Իշխանությունը հիստերիայի մեջ դեն գցեց արդարության համար պայքարողի բարեսիրտ դիմակը. Ռոբերտ Քոչարյան

Իշխանությունը հիստերիայի մեջ դեն գցեց արդարության համար պայքարողի բարեսիրտ դիմակը. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանւ հարցազրույցը՝ «Գոլոս Արմենի»-ին․

- Իշխանությունը չունի զարգացման հստակ հայեցակարգ: Ի՞նչ եք մտադիր հակադրել «մերկ» ամբոխահաճությանը (պոպուլիզմին), այլ կերպ ասած` ինչո՞վ է հիմնավորված քաղաքականություն վերադառնալու` Ձեր հայտը: Պետությանն անհրաժեշտ է զարգացման կենսունակ նախագիծ, մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ կլինի վաղը երկրի հետ, չէ՞ որ ժամանակն աշխատում է ոչ միայն վարչապետի, այլ նաև Հայաստանի ու Արցախի դեմ:

- Կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր և կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ: Պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի պես, ընդ որում` հասարակության համար ըմբռնելի ռեժիմով: Առանց դրա պարզապես անհնար է երկրի հաջող արդիականացման, բարեփոխումների և արդյունավետ կառավարման իրականացումը: Ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու հաջողված փորձ ունեմ: Վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսության ամենատարբեր բնագավառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այնպես որ` ռազմական ու պետական շինարարության, սոցիալ-տնտեսական մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունեմ, ինչպես նաև ժամանակակից բիզնեսի մեխանիզմների գործադրման ընկալում: Հայաստանում շա՞տ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ:

- Հասարակության մի մասի համար ընդդիմություն լինելը Քոչարյանի հետ լինելն է, հակառակ պարագայում` իշխանությունների ապօրինություններին դիմադրելը արդյունավետ չի համարվում: Որքա՞ն եք մտադիր հետևել սպասողական մարտավարությանը և ո՞ր պահին կհնչեցնեք Ձեր պատկերացումները ընդդիմության կոնկրետ ձևաչափի մասին, որի նպատակն է լինելու ձևավորել «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակը: Հայտնի է, որ խորհրդարանում ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, և գործունակ այլընտրանքային քաղաքական բևեռ կարող է ձևավորվել Ձեր մասնակցությամբ ու Ձեր շուրջը:

- Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ:

- Չե՞ք կարծում, որ քաղաքական դաշտում առկա ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ, հակառակ դեպքում` «ներքևից» դժգոհությունը կարող է հանգեցնել այն բանին, որ իշխանության հարցը դարձյալ կլուծվի փողոցում, և մի պոպուլիստի փոխարեն իշխանության կգա մեկ ուրիշը: Ինչպե՞ս կանխել այդ վտանգը:

- Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ` Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ավելին՝ սկզբնաղբյուրում