Կանաչապատել ոչ միայն Օպերայի տարածքը, այլ նաև Մոնումենտի չորացած լանջերը

Կանաչապատել ոչ միայն Օպերայի տարածքը, այլ նաև Մոնումենտի չորացած լանջերը

Մի քանի օր է արդեն, ինչ սկսվել է Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժումը, որը, մի կողմից, հարուցել է գործազուրկ դարձած աշխատակիցների զայրույթը, մյուս կողմից՝ ստացել քաղաքացիների մեծամասնության աջակցությունը՝ Օպերային վերադարձնել իր նախկին կանաչապատ տեսքը։    

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը դրական է գնահատում Օպերայի տարածքը սրճարաններից ազատելու գործընթացը։ «Այսօր գնացի նայեցի, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, չնայած մարդկանց բողոքը կարելի է հասկանալ, բայց էդ բողոքն ավելի շատ պետք է վերաբերի քաղաքապետարանի նախկին աշխատակիցներին, որոնք, առանց երկար մտածելու, ժամանակին թույլտվություն են տվել։ Այդ սրճարանները, իհարկե, իրենց դերը կատարում են, բայց այդ տարածքում չափից շատ են, ամեն ինչ չափի մեջ է լավ»,- ասում է նա ու նկատում, որ պետք չէ ամբողջությամբ Օպերայի տարածքը մաքրել սրճարաններից, կա 2-րդ գոտին, որը կծառայի այդ նպատակին․ «Առաջինը կմաքրեն, 2-րդ գոտին կմնա, եւ այդ սրճարանները կաշխատեն մարդկանց համար։ Ուրիշ բան, որ հետագայում կարող է այդ բոլոր սրճարանները մաքրվեն, բայց հիմա դրա կարիքը դեռ չկա։ Այն, ինչ անում են, այդքանը բավական է, եւ լավ է, որ անում են»։  

Հնարավոր կլինի՞ Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիի վրա կանաչ տարածք ապահովել եւ հաստաբուն ծառեր տնկել։ Պողոսյանն ասաց․ «Այո, ավտոկայանը բոլորովին կապ չունի ծառերի հետ, ավտոկայանը կառուցված է այն մասի տակ, որտեղ ասֆալտապատ տարածքն է, եւ այնտեղ, որտեղ հիմա քանդում են սրճարանները, դրա տակ ավտոկայանատեղի չկա, եւ հանգիստ կարելի է ծառերը վերականգնել»։  

Պողոսյանը կարծում է, որ քաղաքապետարանի այս նախաձեռնությունը Երեւանի բնակչությունը պետք է հասկանա եւ ընդունի, որովհետեւ այդ անորակ շինությունները, սրճարանները կառուցվեցին մարդկանց հանգստի գոտու հաշվին․ «Բնակչությունը կարիք ունի ազատ հասարակական տարածքների, որտեղ մարդը կարող է նստել, խոսել, զրուցել՝ առանց սրճարան գնալու։ Պետք է մաքրել նաեւ այն բոլոր մայթերը, որոնք հիմա զբաղված են սրճարաններով, մի հատ անցեք Բայրոնի փողոցով, որն ընդհանրապես փակել են շատ լկտի ձեւով՝ սրճարաններ կառուցելով։ Չի կարելի նման բան անել, մյուս բնակիչները նույնպես մարդ են եւ իրավունք ունեն այնքան, ինչքան սրճարանի տերը, որը կառուցել է դա։ Չի կարելի միակողմանի հարցին նայել։ Իհարկե, կարելի է այդ մարդկանց հասկանալ՝ աշխատանքից, եկամտից են զրկվում, բայց ավելի շատ այդ տերերն են եկամտից զրկվում, ոչ թե աշխատողները»։ 

