Ոչ թե բանակցություններ են, այլ՝ խորհրդատվություն

Ոչ թե բանակցություններ են, այլ՝ խորհրդատվություն

Վերջին անգամ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպել եք ապրիլին, երկուսդ էլ շատ արդյունավետ եք գնահատում ձեր վերջին` հունիսի 5-ի հանդիպումը. ի՞նչն եք, ի վերջո, արդյունավետ համարում, հանդիպման ընթացքում քննարկվեցի՞ն Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ պայմանավորվածությունների հարցը, թե՞ միայն «Դուշանբե+»-ի մասին է խոսք գնում՝ հարցրինք ԼՂ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։

«Հանդիպումն արդյունավետ էր, որովհետեւ մեր նախարարությունում ստորագրեցինք խորհրդատվությունների պլանը, հանդիպում եղավ ԼՂ ԱԳ աշխատակազմի հետ, բացի ԼՂ, ԱԺ նախագահների հետ հանդիպումից, պարոն Մնացականյանը հանդիպում ունեցավ նաեւ Արցախում բնակվող` Ադրբեջանից եկած փախստականների հետ։ Ընդհանուր առմամբ, շատ հագեցած գրաֆիկով հանդիպումների շարք էր։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին. իհարկե, խոսվեց Վիեննա-Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմանավորվածությունների, այդ թվում եւ` Դուշանբեի մասին։ Խոսվեց նաեւ Արցախի` բանակցությունների մասնակցության մասին, ինչը, գիտեք, օրակարգում է եղել անցնող բոլոր տարիներին՝ հարցը դրվել է մշտապես։

Պարզապես հիմա Հայաստանի նոր ղեկավարությունն ավելի ակտիվ է այդ գիծը տանում, ինչն ուրախալի, նաեւ` ողջունելի է»: Պարոն Մայիլյան, հայաստանյան փորձագիտական որոշ շրջանակներում կարծիք կա, որ արցախյան կողմը պետք է լիազորագիր տա Փաշինյանին` իր անունից բանակցելու, որովհետեւ կարծես թե բանակցությունները թեւակոխել են բովանդակային փուլ, նման բան հնարավոր համարո՞ւմ եք։ «Չեմ համարում. լիազորագիրը ժողովուրդը պետք է տա ընտրությունների միջոցով, քանի որ մենք Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին չենք մասնակցում, այդ իրավունքը չունենք։ Մեր տեսակետը մեր ընտրված իշխանություններն են լիազորված ներկայացրել, իրենք պետք է մասնակցեն բանակցություններին։ Ինչ վերաբերում է բովանդակային բանակցություններին, ապա ոչ թե բովանդակային բանակցություններ են ընթանում, այլ երեք տարբեր ուղղություններով, ինչպես նշեց պարոն Մնացականյանը, խորհրդատվություններ, ինչը մենք չենք համարում բանակցություններ, այլ ընդամենը` խորհրդատվություն»: