8-10 տոկոսանոց բարձրացումներ

8-10 տոկոսանոց բարձրացումներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի տարեվերջյան մամուլի ասուլիսի բախտը չբերեց: Հենց ասուլիսի բախտը, քանի որ իր բախտը վաղուց է բերել: Քանի որ թյուրքախոս ժողովուրդներից հիմնականում ղազախների գծով պատմաբան գիտնականին և քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների գծով մասնագետին 2018-ին ՀՀ վարչապետ կարգված Փաշինյան Նիկոլը տանում է Ազգային ժողով՝ ներառելով, բնականաբար, ոչ իր մասնագիտական ոլորտի գծով հանձնաժողովում: Իսկ 2021 թվականին նշանակում և վերանշանակում է կրկին ոչ իր ոլորտի գծով նախարար: Նման խնդրին բախվել ենք նաև նախկինների ժամանակ, իսկ հեղափոխություն անում էինք նաև այդպիսի խնդիր այլևս չունենալու համար: Ինչևէ, շարունակեմ. իսկ ասուլիսի բախտը չի բերում, քանի որ վարողից բացի ընդամենը մեկ հարց էլ հնչեց դահլիճից: Որպես նախկին լրագրող (թե՞ նախկին լրագրող չի լինում) կարող եմ վկայել, որ բանախոսի հեղինակությունը դրսևորվում է ասուլիսին մասնակցած լրագրողների և նրանց կողմից բարձրաձայնված հարցերի քանակով: Առաջինի վերաբերյալ պատկերացում չունեմ (դրա հնարավորությունը առցանց ասուլիսին հետևողին չտրվեց), իսկ երկրորդի առումով արդեն ասվեց: Ենթադրում եմ, որ մեղավորը ՀՀ երկրորդ նախագահն էր, որի ասուլիսին մի քանի տասնյակ լրագրողներ էին մասնակցում: 

Իսկ այժմ անցնենք «մեր» նախարարի ասուլիսին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությունից լավատեղյակ վարողը դրական առումով ստիպեց նախարարին շուրջ 50 րոպեում ներկայացնել ոչ միայն անցնող տարվա աշխատանքը, այլև որոշ չափով անդրադառնալ նաև մոտ ապագայի խնդիրներին: Դժվարանում եմ կոմնորոշվել, թե ինչ է հետաքրքրում «Հրապարակի» ընթերցողին այդ նախարարության գործունեությունից, որպեսզի ներկայացնեմ կարճ, միջին թե ծավալուն հաղորդագրություն ասուլիսից: Եվ քանի որ չգիտեմ, ուրեմն ներկայացնեմ միջին տարբերակը: Եվ սկսեմ ոչ թե ասուլիսի սկզբից, այլ հենց վերջից՝ ներկայացնելով այն, ինչ կհետաքրքրեր ինձ նման շարքային ընթերցողին (եթե ես կարդայի ուրիշի գրածը):  

Եվ այսպես: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի (եթե ճիշտ լսեցի UNDP հապավումը) հայաստանյան գրասենյակի հետ նախարարությունը նախաձեռնել է ժողովրդագրության պետական ռազմավարության մշակման գործընթաց: Եթե նախկինում էլ դա եղել է, ապա պատերազմում մեր կրած բազմահազար մարդկային կորուստները ստիպում են կազմել նորը: Թեև նախարարի ասելով ունենք ոլորտային մասնատված ռազմավարություններ, սակայն առկա չէ համակարգվածը: Չհասկացա, թե ինչ նկատի ուներ մասնատված ասելով, այնուամենայնիվ, գարնանը սպասենք աշխատանքային խմբի աշխատանքի մեկնարկին, իսկ սեպտեմբերին արդեն պատրաստի ռազմավարությանը: Ասեմ, որ ժողովրդագրությունը մի այնպիսի ոլորտ է, որը ներկայացնում է մարդկանց քանակն ընդհանրապես, քանակը սեռատարիքային, բնակության վայրի ու սոցիալական կարգավիճակի կտրվածքով և այն, և այլն... Թեև համակարգված ռազմավարություն չի եղել, սակայն ժողովրդագրության խթանելուն միտված ծրագրեր գործարկվել են անցնող տարում՝ բնակարանաշինություն, միանվագ աջակցության ծրագիր և տոկոսագումարի փոխհատուցման ծրագիր: Դրանք այնքան հաջող են եղել, որ հաջորդ տարում ավելացվել են ավելի քան 700 միլիոնով: Նախարարը չասաց, թե ինչ արժույթով, բայց ենթադրում եմ, որ ոչ թե դոլարով, այլ դրամով: Եվ մյուս տարվա սկզբից ընտանիքում երրորդ և ավելի երեխա (կապ չունի՝ տղա թե աղջիկ, հարգելի՛ ծնողներ) ծնվելու դեպքում մինչև երեխայի 6 տարեկան դառնալը կհատկացվի 50 հազար դրամի աջակցություն: Ծրագիրը կշարունակվի մինչև 2025 թվականը, իսկ հետո կգնահատվի և 2026 թվականից այն օրենսդրական կարգով կվերածվի կայուն նպաստի տեսակի:

Շարունակելով նպաստների թեման՝ տեղեկացնեմ, որ ավելացվել է նպաստների և կեսաթոշակների առումով տրվող ամսական հատկացումները: Նրանք, ովքեր որպես նվազագուն կեսաթոշակ ստանում էին ամսական 26500 դրամ, հաջորդ տարվանից կստանան 28600 դրամ: Այդ շահառուների թիվը 15700 է: Դա, հարկե, շատ բան չէ, բայց նախարարի ասելով, պայմանավորված է պետության հնարավորությամբ: Ես կհամաձայնեի այդ պատճառաբանությանը, եթե միաժամանակ և այն էլ ոչ թե ընդամենը 8 տոկոս, այլ 100 տոկոսանոց պարգևավճարներ չստանային բարձրաստիճան պաշտոնյանները, և այդ թվում հարգելի նախարարը: Ինչևէ, շարունակեմ: Նույն չափով՝ 26500-ից 28600 դրամ կդառնա նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստը, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի համար ծնողներին տրվող նպաստը: Բարձրացումներ են նախատեսվում, ինչպես արտահայտվեց նախարարը, պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինվորական հաշմանդամության թոշակների առումով՝ ըստ հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի, համապատասխանաբար, 40 հազարից 43 հազար դրամ, 30-ից 33 հազար դրամ և 27-ից 30 հազար դրամ կամ 7,5%ով, 10%-ով և 11%-ով: Այնուհետև նախարարը հատկապես շեշտեց հաշմանդամ երեխա ճանաչված անձին տրվող նպաստը. այն 26500-ից կդառնա 37000 դրամ: Այստեղ, ըստ նախարարի, կունենանք ավելի քան 83 հազար շահառու: Այնուամենայնիվ, նախարարը նշեց, որ այս բարձրացումները վերջնական չեն, և կախված երկրի սոցիալ-տնտեսական վիճակից՝ շահառուները կարող են ակնկալել ավելին: Իսկ 2021-2026 թթ.-ի կառավարության ծրագրում առկա են նաև այլ ոլորտների գծով բարձրացումներ:  

Ասուլիսի սկզբում նախարարը խոսեց նաև պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդների մասին՝ արձանագրելով, որ 500-ից ավելի երիտասարդի համար կազմակերպվել են ուսուցման և վերապատրաստման դասընթացներ պետական և մասնավոր, այդ թվում հասարակական կազմակերպությունների ներառմամբ, համագործակցությամբ: Հաջողությամբ իրագործելով մի շարք մանր ծրագրեր՝ իշխանությունը որոշել է անցում կատարել լայնամաշտաբ ծրագրեր իրականացման գաղափարին՝ մինչ այդ անցկացնելով կարիքների գնահատումներ: 
Ասուլիսում խոսվեց նաև 49 տարածքային միասնական սոցիալական ծառայությունների (ՄՍԾ) կենտրոնների մասին, որոնք մեկ պատուհանի սկզբունքով իրենց մեջ կկենտրոնացնեն սոցիալական աջակցության (1), սոցիալական ապահովության (2), աշխատանքի և զբաղվածության (3) և բժշկասոցիալական փորձաքնության (4) գործառույթները: Եվ մարդիկ վերջապես կազատվեն սոցիալական աջակցության տարբեր ծառայությունների միջև վազելու խնդրից: Բազմաթիվ այլ խնդիրների մասին խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, բայց կարծում ենք, որ այսքանը բավարար էր նախարարության աշխատանքը ներկայացնելու առումով: