Պիցցակերածների արշավանքն ընդդեմ քայլարածների

Պիցցակերածների արշավանքն ընդդեմ քայլարածների

Մեր նախկին նախագահների գրեթե բոլոր պաշտոնական գործողությունները նպատակաուղղված են եղել ամեն գնով իշխանությունը զավթելուն, այն իրենց ձեռքում պահելուն, հարստանալուն եւ իրենց կլաններին հարստացնելուն։ Այդ տարիներին քաղաքական ու պետական կառույցներում գործած «պիցցակերածներից» հեշտ չէ միանգամից ազատվելը։ Այդ երեք նախագահներն էլ, փաստորեն, անձեռնմխելի են, իսկ թե քաղաքական սպանություններն ու միլիարդների թալանն ով է կատարել՝ չգիտեն։ Ինչո՞ւմ է բանը։

Ինչո՞ւ է Ռոբերտի բաժանած պիցցան մեր երկրում այդքան պահանջված ու շատերի համար այդքան համեղ։ Որտե՞ղ մնացին քայլարածների առաջ քաշած աշխարհաշեն ծրագրերը։ Թող քաղաքական դափնիները նրանց չշլացնեն։ Մեր երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը մտահոգիչ է։ Շինարարությունը 70 տոկոսով կանգնած է։ Քաղաքական անկանխատեսելիության գործոնն օր օրի մեծանում է։ Ի՞նչ ներդրումների մասին կարող է խոսք գնալ, երբ մեր տնտեսական դաշտն ականապատված է օրենսդրական անհեթեթություններով։ Պետական ծառայությունների մեծ մասը գործարարների ու քաղաքացիների համար անհասանելի է։ Օրինակ՝ մեր կազմակերպությունից արտասահմանցիներն ուզում էին շինարարական նորագույն տեխնոլոգիաներ գնել։

Մեր արտադրած շինանյութերին վերաբերող տեխնիկական պայմանները պահանջվում էր ստանդարտացնել։ Դիմեցինք ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Ազգային ստանդարտների ինստիտուտի պատկան աշխատակիցներին՝ մեր կողմից կազմված տեխնիկական պայմանները հաստատելու խնդրանքով։ Շուրջ մեկ ամիս քաշքշեցին մեզ՝ իրարամերժ պատճառներ հորինելով, որպեսզի մեծ փողերի դիմաց այդ փաստաթղթերն իրենք կազմեին։ Մենք էլ վստահ չէինք, որ այդ բոշիմայլեցիները կկարողանային մեր փոխարեն ճիշտ տեխնիկական փաստաթղթեր կազմել՝ թեկուզ մեծ փողերի դիմաց։ Ներկայացվող փաստաթղթերը ձեւական առումով պետք է կազմված լինեին ըստ իրենց կողմից սահմանված ստանդարտների, իսկ այդ ինստիտուտի կողմից սահմանված ստանդարտներից ոչ մեկի թվայնացված տարբերակը համացանցում չկա, որպեսզի դրանից օգտվենք, այն դեպքում, երբ բոլոր ստանդարտները պետք է ունենան միջպետական ուժ ու նշանակություն եւ, ըստ միջազգային օրենքների, անպայման համացանցում տեղադրված լինեն։

Մեր գործը մերժվեց՝ իրենց՝ «բոշի մայլի» ստանդարտներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ ՀՀ Ազգային ստանդարտների ինստիտուտի պաշտոնական կայքում երեք քաչալ գլուխ է երեւում միայն, մեկը տնօրենինն է, մյուսները՝ նրա տեղակալներինը։ Դե եկեք աշխարհին ասեք, թե ներդրումային ինչ միջավայր ենք ստեղծել Հայաստանում։ Սա մեր իրականությունից վերցրած մի փոքրիկ օրինակ է դեռեւս։

Առիթից օգտվելով՝ դիմում եմ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին. մեծարգո նախարար, Ձեր ծոցատետրում եթե կա ՀՍՏ 2. 114-2014 «Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ»-ի ներածական մասը, ծախեք, խնդրում եմ, ես կառնեմ, ինչ գնով էլ լինի, քանզի ես Ձեր համակարգի հետ առնչվելով՝ սրտխառնուքի դեմ դեղեր գնելու համար ավելի շատ փող եմ ծախսում, քան այդ թղթի կտորն արժե, բացի այդ, իմ արտասահմանցի գործընկերներից ես ամաչում եմ արդեն։ Հույս ունեմ, որ ՀՀ կառավարությունը մեր Ազգային ստանդարտների ինստիտուտի ղեկավարությանը կստանդարտացնի։