Վարչապետը մասնակցում է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովին

Վարչապետը մասնակցում է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովին

Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները:

«Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, երևույթը, որը մեր երկիրը պետք է նոր մակարդակի բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով: Ի՞նչ ենք նկատի ունենում` անհատական ջանք ասելով. նկատի ենք ունենում օրինակ` «Ապագա ռեզոթ» ընկերության հիմնադիր Արտակ Չիբուխչյանին, ով մի օր որոշում է, որ Ռուսաստանի Դաշնությունից պետք է գա Հայաստան և Ենոքավանի լքված տարածքում ստեղծի մի կառույց, որը պետք է փոխի համայնքի կյանքը, Հայաստանի Հանրապետության իմիջը:

Նկատի ունեմ իջևանցի գործարար Անդրանիկ Ղազարյանին, ով Ուկրաինայում հաջողության է հասել, վերադառնում է Հայաստան և շուտով նրա շնորհիվ Իջևանի անշարժ գույքի շուկայում երկար տարիների ընդմիջումից հետ կհայտնվի նոր առաջարկ՝ բազմաբնակարան շենքի տեսքով: Նկատի ենք ունենում «Քարահունջ» գինետան հիմնադիրներին, որովհետև այս մարդիկ գալիս են Սփյուռքից և Հայաստանում ստեղծում նոր իրականություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ անհատական ջանք ասելով նկատի են ունենում նաև «Հայրապետյան եղբայրներ» ընկերությանը, որոնք երկար տարիներ ղեկավարում են Պարզ լիճը` ստեղծելով բնության և բիզնեսի ներդաշնակության մի նոր երևույթ: