Ինչո՞ւ «Զվարթնոց»-ը, երկաթգիծը կարողացան խուսափել ռիսկերից, մետրոն՝ ոչ

Ինչո՞ւ «Զվարթնոց»-ը, երկաթգիծը կարողացան խուսափել ռիսկերից, մետրոն՝ ոչ

Հայաստանում տեղի ունեցած էներգետիկ խոշոր վթարը, երբ մի քանի ժամով անջատված էին Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը, հարցադրումների ալիք առաջացրեց, թե արդյոք չպե՞տք է վերաթարմացվի երկրի էներգետիկ անվտանգության համակարգը, արդյոք պատճառն իրանական կողմից սնուցվող համակարգի տատանումնե՞րն էին։ Հիշեցնենք, որ դա պաշտոնական նախնական 3 վարկածներից մեկն էր։ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշել էր եւս 2 վարկած․ խնդիր է առաջացել Երեւանի ՋԵԿ-ում, որը շղթայական ազդել է ամբողջ համակարգի վրա, եւ խնդիր է արձանագրվել Հրազդանի 5-րդ էներգաբլոկում, որը եւս շղթայաբար տարածվել է համակարգի վրա եւ բերել խափանման։  

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ երեկ կառավարության նիստից հետո հայտարարեց, որ հանձնարարություն է տվել նախօրեի էլեկտրաէներգիայի տատանումների, անջատումների հետ կապված նյութեր նախապատրաստելու վերաբերյալ, կարծում է, որ հարցն առավել խորը պետք է ուսումնասիրվի, տրվի գնահատական՝ միտում եղե՞լ է, թե՞ ոչ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ։

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանն «իրանական» վարկածի կողմնակիցն է։ «Հրապարակի» հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի եւ Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգերը սինխրոնիզացված են, եւ փոխադարձ հոսքեր են իրականացվում, այդ ընթացքում Հայաստանում կամ Իրանում տեղի ունեցող վթարն անդրադառնում է հարեւան երկրի էներգետիկ համակարգի վրա։

«Սա հարցի զուտ տեսական կողմն է, որը պետք է անպայման հաշվի առնենք։ Ասեմ ավելին՝ նման նախադեպ արդեն ունեցել ենք 2013 թ., երբ Հայաստանը եւ Իրանը վթարի արդյունքում դուրս եկան սինխրոն աշխատանքի ռեժիմից, եւ Հայաստանը հայտնվեց էլեկտրաէներգետիկ համակարգի իզոլացման պայմաններում»,-ասաց Վահե Դավթյանը։ Նրա խոսքով, այս վթարն իր ռիսկայնությամբ ու ծավալով շատ ավելի բարձր էր, քան 2013-ինը։ Բայց միեւնույն է՝ դա այն վթարը չէ, որը թույլ կտար խոսել blackout-ի մասին։ Ըստ փորձագետի՝ այն պատճառով, որ մեր երկիրը, ունենալով որոշակի ավելցուկային էներգետիկա, իր հիդրո եւ ջերմային էներգետիկայի ռեսուրսներով կարողացավ խուսափել էներգետիկ ճգնաժամից։ Ինչ վերաբերում է Իրանի եւ նաեւ Վրաստանի հետ ընդհանուր գծի առկայությանը, ապա երկու երկրների հետ սինխրոնիզացված համակարգերի առկայությունը, ըստ Դավթյանի, Հայաստանի համար մարտահրավերային խնդիր է, պատահական չէ, որ այս պահին իրականացնում ենք «Հյուսիս-հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագծային աշխատանքները, որը պետք է կապի Իրանի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի էներգետիկ համակարգերը, ինչը թույլ կտա էապես բարձրացնելու այս երկրների միջեւ փոխադարձ հոսքերը՝ թե՛ վթարների դեպքում ստեղծելով անվտանգային լրացուցիչ նախադրյալներ, թե՛ պիկային սպառման պայմաններում ապահովել պահանջարկը։

«Եվ այս առումով կարծում եմ, որ երրորդ օդային բարձրավոլտ գծի շինարարական աշխատանքները ՀՀ էներգետիկ անվտանգության համար բացարձակապես կարեւոր են ՀՀ էներգետիկ անվտանգության տեսակետից»,- մեկնաբանեց Վահե Դավթյանը։ Սա հատկապես կարեւորվում է նրանով, որ 2018-ից ի վեր Ադրբեջանը փորձում է կապել ՌԴ եւ Իրանի էներգետիկ համակարգերն իր ենթակառուցվածքների միջոցով, ինչը, բնականաբար, հակասում է մեր երկրի շահերին։

Անհասկանալի է, թե ինչու վթարի ժամանակ կանգ առավ ռազմավարական օբյեկտ հանդիսացող մետրոն, եւ ուղեւորներին ուղղակի տարհանեցին։ Վահե Դավթյանն այստեղ խնդիր է տեսնում։ Ասում է, որ երկրի տրանսպորտային զարգացման հայեցակարգում պետք է մեծ տեղ հատկացվի էլեկտրաէներգիայով աշխատող տրանսպորտին։ Իսկ մետրոն, առասարակ, քաղաքային հաղորդակցությունների կարեւորագույն բաղադրիչ է։

«Հատկանշական է, որ բոլոր տրանսպորտային համակարգերից միայն մետրոն երեկ հայտնվեց նմանատիպ ռիսկային գոտում։ Նույն երկաթուղային համակարգը, «Զվարթնոց» օդանավակայանը կարողացան խուսափել նմանատիպ ռիսկերից եւ ապահովել իրենց գործառույթների կայուն իրականացումը»,- արձանագրեց փորձագետը։ Նա տեղյակ  է, որ կառավարության 2019-2021թթ․ ծախսերում կա կետ՝ մետրոն ավտոնոմ սնուցման համակարգերով ապահովելու մասին։ Ըստ նրա՝ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 10-ին, կարեւոր ազդակ էր եզրակացություններ անելու համար։