Երևան-Գյումրի ուղղությամբ երկրորդ նոր էլեկտրագնացքն է շահագործվելու

Երևան-Գյումրի ուղղությամբ երկրորդ նոր էլեկտրագնացքն է շահագործվելու

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն օրերս երկրորդ՝ Պ2Դ նոր էլեկտրագնացքն է Հայաստան բերել: Այն աշխատելու է էքսպրեսի ձևաչափով Երևան-Գյումրի-Երևան երթուղում, որտեղ արդեն իսկ գործում է նմանատիպ նոր էլեկտրագնացքը: Երկրորդ գնացքի գործարկումը թույլ է տալու ավելացնել չվերթների հաճախականությունը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերության ներսում քննարկել են նոր էլեկտրագնացքը շահագործել Երևան-Թբիլիսի-Բաթում ուղղությամբ, սակայն հաշվի առնելով, որ միայն նստատեղեր են, պառկելատեղերը բացակայում են, ինչը երկար ճանապարհ գնալու համար անհարմար է, որոշել են այն կրկին շահագործել Երևան-Գյումրի ուղղությամբ: Ընկերության աշխատակիցների խոսքերով մարտ ամսին գնացքն իր առաջին չվերթը կիրականացնի:

«Անցյալ տարի բերված նոր էլեկտրագնացքը արդարացրեց ընկերության ղեկավարության հույսերը: Սկզբում ուղևորների պակաս կար, բայց հիմա տուրիստական կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ կան,եւ գործերը լավ են» ,-ասաց երկաթուղու աշխատակիցը՝ նշելով, որ այս էլեկտրագնացքը նախորդ տարի բերված էլեկտրագնացքից առանձնապես չի տարբերվում : Ինչպես նախորդը, սա էլ հարմարեցված է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից։ Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքը ունի մոտ 130 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, Wi-Fi։

Հիշեցնենք, որ 1-ին նոր էլեկտրագնացքը Հայաստան էր բերվել 2017թ-ին, երթուղի էր դուրս եկել 2018թ-ի մարտ ամսին: Երևանից Գյումրի է հասնում 2 ժամում, ուղեվարձը 2500դրամ է, գնացքը Երևանից Գյումրի է մեկնում եւ վերադառնում ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին: Մեր տեղեկություններով այն Հայաստան էր բերվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ընկերության միջև ձեռք բերված համաձայնագրով , եւ արժեր մոտ 2մլն 700հզր դոլար: Նշենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հունվարի 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 11 հազար 320 ուղևոր, ինչը 31%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանահատվածի ցուցանիշը: