Փաշինյանը չարաշահեց իր նկատմամբ հանրության վստահությունը․ Կյուրեղյան (տեսանյութ)

Փաշինյանը չարաշահեց իր նկատմամբ հանրության վստահությունը․ Կյուրեղյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանն ուրբաթ օրը որոշում կայացրեց, համաձայն որի` 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ խմբակցությունները հոկտեմբերի 2-ի երեկոյան կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ (քանի որ այն ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հավաքել էր էլեկտրոնային քարտերը) կողմ քվեարկեցին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ Փոփոխված դրույթի համաձայն` եթե ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավորները բացակայել են «իրենց կամքից անկախ», եւ դրա հետեւանքով քվորում չի եղել, ապա նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ կընդմիջվի: Եվ այս պարագայում նիստը նորից կշարունակվի միայն այդ խոչընդոտների վերացումից հետո: Փոփոխության նպատակը, ըստ Փաշինյանի մեկնաբանության, այն էր, որ վիժեցնեին վարչապետի սցենարը, որով Փաշինյանը պատրաստվում էր ԱԺ-ն շրջափակելու ճանապարհով ճնշում գործադրել խորհրդարանի վրա, որպեսզի իր հրաժարականից հետո կազմակերպված 2 ընտրություններին էլ խորհրդարանականները չմասնակցեին, եւ դրա արդյունքում իրենք գնային արտահերթ խորհրդարանական ընտրության։ Փաստորեն, այդ դրույթն առաջիկայում ուժի մեջ կմտնի։ Սրա վերաբերյալ ՀՅԴ-ական նախկին պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանն ու Էլինար Վարդանյանն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել։ Անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ Կյուրեղյանն ասաց․

«Հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մի ստվար զանգված բերեց ԱԺ շենքի շուրջ, և նա ժողովրդին ներկայացրեց, որ ԱԺ պատգամավորները պատրաստվում են ընդունել մի հակասահմանադրական օրենք, որով նրանք հնարավորություն չեն տալու անցկացնել արտահերթ ընտրություններ։ Ես այդ ամենը, ըստ էության, կարող էի հասկանալ, եթե Նիկոլ Փաշինյանին դիտարկեի որպես ՀՀ քաղաքացի, որպես ակտիվիստ, ՀՀ հպարտ քաղաքացի, ապա դա քաղաքացու պահանջ էր, և ԱԺ պատգամավորներիս նման պահանջ էր ներկայացնում։ Բայց եթե դիտարկենք այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն այդ պահին՝ հոկտեմբերի 2-ին, երկրի վարչապետն էր, ապա նա՝ որպես վարչապետ, պարտավոր էր գործել իր լիազորությունների շրջանակներում։ Իսկ իր լիազորությունների շրջանակներում նա փաստորեն ի՞նչ արեց. նա ժողովրդին բերեց հակաօրինական քայլի, նա իր լիազորությունների շրջանակներից դուրս եկավ, նա չարաշահեց իր նկատմամբ հանրության վստահությունը եւ մեկ կոչով նա կարողացավ այդքան ստվար զանգված հավաքել և մանիպուլյատիվ քայլերով ներկայացրեց մի սխալ մեկնաբանություն․ ԱԺ-ն պատրաստվում է ընդունել մի օրենք, որը հնարավորություն չի տալու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ իրականությունը բոլորովին այլ էր, և, իսկապես, այնտեղ ոչ մի հակասահմանադրական ձևակերպում չկար, ինչը որ ապացուցվեց Սահմանադրական դատարանի կողմից․․․»։

Մանրամասն՝ տեսանյութում։