Կռվից հետո բռունցքներ չեն ճոճում

Կռվից հետո բռունցքներ չեն ճոճում

«Սահմանադրության հոդված 48-ում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվեի նախաձեռնության ստորագրահավաքը որքանո՞վ է օրինական: Սահմանադրության հոդված 163-ը սահմանում է, որ սահմանադրության 1-4 հոդվածները փոփոխության ենթակա չեն: Փոխելով սահմանադրության հոդված 48-ը եւ ԱՀ նախագահի ու ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրելու իրավունք վերապահելով ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց չե՞ն սահմանափակվում ԱՀ անկախությունը եւ ինքնիշխանությունը, որ ամրագրված են սահմանադրության 1-ին հոդվածում, որը սահմանադրության հոդված 163-ով սահմանված է անփոփոխելի:

Ի՞նչ են մտածում այս կապակցությամբ ԱՀ Գերագույն դատարանի նախագահը, որ սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին է եւ արդարադատության նախարարը: Ի՞նչ կասեն սահմանադրագետ-իրավաբանները: Առաջարկում եմ, որպեսզի ԱԺ պատգամավորների մեկ երրորդը, օգտագործելով սահմանադրությամբ ընձեռնված իրավունքը, այս հարցով դիմի Գերագույն դատարան»: Ֆեյսբուքում այս գրառումը տողերիս հեղինակն արել է հունիսի 4-ին: Նույնը մի քանի օր անց կրկնել եմ Արցախի հանրայինին տված հարցազրույցում, ապա եւս երկու ֆեյսբուքյան գրառում եմ արել: Ցավոք, մեկ քաղաքական ուժից՝ Ազատ հայրենիք կուսակցությունից, բացի մյուսներն անցած մեկուկես ամսում «իջել էին ջրի հատակը եւ սպասում էին՝ մինչեւ անցնի վտանգը»: Իսկ վտանգը չանցավ: Քաղաքական իներտության, պատկան մարմինների թողտվության պայմաններում նախաձեռնողները կարողացան հավաքել բավարար թվով ստորագրություններ: Եւ հարցը պետք է հետագա ընթացք ունենա՝ ԿԸՀ-ն կպարզի ստորագրությունների վավերականությունը, կուղարկի ԱԺ, վերջինս կդիմի Գերագույն դատարանին՝ պարզելու փոփոխությունների սահմանադրականությունը: Եւ քանի որ իրավիճակի համար պատասխանատվությունը հիմնականում Ազգային ժողովի վրա է, վերջին օրերին այնտեղից հնչում են տեսակետներ, որ առաջարկվող փոփոխությունները հակասում են սահմանադրության առաջին հոդվածին, շոշափում են ԱՀ անկախությունը եւ ինքնիշխանությունը: Կռվից հետո բռունցքներ չեն ճոճում, պարոնայք:

Ազգային ժողովը պետք է քաղաքական համարձակություն ունենար եւ ստորագրահավաքի առաջին օրը հայտարարություն տարածեր եւ կոչով դիմեր քաղաքացիներին՝ չտրվելու մանիպուլյացիաների, զերծ մնալու իրավիճակի ապակայունացման ծրագրին մասնակցությունից: Դա, անկասկած, կունենար իր ազդեցությունը, նախաձեռնող խումբն այդ դեպքում հազիվ թե բավարար քանակի ստորագրություններ հավաքեր: Այժմ, որքան կարելի է հասկանալ, Ազգային ժողովից խնիրը հասցեագրում են Գերագույն դատարանին, որպեսզի վերջինս փոփոխությունները ճանաչի հակասահմանադրական: Այդ դեպքում խորհրդարանը թեթեւացած շունչ կքաշի, որովհետեւ հարցն ինքնին դուրս կգա քննարկումից, քաղաքական դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտություն չի լինի: Իսկ հետո՞: Դրանով ամեն ինչ ավարտվու՞մ է:

Իհարկե՝ ոչ, նախաձեռնող խումբը հայտարարում է, որ փողոցային պայքար է սկսելու: Եւ Ազգային ժողովը դարձյալ լուռ է: Մինչդեռ կա ժողովրդին բաց տեքստով դիմելու անհրաժեշտություն: Պետք է այսօր իսկ հորդոր հղել, պարզաբանել, որ փողոցում հարցեր չեն լուծվում: Եւ, իհարկե, առաջարկել այլընտրանք: