Նոր ժողովածու. «Իմ ու իմ միջև»

Նոր ժողովածու. «Իմ ու իմ միջև»

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Հաս Չախալյանի առաջին՝ «Իմ ու իմ միջեւ» ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակել է «Արմավ» հրատարակչությունը, խմբագիրն է Արմեն Ավանեսյանը, ում գնահատմամբ՝ Հաս Չախալյանի պոեզիան ասոցիատիվ պոեզիա է, որը երեւում է նաեւ վերնագրային պոետիկայով․ «Հաս Չախալյանն էսքիզ է տալիս, բայց վերջնական պատասխան չի տալիս։ Էսքիզն իր հերթին ասոցիացիաներ է բերում ընթերցողի մոտ, այսինքն՝ բանաստեղծությունն այնպես է գրված, որ այն ամբողջանում, կայանում է ընթերցողի հոգում։ Հենց սրանով է հետաքրքիր նրա պոեզիան։ Հաս Չախալյանն ունի նաեւ արձակ եւ էսսեներ։ Այսօր շատ են այն ստեղծագործողները, ովքեր բառերի շարան են դնում, բայց տակը չկա մտածողությունը։ Նա ունի այդ մտածողությունը եւ շղթաներով մտածելու ձեւը, որը հնարավորություն տվեց գիրքը շատ հեշտ կազմել, «Երկիր» շարքում երեւում է երկրի պատկերը, քաղաքի պատկերը երեւում է արդեն «երեւանյան էսքիզներում»»։

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի դիտարկմամբ՝ վերջին շրջանում հայ պոեզիայում շատ են կին բանաստեղծները, որոնց թվում է նաեւ Հաս Չախալյանը․ «Նրա մոտ գույների, պատկերների թարմություն կա, իր ինքնությունը, որոնց միջոցով կարողանում է լուրջ մտածումներ հաղորդել։ «Իմ ու իմ միջեւ»-ը պայծատ, ծեգծեգուն, խաղացկուն գիրք է»։

Գրքի հեղինակն արդեն իր խոսքում նշեց, որ ստեղծագործել է 8 տարեկանից, բայց չի շտապել գիրք ունենալ․ «Իմ կյանքում եղել են տխուր էջեր, որոնք կարողացել եմ թերթել` շնորհիվ իմ պոեզիայի, իմ ընտանիքի։ Պոեզիան ճանապարհ է, որը մենք անցնում ենք։ Այս գրքում փորձել եմ վերարտադրել իմ ապրումները, հուսահատությունը, ցավը, որ ունենում ենք բոլորս, եւ այն հույսը, որով ապրում ենք։ Տարիներ առաջ կորցրեցի եղբորս եւ ցանկանում էի գիրքս վերնագրել «Հոգեգողգոթա», քանի որ այդ կորստից հետո պոեզիան խթանող ուժ էր դեպի լույսը, սակայն շնորհիվ գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանի` վերնագիրը փոխեցի եւ վերնագրեցի «Իմ ու իմ միջեւ»»,- ասաց նա ու հավելեց, որ գրքի շնորհանդեսը նվիրում է եղբոր հիշատակին։

Հաս Չախալյանն ընդգծում է՝ բազմաժանր գիրք է ստացվել, որի հիմքում ընկած են իր ապրումներն ու կյանքը։ Գրքում ներառվել են վերջին 2 տարիներին գրված ստեղծագործությունները, քանի որ ցանկացել է ընդգրկել այն գործերը, որոնք առավել արժեքավոր են: «Փորձում եմ նոր շունչ բերել հայ գրականության մեջ եւ ներկայացնել գեղեցիկը նորովի ու թարմ շնչով»,- ասում է բանաստեղծուհին։