Առեղծված

Առեղծված

Արդյո՞ք Փաշինյանն ու թավշյա հեղափոխությունն արեւմտյան պրոյեկտ են, եւ ի՞նչ է սպասվում մեզ Փաշինյանի հեռանալուց հետո: Խոստովանենք, որ 2018թ. ապրիլին շատերս էինք մտածում, որ Հայաստանում տեղի է ունենում գունավոր հեղափոխություն, եւ Սերժ Սարգսյանը շուտով վճռական քայլերի կդիմի իշխանությունը պահելու համար: Այդպես է եղել բոլոր այն երկրներում, որտեղ փորձել են «նորաձեւ» հեղափոխություններով հեղաշրջում իրականացնել:

Հիշենք Եգիպտոսը, Թունիսը, Ուկրաինան… Իշխանությունները փողոց էին հանում իրենց կողմնակիցներին, հակահեղափոխական ցույցեր կազմակերպում եւ այլն: Հայաստանում նման բան տեղի չունեցավ: Ավելին՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ դա իմը չէ, եւ հեռացավ իշխանությունից: Եթե նույնիսկ Փաշինյանն ու իր հեղափոխությունը արեւմտյան պրոյեկտ էին, Սերժ Սարգսյանի այդ քայլը, անշուշտ, շփոթության մատնեց Արեւմուտքին՝ ինչպե՞ս, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը, որ ամենաավտորիտար պետություններից մեկն էր տարածաշրջանում, այդքան շուտ ու հե՞շտ հանձնվեց: Եվ Արեւմուտքն սկսեց կասկածել, որ Հայաստանում տեղի ունեցածն այնքան էլ գունավոր հեղափոխություն չէր: Այո, իրենք էին ուզում անել դա, բայց այն, կարծես, տեղի ունեցավ առանց իրենց: Իսկ ամենազարմանալին, իհարկե, Ռուսաստանի վերաբերմունքն էր թավշյա հեղափոխությանն ու նրա արդյունքին՝ զուսպ, հավասարակշռված, առանց միջամտության որեւէ փորձի:

Ավելին ասենք՝ Մոսկվան, կարծես, գործում էր Սերժ Սարգսյանի հետ համախորհուրդ՝ վերջինիս պլանին համահունչ: Վստահաբար, դա ավելացնում էր Արեւմուտքի կասկածները՝ ինչպե՞ս, մի՞թե Մոսկվային չի մտահոգում 102-րդ ռազմակայանի ճակատագիրը: Այստեղ պետք է արժանին մատուցենք Նիկոլ Փաշինյանին, որ հրաշալի էր կատարում «ռուսական լծից» ազատագրվող Հայաստանի հեղափոխական առաջնորդի դերը: Սկսեց գեներալ Մանվելով ու հասավ Խաչատուրովի պաշտոնանկությանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը պետք է ադապտացվի նոր Հայաստանի հետ նոր հարաբերություններին: Արեւմուտքը, սակայն, Փաշինյանի այդ քայլերին եւս ըմբռնումով մոտեցավ եւ չնահանջեց իր կասկածների մեջ: Այնտեղ ոչ մի կերպ «չէին ուզում» հասկանալ, որ իրենցից բացի որեւէ մեկը նույնպես կկարողանար գունավոր հեղափոխություն անել, այն էլ՝ ազգային արմատներով հեղափոխություն, ինչի մասին սիրում էր հիշեցնել Փաշինյանը:

Այն, որ Արեւմուտքում չընդունեցին Փաշինյանին, ապացուցում է, որ Փաշինյանի թավշյա հեղափոխությունն ամենեւին էլ արտաքին քաղաքական դիվերսիա չէ Հայաստանի դեմ: Հակառակ պարագայում Փաշինյանը կդառնար հայկական Սահակաշվիլի՝ Միխեիլ Սահակաշվիլիից ոչ պակաս համաշխարհային փառքով ու հարգանքով: Բայց… Սահակաշվիլին ուներ ընդդիմություն, իսկ Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսից դա էլ չուներ՝ դաշտում մնացել էր միայնակ՝ թուրը կտրուկ, ժողովուրդը՝ իր կողքին: Երկուսուկես տարի է անցել, Փաշինյանի ընդդիմությունը, կարծես, սկսել է շարժվել, բայց հիմա էլ խնդիր է առաջացել ժողովրդին հեղափոխության կողքին պահելու հարցում:

Հիասթափությունը հեղափոխական իշխանությունից մեծ է՝ ձախողումներ բոլոր ուղղություններով, խայտառակված նախարարներ, կոռուպցիայի ակնհայտ դրսեւորումներ, մեղավորների փնտրտուք: Սա ի՞նչ է, Փաշինյանին աստիճանաբար հեռացնելու գործընթա՞ց: Ինչո՞ւ Արեւմուտքը չի աջակցում նրան, ներդրումներ չի բերում Հայաստան, չի աջակցում Փաշինյանի կառավարության, այսպես ասած, սոցիալական ծրագրերին: Պատասխանը թերեւս նույնն է՝ Արեւմուտքում չեն հավատում, որ Փաշինյանն իսկական է: Չեն հավատում եւ վերջ: Տեսեք՝ Բելառուսում ամեն ինչ ավարտվել է գունավոր հեղափոխության կատարյալ ջախջախմամբ, բայց Արեւմուտքը շարունակում է «կռիվը» եւ կշարունակի այնքան ժամանակ, մինչեւ Բելառուսում տեղի ունենան այնպիսի փոփոխություններ, որոնք կնպաստեն այդ երկրում ժողովրդավարության առաջընթացին եւ պարարտ հող կստեղծեն գալիք գունավոր հեղաշրջման համար: Բելառուսի ընդդիմության վտարանդի առաջնորդներին կպտտեցնեն աշխարհով մեկ, կարժանացնեն բարձր ընդունելությունների, որպեսզի նրանց «գործը» երբեք չմոռացվի:

Իսկ ինչի՞ են պատրաստ Արեւմուտքում, եթե Փաշինյանը հեռացվի իշխանությունից: Քանի՞ արեւմտյան երկիր է պատրաստ նրան ընդունելու եւ որպես Սահակաշվիլի օգտագործելու: Երեւի՝ ոչ մի: Բայց Փաշինյանն էլ, կարծես, ինչ-որ տեղ հեռանալու ծրագրեր չունի: Նա իրեն այստեղ է լավ զգում եւ, կարծես, նա մի բան գիտի, որ մենք չգիտենք:

Ինձ, օրինակ, թվում է, որ Փաշինյանը լավ մտածված հայ-ռուսական պրոյեկտ է, որ գործողության մեջ է դրվել Հայաստանին մոտեցող գունավոր հեղափոխությունների ալիքի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բուֆերի դեր կատարելու համար: Այս տեսակետի օգտին են խոսում գրեթե բոլոր իրադարձությունները:

Այսպես․ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալը, Փաշինյանի՝ բառիս բուն իմաստով խեղկատակություն հիշեցնող քայլարշավը, Երեւանում Ֆրանսիայի հրապարակի անարգել փակումը, ոստիկանության եւ զինվորականների՝ հեղափոխությանը միանալը, Էրեբունիում Փաշինյանին իբր բռնելը, գունավոր հեղափոխություններին հարիր տեսարանների բեմականացումը, տարօրինակ ճիչերը, ձեռքերը վեր տնկելը եւ այլն, եւ այլն: Աբսուրդ է, անշուշտ, այն մտայնությունը, թե «հեղափոխությանը» միացած սորոսական ՀԿ-ները մինչ այդ կարողացել էին հանրային կարծիքը բեկել այնպես, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ին ձայն տված քաղաքացիներն ընդամենը մեկ տարի անց զանգվածաբար քվեարկեին Փաշինյանի օդեղեն խոստումների օգտին: Այդ նույն ՀԿ-ները, եթե այդքան հունար ունեին, թող այսօր դրսեւորեն՝ խուսափելու համար ահագնացող համաժողովրդական ցասումից:

Նրանց խայտառակ ծրագրերը ոչ մի կերպ իրականություն չեն դառնում՝ կոնվենցիաները չեն ընդունվում, Ամուլսարը հանք չի դառնում, ВОЗ-ը չի կարողանում մտնել դպրոց, կրթական «բարեփոխումները» պետական աջակցություն չեն ստանում, դատական համակարգը եւ ՍԴ-ն, չնայած սորոսականների անմարդկային ճիգերին, չեն փլուզվում: Պատճառը մեկն է՝ Հայաստանում գունավոր հեղաշրջում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, իսկ Փաշինյանի առաքելությունն էլ Հայաստանի արեւմտացումը չի եղել: Փաշինյանը մի առիթով ասել է, որ եթե ինքը հիասթափեցնի ժողովրդին, ապա վերջնականապես կհեռանա քաղաքականությունից: Կարծում եմ՝ դա այդպես էլ կլինի, եթե, իհարկե, պարզվի, որ նա այս ընթացքում ընդամենն իր դերն է խաղացել այս մեծ թատրոնում՝ թոզ փչել ժողովրդի աչքերին եւ համոզել, թե եկել է երկրում բան փոխելու: