Տնօրենի ընտրությունը վրդովեցրել է թիվ 10 դպրոցի մանկավարժներին

Տնօրենի ընտրությունը վրդովեցրել է թիվ 10 դպրոցի մանկավարժներին

Ժամանակին հայագիտական թեքումով Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող  Սվետլանա Թադեւոսյանը  հիշում է, որ մինչեւ 90-ականները, 8-րդ դասարանը տարբեր դպրոցներում ավարտած աշակերտները քննություն էին հանձնում հայոց լեզվից եւ գրականությունից, ընդունվում հայագիտական դասարան։ 
«Հայագիտական դասարանը դպրոցում գործել է տասը տարի։ Ապագա հայագետներն ուսումնասիրում էին գրաբար, բանահյուսություն, գորգարվեստ, փայտամշակում, հայկական երգ ու պար։ Այդ առարկաները դասավանդում էին լավագույն մասնագետներ։ Որոշակի խնդիրների պատճառով, սակայն, երբ արդեն հնարավոր չէր մարզերից Երեւան եկած աշակերտներին ապահովել հանրակացարանով կամ բնակարանով, հայագիտական թեքումով դասարանները դադարեցին գործել»,- նշեց Սվետլանա Թադեւոսյանը։ 

Հիմա փաստն այն է, որ կան ռուսերենի եւ անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցներ, բայց չկա հայագիտական խորացված ուսուցմամբ դպրոց։

Այս օրերին, սակայն, դպրոցի կոլեկտիվին հուզում է, թե ով է հաղթելու մրցույթով եւ ով է լինելու դպրոցի նոր տնօրենը։ 

Հունիսի 14-ին կրթության եւ գիտության նախարարության կողմից նշանակված էր «Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ։ Մրցույթը, ըստ, կոլեկտիվի, անցել է անհավասար պայմաններում, դպրոցի կառավարման խորհրդի նախագահի վրա ճնշում է գործադրել Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը։ Այդ մասին կոլեկտիվը, 24 հոգու ստորագրությամբ, նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ակնկալելով, որ կլինի նոր  արդար մրցույթ։ 

Դպրոց կատարած մեր այցելության ժամանակ մանկավարժները մանրամասն ներկայացրեցին տնօրենի թափուր պաշտոնի համար տեղի ունեցած մրցույթը, իրենց մտահոգությունները, որ տնօրենի պաշտոնին հավակնում են դպրոցի հետ կապ չունեցող, մանկավարժ չաշխատած  անձինք։

Մանրամասները՝ տեսանյութում։