Նոր ձևաչափով համերգ

Նոր ձևաչափով համերգ

Gate of Frequency՝ Մուտքձայնային հաճախականություն․ այսպես է կոչվում ապրիլի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք նոր ձեւաչափով համերգը, որի ընթացքում կհնչեն «Գրեմմիի» մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի օրիգինալ ու նոր ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ։  

Վահագն Հայրապետյանի համար համերգի ընդհանուր երաժշտական իմաստը դուրս է գալիս «ոճ» հասկացությունից։ «Դա մի նոր ոճ է, նոր պլատֆորմ՝ վաղվա երաժիշտների միտքը բացելու համար»,- ասում է երաժիշտն ու նկատում, որ իրենց համար էլ է անակնկալ համերգի ծրագիրը, քանի որ էքսպերիմենտներ շատ են լինելու։  

Ամբողջ երաժշտական պատմությունն է էքսպերիմենտ․ իր խոսքում նկատում է Վահան Մարտիրոսյանը․ «Մեր աշխատանքը հենց դա է՝ էքսպերիմենտ անել, կարող է այդ փորձարկումներ անող երաժիշտների անունները չհիշվեն, բայց նրանց ոճը չի մոռացվի, բոլոր հանճարեղ հայտնագործությունները հանկարծակի են լինում։ Մարդկանց տարիներ ի վեր սովորեցրել են ինչպես անել, հենց դա է սխալը, պետք է սովորեցնեն ինչպես փնտրել: Արվեստի գործառույթը հենց դրա մեջ է՝ փնտրելու»։ 

«Ինձանից ավելի տաղանդավոր մարդիկ կան, բայց չկա այն ճիշտ հարթակը, որ կարողանան այդ մարդիկ ի հայտ գան»,- հանդիպման ընթացքում ասաց Արտո Թունջբոյաջյանը։  

«Երաժշտությունն ինձ համար իմ կյանքի ձայնն է, կարեւոր չէ մասնագիտությունը, կարեւորը մարդու անկեղծ մտածելու ձեւն է։ Ինչ փնտրում ես, քո մեջ է, հետո հաջորդում է, թե ինչ ես տեսնում։ Ես ամեն ինչ կարող եմ անել, որովհետեւ միտք ունեմ։ Թուրքիայում, ճիշտ է, մեզ չէին սիրում, բայց միշտ ասում էին՝ հայերը ստեղծագործ մարդիկ են․ դա պետք է հիշենք, որ երիտասարդների համար առողջ մի պլատֆորմ ստեղծենք։ Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան, բայց, ցավոք, իրենց համար չենք կարողանում հարթակ գտնել, որ իրենց մտքերն առաջարկեն։ Հետո գնում են ուրիշ երկրներ՝ իրենց մտքերն այնտեղ են առաջարկում։ Շատ կարեւոր է երիտասարդների համար առողջ հարթակ ստեղծել։ Մենք միշտ անուններ ենք թվում, բայց չենք մտածում, թե այդ անունները ոնց են հասել այդտեղ։ Հայաստանում լավ երիտասարդներ կան, բայց մենք իրենց ստիպում ենք մեզ պես մտածել ու էդպես անընդհատ հետ ենք գնում, ապագայի մասին չենք մտածում: Սա սկիզբն է, չգիտեմ ուր կհասնենք, բայց ուզողը, մտածողը, լսողը, տեսնողը կգտնի ճանապարհը։ Ամեն ինչ մեկով սկսում է, բայց մեկով չի ավարտվում։ Մարդ լինելը մեր հիմքն է, բայց ազգ լինելն այդ մարդու համեմունքներն են, դրա համար մենք ուզում ենք այդ սահմանները երաժշտության մեջ իրար համադրել»։   

Թունջբոյաջյանի կարծիքով՝ կարեւոր է, թե ինչ դպրոց եւ կրթություն ունես։ Բայց, միեւնույն ժամանակ, ամենամեծ շուկան մարդու ձեռքում է․ «Հեռախոսի միջոցով կարող ես ինչ ասես լսել, ում հետ ասես կապվել։ Մենք պետք է ուշադիր լինենք, թե ոնց է կյանքը զարգանում։ Տեխնոլոգիան վատ բան չէ, բայց մեր սարքածի ստրուկը դարձանք։ Ժողովրդական երգի կողքը մի հատ կոմպյուտեր դնելը չի նշանակում, որ մոդեռն դարձար, դա նշանակում է, որ հետամնաց մոդեռն ես, որովհետեւ ապրանքը փոխում ես, բայց միտքդ մնում է նույնը»։