Ադբրեջանի «գոլերը»՝ հայկական դատարկ դարպասին

Ադբրեջանի «գոլերը»՝ հայկական դատարկ դարպասին

Երեկ գրել էինք, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ արտգործնախարարությունը, Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ը համառորեն չլսելու ու չնկատելու են տալիս, որ ռազմավարական դաշնակցի՝ ռուսաստանյան մամուլում խայտառակ բովանդակությամբ նյութեր են սկսել տպագրվել։ Երեկ սումգայիթյան ոճրագործության վերաբերյալ նման նյութ էր հրապարակվել «Նեզավիսիմայա գազետայում»։ Ըստ հեղինակի՝ 88 թվականին Սումգայիթի գազանությունները կազմակերպել են հայերը։ Սա ադրբեջանական քարոզչական քաղաքականությունն է արտերկրի մամուլում, որին նախկինում հակահարված էին տալիս, հիմա՝ ոչ։

Ադրբեջանի վարքը կանխատեսելի է․ հաշվի առնելով, որ Հայաստանն արդեն 2-րդ տարին է՝ իր ողջ տեղեկատվական ռեսուրսը կենտրոնացրել է բացառապես ներքին քարոզչության վրա՝ անտեսելով ադրբեջանական գլոբալ քարոզչության դեմն առնելու խնդիրը, Ադրբեջանն էլ, ոգեւորված մեր հանցավոր անգործությունից, անցել է արդեն լայնամասշտաբ գրոհի եւ դրա վրա փող չի խնայում։
Հենց երեկ գրել էինք, որ Հովհաննես Մովսիսյանի հայտնի ՊՈԱԿ-ը հազիվ էլ թե զբաղվի իր անմիջական գործով ու արձագանքի, հակազդի այս վտանգավոր հրապարակումներին։ Արձագանքելը՝ արձագանքեց, բայց ինչպե՞ս։ ՊՈԱԿ-ն ընդամենը հայկական լսարանին ուղղված մի հայտարարություն տարածեց ու անցավ առաջ։ Որպես ասվածի փայլուն եւ ամենաթարմ օրինակ՝ վկայակոչեմ այն, որ երբ տեղադրվեց մյունխենյան կոնֆերանսի պաշտոնական տեսանյութը, դրա տակ ադրբեջանական պրոպագանդիստների մեկնաբանությունները թողած՝ իշխանական շրջանակները կրկին սեւեռվել էին ներքին ընդդիմախոսների ու մրցակիցների վրա։

Ի տարբերություն, Ադրբեջանը միշտ շատ գրագետ դիվանագիտական, փորձագիտական գրոհներ է կազմակերպում։ Այսօր կանգնած ենք փաստի առաջ, որ ադրբեջանցիները հասել են համաշխարհային մակարդակով հանրային կարծիք, այդ թվում՝ նաեւ քաղաքական շրջանակների մոտ, ձեւավորող եվրոպական առաջատար լրատվամիջոցներին։
 

Այսօր էլ BBC-ում է հրապարակվել «Ինչպես են Ադրբեջանն ու Հայաստանը տարածում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դավադրությունների տեսություններ» վերնագրով հոդված, որում ներկայացված է նաեւ «Նեզավիսիմայա գազետայում» հիմնավորվող տեղեկատվական աբսուրդը։ Հոդվածագիրը հիշեցնում է, որ փետրվարի 26-ին եւ 27-ին Հայաստանում ու Ադրբեջանում հիշատակում են ղարաբաղյան հակամարտության «երկու ողբերգությունների»՝ Սումգայիթի ու Խոջալուի զոհերին։ «Այդ իրադարձությունների շուրջ ժամանակի ընթացքում ստեղծվել է դավադրությունների տեսության մի ամբողջ շղթա։ Իրար հետ համադրված՝ այս տեսությունները ներկայացնում են սյուրռեալիստական մի պատկեր, որում հայերը բռնաբարում ու սպանում են հայ խաղաղ բնակիչներին, իսկ ադրբեջանցիները, ի պատասխան, գնդակահարում են ադրբեջանցի կանանց ու երեխաներին»,- գրում է BBC-ի հոդվածագիրը։

Նա նաեւ հղում է կատարում Փաշինյան-Ալիեւ հայտնի բանավեճին, որը, փաստորեն, աննախադեպ էր իր ձեւաչափով։ Եթե սրան ավելացնենք նաեւ ռուսաստանյան հայտնի վերլուծաբան Տարասովի այն մեկնաբանությունը, որ Սումգայիթի «հայկական ուղղորդման» վերաբերյալ «հայտնի թեզիսներ կան», ապա պատկերն ամբողջանում է՝ հակամարտությունը սկսում է ներկայացվել միջէթնիկական բախման լույսի ներքո։ Եզրույթ, որը հակամարտության սկզբնական շրջանում բանակցային լեքսիկոնում գործածվում էր, եւ որից շատ արագ հրաժարվեցին, նաեւ՝ հայկական դիվանագիտության ջանքերով։ Իսկ այժմ, փաստորեն, այս հարցում հետընթաց ունենք։