Պատերազմ կամ քարտեզ

Պատերազմ կամ քարտեզ

 Խեղճ Արցախ, որն արդեն ոչ թե հայրենիք է ու պետություն, որին պետք է փայփայել ու կայացնել, այլ ընդամենը թեմա, որը մանիպուլյացիաների, դավաճանության, շահարկումների է ենթարկվում։ Խեղճ Հայաստան, որը սովետական դարաշրջանից հետո պետք է զարգանար ու տեղ զբաղեցներ աշխարհի պետությունների շարքում, դառնար աշխարհասփյուռ հայերի հայրական օջախն ու ծաղկեր, հիմա շագրենի կաշվի նման փոքրանում է եւ իր կառավարիչների ապաշնորհության պատճառով կորցնում իր սուվերենությունը։ Վերջին օրերին հասարակությունը ստիպված է լսել պետության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձի վիճելի հայտարարություններն ու արդարացումներն այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ նրա իշխանավարման ժամանակ եւ պատճառով։

 

Հատկապես ցնցող են Արցախի հարցի փաշինյանական մեկնաբանություններն ու պատերազմի-խաղաղության-ապաշրջափակման-սահմանազատման թեմայով մտորումները։ Պարզվում է՝ իշխանությունը քարտեզներ է փնտրում, որոնք մեզ համար շահեկան կլինեն, եւ որոնցով կկարողանան սահմանազատում իրականացնել՝ պահպանելով մեր ունեցածը, բայց չեն գտնում, որովհետեւ դրանք մեզ համար շահեկան չեն։ Բայց եթե այս ամենը 2020-ի պատերազմում պարտության հետեւանքն է, ապա նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պետք է ամրագրվեին այն դիրքերը, որտեղ հրադադարի պահին կանգնել էին հայ-ադրբեջանական զորքերը։ Չէ՞ որ այդ պահի դրությամբ ենք մենք Շուշին ու Հադրութը կորցրել։ Իսկ եթե առաջնորդվում ենք քարտեզներով եւ սահմանազատումն իրականացնում ենք սովետական ինչ-որ քարտեզով, ապա Շուշին ու Հադրութը պետք է ԼՂԻՄ-ի, այսինքն՝ այսօրվա Արցախի մաս կազմեն։ Պետք է 2 տարբեր ելակետից՝ պատերազմ, թե քարտեզներ, ընտրվի մեկը, այլ ոչ թե այդ ելակետերի բոլոր վատ հետեւանքները կրենք մենք, բոլոր լավ հետեւանքները՝ հակառակորդը։