Ու՞մ համար է սահման գծվում

Ու՞մ համար է սահման գծվում

Ֆեյսբուքյան օգտատերը տարածել է արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի գրառումը, որտեղ այսպիսի ձեւակերպում կա. «Հեռացող իշխանությանը հարկ կլինի պատասխան տալ 2016թ. ապրիլյան պատերազմի համար: Այդ փուլում ռազմա-քաղաքական բարձր դիրք զբաղեցրած բոլոր դեմքերն անհատական պատասխանատվություն են կրում պատերազմի արդյունքների համար: Զոհվել է 100-ից ավելի մարտիկ, նրանցից մի քանիսի, ինչպես նաեւ Թալիշում հայ ծերերի դիակները պղծվել են Ադրբեջանի զինվորականների կողմից: Մարտիկներից մեկի գլուծն այդպես էլ չի վերադարձվել: Կորսվել է 800 հեկտար հայկական հող:

Արդարադատությունն անշրջելի է եւ հարկ է պատրաստվել պատասխանի՝ անկախ նրանից, թե  ինչպիսի մարդ ես դու եւ ինչպես են քեզ սիրում քո երեխաները, ընտանիքը, հարազատները եւ մոտիկները, ընկերներն ու մտերիմները»: Հասկացվում է, որ ապրիլյան պատերազմի փուլում ռազմա-քաղաքական բարձր պաշտոն զբաղեցրած ոչ ոք, բարոյական իրավունք չունի հավակնելու Արցախի նախագահի պաշտոնին: Ավելին, նրանք պետք է պատրաստվեն իշխանափոխությունից հետո կրելու իրենց բաժին պատասխանատվությունը: Սա, անշուշտ, գրառման հուզական ֆոնն է: Խորքային իմաստով արցախցի քաղաքագետը, կարծես, ներկայումս իշխանության մեջ գտնվող ինչ-որ մեկի համար նախագահի թեկնածու առաջադրվելու քարոզչական հիմք է ստեղծում:

Այն հիմնավորմամբ, որ նա 2016թ.-ին ռազմա-քաղաքական բարձր դիրք չի զբաղեցրել, անհատական պատասխանատվություն չի կրում ապրիլյան պատերազմի արդյունքների համար: Ու՞մ համար է գծվում ապրիլյան պատերազմի համար պատասխանատվության եւ ոչ պատասխանատվության այդ նուրբ սահմանը: Հրաչյա Արզումանյանը Ստեփանակերտում ստեղծված «Միացում» հարթակի ներկայացուցիչն է: Ժամանակ առաջ «Միացումը» քաղաքական ուժերին Արցախի նախագահի այլընտրանքային թեկնածուի առաջադրման հարցով խորհրդատվությունների առաջարկություն էր արել: Ըստ երեւույթին, նախաձեռնությունը բավարար աջակցություն չի գտել: Եւ «Միացումը» որոշել է հրապարակայնացնել ԱՀ նախագահի թեկնածուի մասին իր պատկերացումը՝ համարելով, որ ապրիլյան պատերազմի արդյունքների համար անհատական պատասխանատվություն կրել-չկրելու հանգամանքն է այդ հարցում գլխավոր չափորոշիչը: Ստացվում է, որ կարելի է ամբողջովին մերժել հեռացող իշխանությանը, բայց ներկայումս թիմի անդամ մեկի համար բացառություն անել, քանի որ նա պաշտոնի է նշանակվել ապրիլյան պատերազմից հետո: Իսկ թե ո՞վ է նա՝ «Միացումը»  չի ասում: Ըստ երեւույթին, համարում է, որ անուն հնչեցնելու հարկ չկա: Առանց այդ էլ հասկանալի է, թե ում եւ ինչու նկատի ունեն: