Սամանտա Շվեբլին. Սպանել շանը

Սամանտա Շվեբլին. Սպանել շանը

Սամանտա Շվեբլինը համարվում է վերջին տասնամյակների լավագույն արգենտինացի հեղինակներից մեկը: Թարգմանվել է ավելի քան 24 լեզուներով, տարբեր հեղինակավոր գրական մրցանակների հաղթող է: Գրում է պատմվածքներ, վեպեր:

Հրատարակված գրքեր. 2002թ. - «Խռովության կորիզը», El núcleo del disturbio, 2009թ. - «Թռչունները՝ բերանում», Pájaros en la boca, 2014թ. - «Փրկող հեռավորություն», Distancia de rescate, 2015թ. - «Յոթ դատարկ տներ», Siete casas vacías, 2018թ. - «Կենտուկիս», Kentukis: 

Խլուրդն ասում է՝ անո´ւնդ, եւ ես պատասխանում եմ: Սպասում էի նրան պայմանավորված վայրում, որտեղից ինձ վերցրեց «Պեժոյով», որը հիմա ես եմ վարում: Հենց նոր հանդիպեցինք: Նա ինձ չի նայում, ասում են, որ երբեք ոչ ոքի աչքերին չի նայում: Տարի´քդ՝ ասում է, քառասուներկու՝ պատասխանում եմ, եւ երբ ասում է, որ ես ծեր եմ, մտածում եմ, որ ինքը հաստատ ինձնից ավելի մեծ կլինի: Կրում է փոքրիկ սեւ ակնոց, եւ կարծում եմ, դա է պատճառը, որ նրան Խլուրդ են ասում: Հրամայում է վարել դեպի մոտակա հրապարակը, ինքն էլ  հարմարվում է նստատեղին եւ թուլանում: Փորձությունը հեշտ է, բայց անչափ կարեւոր է այն հաղթահարելը, դրա համար նյարդայնանում եմ: Եթե ինչ-որ բան այնպես չանեմ, չեմ մտնի, իսկ եթե չմտա, փող չի լինի, ներս մտնելու ուրիշ պատճառ չկա: Բուենոս Այրեսի նավահանգստում ծեծելով շուն սպանելը փորձություն է՝ պարզելու համար, թե արդյո՞ք մեկն ի վիճակի է ավելի վատ բան անել: Նրանք ասում են՝ ավելի վատ բան, եւ փախցնում են հայացքը, կարծես թե մենք՝ այն մարդիկ, ովքեր դեռ չեն «մտել», չգիտենք, որ ավելի վատը մարդ սպանելն է, մարդ ծեծելը, ծեծելով մարդ սպանելը: 

Երբ մայրուղին բաժանվում է երկու փողոցի, ես ընտրում եմ ավելի մութը: Կարմիր լուսակիրների շարքը մեկը մյուսի ետեւից կանաչում է՝ թույլ տալով արագ առաջանալ, մինչեւ շենքերի արանքում բացվի մուգ, կանաչ տարածք: Մինչ մտածում եմ՝ գուցե այդ հրապարակում շներ չլինեն, Խլուրդը հրամայում է կանգ առնել: Դուք մահակ չեք վերցրել՝ ասում է նա: Ո´չ՝ ասում եմ: «Բայց չեք սպանի շանը ծեծելով, եթե մոտներդ ոչինչ չունեք»: Նայում եմ նրան, բայց չեմ պատասխանում, գիտեմ, որ ինչ-որ բան է ասելու, որովհետեւ հիմա արդեն ճանաչում եմ նրան, հեշտ է նրան ճանաչելը: Թող վայելի՛ լռությունը, հրճվում է այն մտքից, թե իմ արտաբերած ամեն մի բառն իմ դեմ է աշխատում: Թուքը կուլ է տալիս ու երեւի մտածում՝ «ոչ ոքի էլ չես սպանի»: Վերջապես ասում է՝ բեռնախցիկի մեջ բահ կա, կարող եք այն օգտագործել: Եվ ակնոցի տակ աչքերը հաճույքից փայլում են հաստատ: 

Մի քանի շուն քնած են կենտրոնական շատրվանի շուրջը: Ձեռքերիս մեջ ամուր սեղմեցի բահը, ցանկացած պահը կարող է հարմար առիթ լինել, ավելի եմ մոտենում: Շներից մի քանիսը կարծես արթնանում են: Հորանջում են, աշխուժանում, նայում են միմյանց, նայում ինձ, գռմռում են, եւ երբ մոտենում եմ, մի կողմ են քաշվում: Սպանել հատկապես մեկին, այն մեկին, որ արդեն ընտրված է՝ հեշտ է: Բայց ընտրելու համար, թե որ մեկը պիտի մեռնի, ժամանակ եւ փորձառություն է պահանջվում: Ամենածեր շունը, ամենասիրունը, թե ամենակատաղածը: Ե´ս պետք է ընտրեմ: Վստահ եմ, որ Խլուրդը նայում է մեքենայից ու քմծիծաղում: Երեւի մտածում է, թե ով որ նման չէ իրենց, սպանելու ունակ չէ:

Շները շրջապատում են ինձ, հոտոտում, ոմանք հեռանում են, որպեսզի իրենց չանհանգստացնես, ու նորից մրափում, մոռանում են ինձ: Խլուրդի համար, մեքենայի մութ ապակիներից եւ ակնոցի մութ ապակիներից անդին, ես պետք է որ չնչին ու անհեթեթ լինեմ՝ կառչած բահին եւ շրջապատված շներով, որ այժմ նորից մրափում են: Մեկը՝ սպիտակ, խալերով, գռմռում է սեւի վրա, եւ երբ սեւը նրան թաթով չանչում է, երրորդ շունը հաչում եւ ցույց է տալիս իր ատամները: Հետո առաջինը կծում է սեւին, եւ սեւը, ատամները սրած՝ բռնում է նրա վզից եւ քաշքշում: Բարձրացնում եմ բահը, եւ հարվածն իջնում է խալերովի կողերին, վնգստոցով ընկնում է: Անշարժ է, հեշտ է նրան տեղափոխելը, բայց երբ ոտքերից բռնում եմ, ուշքի է գալիս, կծում է թեւս, որ անմիջապես սկսում է արնահոսել: Ես կրկին բարձրացնում եմ բահը եւ խփում նրա գլխին: Շունը նորից ընկնում է եւ գետնից նայում ինձ՝ շնչում է ընդհատ, բայց չի շարժվում: 

Սկզբում դանդաղ, իսկ հետո ավելի վստահ՝ շան թաթերը մոտեցնում եմ իրար, վերցնում եմ եւ տանում դեպի մեքենան: Ծառերի միջեւ ինչ-որ ստվեր է շարժվում, հարբած մեկն է հայտնվում, ասում է, որ այդպես չի կարելի, որ շներն իմանում են, թե ով էր մեղավորը, եւ նա վճարում է: Նրանք գիտեն՝ ասում է նա, նրանք գիտեն, հասկանո՞ւմ եք, եւ պառկում է նստարանին: Երբ մեքենային եմ հասնում, տեսնում եմ, որ Խլուրդը նստած սպասում է ինձ ճիշտ նույն դիրքում, ինչ առաջ էր, նկատում եմ նաեւ, որ  բեռնախցիկը բաց է: Շունը լեշի պես ընկնում է, եւ երբ փակում եմ բեռնախցիկը, նա նայում է ինձ: Խլուրդը դեռ առաջ է նայում: Ասում է՝ եթե  թողնեիք նրան գետնին, կվերկենար եւ կգնար: Այո՝ ասում եմ: Ո´չ, ասում է, մինչ գնալը պիտի բացեիք բեռնախցիկը: Այո՝ ասում եմ: Ո´չ, պիտի անեիք եւ չեք արել՝ ասում է նա: Այո՝ ասում եմ եւ անմիջապես փոշմանում, բայց Խլուրդը ոչինչ չի ասում եւ նայում է ձեռքերիս: Նայում եմ ձեռքերիս, նայում եմ ղեկին ու տեսնում, որ ամեն ինչ ներկված է, տաբատիս ու մեքենայի գորգի վրա արյուն կա: Պետք է ձեռնոցներ հագած լինեիք՝ ասում է նա: Վերքը ցավում է: Գալիս եք շուն սպանելու եւ ձեռնոցներ չունեք՝ ասում է նա: Այո՝ ասում եմ:  Ո´չ, ասում է: Արդեն գիտեմ՝ ասում եմ ու լռում: Գերադասում եմ ցավի մասին ոչինչ չասել:

Միացնում եմ շարժիչը, եւ մեքենան սահուն պոկվում է տեղից: Փորձում եմ կենտրոնանալ, հասկանալ, թե հանդիպակաց բոլոր փողոցներից որը կարող է ինձ տանել նավահանգիստ՝ առանց Խլուրդի հրահանգների: Այլեւս չեմ կարող սխալվել: Գուցե լավ կլիներ կանգնել որեւէ դեղատան մոտ եւ գնել մի զույգ ձեռնոց, բայց դեղատների ձեռնոցները պիտանի չեն, իսկ տնտեսական խանութներն այս ժամին փակ են: Նեյլոնե տոպրակն էլ չի օգնի: Կարող եմ հանել բաճկոնս, փաթաթել այն ձեռքիս ու օգտագործել որպես ձեռնոց: Այո´, ես կաշխատեմ այսպես: Մտածում եմ ասածիս մասին՝ «աշխատե՜լ», ինձ դուր է գալիս, որ կարող եմ խոսել Նրանց պես: Մտնում եմ Կասերոսի փողոց, կարծեմ՝ իջնում է մինչեւ նավահանգիստ: Խլուրդն ինձ չի նայում, հետս չի խոսում, անշարժ է, միայն առաջ է նայում ու հանգիստ շնչում: Ինձ թվում է, որ նրան Խլուրդ են ասում, որովհետեւ ակնոցի ապակու ետեւում փոքր աչքերն են: Մի քանի խաչմերուկից Կասերոսը հատում է Չակաբուկոն: Հետո Բրազիլիայի փողոցն է, որ տանում է նավահանգիստ:

Կտրուկ շրջում եմ ղեկն ու ընթացքից մեքենայի հետ մի կողմ եմ թեքվում: Բեռնախցիկում գտնվող մարմինը խփվում է ինչ-որ բանի, ապա լսվում են ձայներ, կարծես շունը դեռ փորձում է վերկենալ: Կենդանու ուժից զարմացած Խլուրդը ժպտում է ու ցույց տալիս աջ: Երբ կտրուկ արգելակումով թեքվում եմ դեպի Բրազիլիա, անիվները ճռռում են, բեռնախցիկում դարձյալ աղմուկ է. շունը փորձում է տեղավորվել բահի եւ հետեւում եղած այլ իրերի միջեւ: Խլուրդն ասում է՝ արգելակե´ք: Արգելակում եմ:

Ասում է՝ արագ: Ժպտում է, ես արագացնում եմ: Ավելի´, ասում է, ավելի արագացրեք: Հետո ասում է՝ արգելակե´ք, եւ արգելակում եմ: Հիմա, երբ շունը բազում հարվածներ է ստացել, Խլուրդը խաղաղվում է եւ ասում է՝ քշե´ք: Այլեւս ոչինչ չի ասում: Քշում եմ: Այն փողոցը, որով վարում եմ, չունի լուսակիրներ կամ սպիտակ գծեր, իսկ շենքերը գնալով ավելի ու ավելի են հնանում: Ցանկացած պահի կհասնենք նավահանգիստ:

Խլուրդը հրահանգում է աջ: Ասում է, որ շարունակեմ եւս երեք խաչմերուկ եւ թեքվեմ ձախ՝ դեպի գետը: Ենթարկվում եմ: Արդեն հասնում ենք նավահանգիստ, եւ ես կանգնեցնում եմ մեքենան ավտոկայանում, որտեղ տեղակայված են մեծ կոնտեյներներ: Նայում եմ Խլուրդին, բայց նա ինձ չի նայում: Առանց ժամանակ կորցնելու՝ իջնում եմ մեքենայից եւ բացում բեռնախցիկը: Բաճկոնս թեւիս չփաթաթեցի, բայց այլեւս ձեռնոցներ պետք չեն, ամեն ինչ արված է, պիտի շուտ ավարտենք, որ գնանք այստեղից: Դատարկ նավահանգստում, հեռվում միայն թույլ դեղին լույսեր են երեւում, որ փոքրիշատե լուսավորում են եղած մի քանի նավը: Գուցե շունն արդեն սատկել է, մտածում եմ, լավ կլիներ, որ առաջին անգամ ավելի ուժեղ հարվածեի, հիմա հաստատ սատկած կլիներ: Ավելի քիչ աշխատանք, ավելի քիչ ժամանակ Խլուրդի հետ: Ես նրան ուղղակի սպանած կլինեի, բայց Խլուրդը գործն այսկերպ է անում: Քմահաճույքներ են: Շանը կիսամեռ նավահանգիստ բերելը ոչ ոքի ավելի համարձակ չի դարձնում: Բոլոր մյուս շների առջեւ նրան սպանելն ավելի դժվար էր:

Երբ դիպչում եմ նրան, երբ թաթերը միացնում եմ իրար, որ մեքենայից դուրս բերեմ, նա բացում է աչքերը եւ նայում ինձ: Ես բաց եմ թողնում նրան, եւ նա ընկնում է բեռնախցիկի հատակին: Առջեւի թաթով ճանկռոտում է արյունոտ գորգը, փորձում վերկենալ, հետեւի ոտքերը դողում են: Դեռ շնչում է եւ ընդհատ է շնչում: Խլուրդը երեւի րոպեներն է հաշվում: Նորից եմ բարձրացնում շան մարմինը, մի  տեղը երեւի ցավում է, քանի որ նա վնգստում է, չնայած այլեւս չի շարժվում: Դնում եմ գետնին եւ քարշ տալիս, որ հեռացնեմ մեքենայից: Երբ վերադառնում եմ բեռնախցիկի մոտ՝ բահը վերցնելու, Խլուրդն իջնում է: Հիմա շան կողքին է, նայում է նրան: Ես բահով մոտենում եմ, տեսնում եմ Խլուրդի թիկունքը եւ նրա հետեւում, գետնին՝ շանը: Եթե ոչ ոք չիմանա, որ շուն եմ սպանել, ոչինչ էլ ջրի երես դուրս չի գա: Խլուրդը չի շրջվում՝ ինձ մի բան ասելու համար: Բարձրացնում եմ բահը: Հիմա´,- մտածում եմ, բայց չեմ իջեցնում այն: Հիմա´,- ասում է խլուրդը: Ես բահը չեմ իջեցնում ո´չ Խլուրդի մեջքին, ո´չ շան վրա: Հիմա´,- ասում է նա, հետո բահը կտրում է օդը եւ հարվածով իջնում գետնին ընկած շան գլխին, որ վնգստում է, մի պահ դողում, իսկ հետո ամեն ինչ լռում է: 

Միացնում եմ շարժիչը: Հիմա Խլուրդը կասի ինձ՝ ինչ անուն եմ ունենալու, ում համար եմ աշխատելու եւ որքան գումարով, ինչը որ ամենակարեւորն է: Քշե´ք Ուերգոյով, ապա թեքվեք Կարլոս Կալվո՝ ասում է նա: Բավականին ժամանակ է, ինչ քշում եմ: Խլուրդն ասում է՝ հաջորդին արգելակեք աջի վրա: Ես ենթարկվում եմ, եւ առաջին անգամ Խլուրդը նայում է ինձ: Իջե´ք՝ ասում է: Ես դուրս եմ գալիս, եւ նա զբաղեցնում է վարորդի տեղը: Նայում եմ պատուհանից ներս եւ հարցնում, թե ինչ է լինելու հետո: Ոչի´նչ, ասում է, Դուք տատանվեցիք: Նա միացնում է շարժիչը, եւ «Պեժոն» հեռանում  է՝ ձուլվելով լռությանը: Երբ շուրջս եմ նայում, հասկանում եմ, որ ինձ թողել է հրապարակում: Նույն հրապարակում: Կենտրոնից ՝ շատրվանի մոտից, մի խումբ շներ քիչ-քիչ մոտենում են ու նայում ինձ:

 Թարգմանությունն իսպաներենից՝ Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