով պատասխանելու համար։
Իսկ այս թեմային առնչվող անձինք ասում են, որ բանակի հանդեպ վատ վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության բաղկացուցիչն է եւ ծրագրի մի մասը` սրանով հիասթափեցնում են բանակից, զինծառայությունից, որ մարդիկ հեռանան համակարգից, եւ Հայաստանը զինաթափվի` կատարելով «կիրթ Ալիեւի» հերթական պահանջը:
Կարծիքներ