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն ասում է, որ դա գերհագեցած տարածք է, բայց նախեւառաջ՝ հանրային տարածք, որտեղ մարդիկ կարող էին գնալ հանգստանալ, բայց տեղի էր ունենում հակառակը՝ ամեն սրճարան իր երաժշտությունն էր միացնում, եւ ստեղծվում էր մի այլանդակ իրավիճակ, երբ պատուհանդ անգամ չէիր կարողանում բացել. «Մի կողմից բիզնեսի, աշխատատեղերի խնդիրն է, մյուս կողմից՝ քաղաքաշինական սխալներ են թույլ տալիս՝ մի տեղ կուտակելով այն ամենը, որը, ենթադրենք, մեկին է ձեռնտու։ Քաղաքաշինությունն էլ մարդու օրգանիզմի նման է՝ սիրում է ներդաշնակություն։ Չի կարելի այդքան սրճարան մի տեղ կուտակել ու ամբողջ ժողովրդին ուղղորդել մի տեղ»։

Օպերան, Սարյանի, Կոմիտասի արձանի հարակից տարածքները վայրեր են, որ պետք է պահպանվեն որպես հանրային տարածք. «Քաղաքի կենտրոնը համաքաղաքային նշանակություն ունեցող տարածք է, այդ սրճարանն ամեն տեղ կարող է գտնվել, բայց երբ դրանք կենտրոնացնում ենք մի տեղ, դա նշանակում է, որ մնացած համայնքներից մարդկանց հրավիրում ենք այդտեղ։ Կան խնդիրներ, որ պետք է լինեն ամբողջ քաղաքով ներդաշնակված, եւ կան կառույցներ, որ համաքաղաքային նշանակություն ունեն, ինչպես օպերային թատրոնը։ Ենթադրենք՝ մի քիչ շուտ ես եկել, ուզում ես մի փոքր քայլել, բայց ստիպված ես մի սրճարան նստել եւ այնտեղ սպասել, մինչեւ ներկայացման ժամը գա»։ 

Քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ այն, ինչ հիմա արվում է, եթե ուրիշ սոցիալ-տնտեսական պայմաններում լիներ, կողջուներ, բայց քանի որ Հայաստանը սոցիալ-տնտեսական տեսանկյունից շատ ծանր վիճակում է, նպատակահարմար չէ այսօր այդ գործընթացը սկսելը․ «Ուզում են կանաչ տարածքները վերականգնել, բայց չպետք է մոռանան, որ հիմա Օպերայի տակ ավտոկայանատեղի են սարքել, ու դա այսօր հնարավորություն չի տալիս նորից սաղարթախիտ ծառեր աճեցնել այդտեղ, դրանք լինելու են փոքր, դեկորատիվ ծառեր ու մեծամասամբ՝ խոտ, որովհետեւ ուրիշ բան չեն կարողանալու աճեցնել։ Դրսում, օրինակ, ոչ մի կայանատեղի չեն սարքում կանաչ այգիների ու պուրակների տակ, իսկ Երեւանում անում են եւ անելու են։ Իսկ Երեւանին պետք են սաղարթախիտ, չինարի ծառեր, որ թթվածին տա, այս պայմաններում այդ ծառերն արմատներ չեն տա, ուղղակի դեկորատիվ խաբկանք կստեղծեն»։ 

Խաչատրյանը կարծում է, որ սա պոպուլիստական քայլ է, եւ կանաչապատման բազմաթիվ տեղեր կան․ «Եթե քաղաքապետարանն ուզում է իրական կանաչ տարածքները վերականգնել, ապա Մոնումենտի լանջերը լրիվ չորացել են, թող կանաչապատի, նոր հետո սրճարանների հարցը լուծի։ Կամ էլ թող սրճարանների հարկը մի քանի անգամ ավելացնի, ովքեր գերշահույթ են ապահովում, դրա արդյունքում հա՛մ կրճատումներ չեն լինի, այդ 300 հոգին մի օրում գործազուրկ չի դառնա, հա՛մ էլ բյուջեն գումար կմտնի։ Ինչո՞ւ բոլորը չեն քանդում, ինչո՞ւ է խտրականություն դրվում, դա է վատը։ Իրենք վերցրել, մի փոքր օղակ են սահմանել ու դրանով սահմանափակվել են, բա մնացա՞ծը։ Առաջին քայլը նա կլիներ, որ ասեին՝ բոլորն են անելու, եւ կոնկրետ ժամկետներ նշեին։ Այնպես չէ, որ այդ սրճարանները վերացրեցինք, ու ամեն ինչ ընկավ տեղը»։