Ամեն ինչ վատ է Էրդողանի համար

Ամեն ինչ վատ է Էրդողանի համար

Հազիվ երկու-երեք շաբաթ է անցել Ստամբուլի (Պոլիսի) քաղաքապետի կրկնական ընտրությունից, որտեղ ընդդիմադիր CHP-ի թեկնածուն ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող կուսակցության հանդեպ: Դա թե՛ Թուրքիայի ներսում, թե՛ մնացյալ աշխարհում գնահատվեց որպես Էրդողանի իշխանության կորստի սկիզբ:

Այժմ, մի կողմից, հուլիսի 15-ին ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանեց Կիպրոսի ջրային տարածքում ապօրինի հորատումներ կատարելու համար, մյուս կողմից, Ռուսաստանի C-400 համակարգերի Թուրքիա ժամանելուն ի պատասխան՝ ԱՄՆ-ի կողմից  են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանվելու: ԱՄՆ քայլերի մասին ակնկալվում է, որ կհայտարարվի այս շաբաթ: ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ճնշումներն Էրդողանի քաղաքական ապագայի վրա, թվում է, արդեն կդնեն շիրմաքար:

Փաստորեն, ոչ թե Ֆեթուլլահ Գյուլենը եւ FETO-ն, այլ CHP-ն, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն են կործանում Էրդողանին: Բայց ամեն ինչ՝ հերթով: Նախ՝ Թուրքիայի քաղաքական երկրաշարժը: 
Ինչպես ամենքը կհիշեն, հունիսի 23-ին կայացավ Ստամբուլի (Պոլիսի) քաղաքապետի կրկնական ընտրությունը, որտեղ նախագահ Էրդողանը եւ նրա առաջնորդած AK կուսակցությունը կործանարար պարտություն կրեցին: Էրդողանին է պատկանում ասույթը. «Նա, ով իշխում է Պոլիսում, իշխում է Թուրքիայում, ով կորցնում է Պոլիսը, կորցնում է Թուրքիան»:

Այժմ, քառորդդարյա իշխանությունից հետո, Էրդողանն ամոթահար պարտությամբ կորցրեց Պոլիսը: 
Մարտի 31-ին կայացած Պոլիսի քաղաքապետի բուն ընտրությանը Էրդողանի կուսակցության թեկնածուն` նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմը, պարտվել էր ընդդիմության թեկնածուին: Էրդողանի կուսակիցները պարտվել էին ընդդիմությանը նաեւ Թուրքիայի մյուս երկու խոշոր քաղաքներում` Անկարայում եւ Իզմիրում, բայց հատկապես Պոլիսի պարտությանն Էրդողանը դիմանալ չկարողացավ: Ե՛վ որովհետեւ «կորցնել Պոլիսը՝ նշանակում է կորցնել Թուրքիան», ե՛ւ այն պատճառով, որ ընդդիմությունը հաղթել էր ընդամենը 13 հազար ձայնի առավելությամբ, որը ձայների ընդհանուր թվի 0.1-0.2%-ն էր, եւ վերջապես ամենածանրն ու անտանելին` 1994-ին Էրդողանի` Պոլիսի քաղաքապետ ընտրվելուց ի վեր, ամբողջ քառորդ դար Պոլիսի ղեկը գտնվել Էրդողանի եւ իր կուսակիցների ձեռքում: Արդյունքում պատրվակներ գտնվեցին, թե իբր մարտի 31-ին որոշ ընտրական հանձնաժողովների անդամներ ճիշտ ընթացակարգով չէին նշանակվել, որոշ քվեաթերթիկների, ծրարների, թե կնիքների հետ էր խնդիր ծագել, միով բանիվ, Էրդողանը հասավ նրան, որ նշանակվեցին նոր ընտրություններ: Եվ… եւ եղավ այն, ինչ եղավ: 

Պոլիսի կրկնական ընտրություններում CHP-ն ներկայացնող Էկրեմ Իմամօղլուն երկրորդ անգամ հաղթանակ տոնեց եւ հաղթեց արդեն ոչ թե ձայների 0.1-0.2%, այլ շուրջ 10% տարբերությամբ, եւ դա այն դեպքում, երբ ընտրությանը մասնակցել էր ընտրողների 85%-ից ավելին: Այժմ Իմամօղլուն հաղթեց ահռելի` 780 հազար ձայնի առավելությամբ, ինչը համազոր էր Էրդողանի քաղաքական ապագայի վրա շիրմաքար դնելուն:
(Իմիջիայլոց, 85%-ից ավելի մասնակցության թիվը լավ կլինի գիտակցեն ու սերտեն Հայաստանում իշխանության եկած «դըմփ-դըմփ-հու»-ները, որ հիմար ձեւանալով՝ աջուձախ դատարկախոսում էին, թե իբր իրենք 70-80% ձայն ունեն Հայաստանում, երբ 70-80% ձայն հավաքել են ընտրողների հազիվ 40-45% մասնակցության պայմաններում: Եթե Փաշինյանն ու իր թիմը սկզբից եւեթ մերժված չլինեին Հայաստանի բնակչության մեծամասնության կողմից, 2018-ի մայիսից մինչ օրս գոնե մի ընտրությունում` Երեւանի ավագանուց ու Էջմիածնի քաղաքապետից մինչեւ ԱԺ, Աբովյանի ընտրություններ եւ այլն, գոնե 50% մասնակցություն արձանագրված կլիներ): 

Ինչեւէ, վերադառնալով Թուրքիային, իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ ոչ թե Իմամօղլուն էր հմայել պոլիսցիներին ու տարավ նրանց ձայները, այլ Էրդողանն էր զայրացրել պոլիսցիներին եւ կորցրեց նրանց ձայները: Իսկ Էրդողանի պարտության պատճառները նախեւառաջ եւ ամենից առավել տնտեսական են: Էրդողանի վարած հիմար արտաքին քաղաքականությունը` Ռուսաստանի հետ մերձեցմամբ ու Արեւմուտքին հակադրվելով, արդեն մի քանի տարի Թուրքիայի տնտեսական կյանքի վրա բացասաբար էր անդրադառնում, իսկ 2018-ին վերածվեց լիրայի շեշտակի արժեզրկման եւ գործազրկության աննախադեպ աճի: Դա էլ երկրաշարժի պես սասանեց Էրդողանի դիրքերը, քանի որ այժմ հասարակության` Էրդողանին մերժող գաղափարական շերտերին միացավ վերստին աղքատացող լյումպենը: 

Իսկ Էրդողանն այնպես է խճճվել իր հաշվարկներում, որ կարծում է, թե տնտեսական անկմանը կկարողանա հակադրել թուրքական նացիոնալիզմը եւ մե՛կ ԱՄՆ-ին, մե՛կ ԵՄ անդամ Կիպրոսին, մե՛կ չգիտես ում մարտահրավերներ նետելով՝ վերստին կմոբիլիզացնի լյումպենին` այժմ էլ արտաքին թշնամիների, ազգայնականության եւ հայրենասիրության կարգախոսների ներքո: Էրդողանը կարող է ինչ ասես կարծել, ինչ ասես փորձել, բայց երբ փորձը դառնա փորձանք, այլեւս Էրդողանին ի՞նչը պիտի փրկի: 

Ներկա դրությամբ իրականությունն այն է, որ Կիպրոսի տարածքում հորատումների կատարելուն ի պատասխան, ԵՄ-ն դադարեցրեց շուրջ 600-700 միլիոն դոլարի oժանդակության տրամադրումը Թուրքիային, դադարեցրեց ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչը խաչ է դնում Ստամբուլի նորակառույց օդանավակայանը եվրոպական տրանզիտային թռիչքների տարածաշրջանային սպասավայր դարձնելու Թուրքիայի հույսերի եւ հաշվարկների վրա: ԵՄ-ն դադարեցրեց նաեւ բարձր մակարդակի երկխոսությունը Թուրքիայի հետ եւ հետեւելու է Կիպրոսի ջրային տարածքում իրադարձությունների զարգացմանը` անհրաժեշտության դեպքում նոր պատժամիջոցներով պատասխանելու համար:  
Այս շաբաթ նաեւ կտեսնենք, թե ռուսական C-400 հրթիռային համակարգերը գնելուն ի պատասխան,  Վաշինգտոնն ինչ պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ, բայց կարելի է վստահ լիել, որ դրանք ցավագին կհարվածեն Թուրքիայի տնտեսությանը: Թուրքիային ամերիկյան F-35 համակարգերի արտադրության ցիկլից հեռացնելու քայլերն արդեն դրել են ամերիկյան ցավագին պատժամիջոցների սկիզբը: 
Այժմ հետաքրքիր է տեսնել, թե նոր տնտեսական դժվարությունները եւ դրանցից գեներացող հասարակական դժգոհությունը որքանով կարագացնեն Էրդողանի AK-ի մասնատումը եւ Ալի Բաբաջանի կողմից ստեղծվող նոր կուսակցության ասպարեզ իջնելը: Դա արդեն Թուրքիայում կստեղծի նոր քաղաքական իրականություն: