Վարչապետին հասկացրեցին՝ «հանգիստ նստիր տեղդ ու մուննաթ մի՛ արի»

Վարչապետին հասկացրեցին՝ «հանգիստ նստիր տեղդ ու մուննաթ մի՛ արի»

Երեկ Նիկոլ Փաշինյանն իրեն ու իր բնավորությանը հավատարիմ ոճով կտրուկ պոռթկաց, երբ պատասխանում էր կառավարության ծրագրի վերաբերյալ պատգամավորների, հատկապես ընդդիմադիրների հարցերին, որոնք հստակ, առարկայական խնդիրներ էին բարձրաձայնում։ Վարչապետի զայրույթն առաջացրեց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ով «համարձակվեց» բարձրացնել իրեն դիմած առեւտրականների խնդիրները՝ կապված ներմուծվող ապրանքների կիլոգրամի սահմանափակումների եւ փողոցային առեւտրի արգելքի եւ լուծումների բացակայության հետ։

Փաշինյանը լսեց հարցը, առաջին մի քանի վայրկյանը հանդարտ պատասխանեց, հետո աստիճանաբար բորբոքվեց, ինքն իր խոսքից տաքացավ, զայրացավ ու սկսեց մատ թափ տալ, ձեռքերը թափահարել, ամբիոնը դղրդացնել՝ ինչ-որ անհասկանալի թիրախներ ընտրելով։ Ու չհասկացվեց՝ Փաշինյանն ավելի շատ Էնֆիաջյանի՞ վրա էր զայրացել, նրա քաղաքական թիմի՞, թե՞ այն քաղաքացիների, որոնք իրենց խնդիրներով դիմել էին Էնֆիաջյանին, որ վերջինս բարձրացնի այդ հարցերը կառավարության առաջ։

«Եթե փորձելու են կառավարությանն ասել՝ վայ, ցույց ենք անելու մենք ձեր դեմ, մեզ համար էս արեք, էն արեք․․․ Ցույց արեք, երբ որ կհասնենք էն քանակների, երբ որ կհասկանանք՝ մենք իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կասենք իրար, շնորհակալություն, կգնաք ձեր գործին։ Բայց մենք չենք համաձայնելու, որ իրար երեսի նայենք, իրար ֆռռցնենք։ Ով ավելի շուստրի ա, ստիպում ա, որ կառավարությունն ինչ-որ որոշում կայացնի։ Չի՛ լինելու որոշում։ Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարեք։ Էս ի՞նչ բան ա։ Խաբեությունը, սուտը դարձել են հասարակական հարաբերությունների հիմնական օղակ։ Ես ոչ մեկին թույլ չեմ տալու ինձ հետ ստի լեզվով հարաբերվել, ստի վերջը եկել ա»,- շնչակտուր բղավում էր Փաշինյանը։

Նրա ագրեսիվ վարքը, որը միայն այս ելույթով չէր սահմանափակվում, դուր չեկավ ընդդիմադիրներին, որոնք փորձեցին նրբորեն հասկացնել վարչապետին՝ «հանգիստ նստիր տեղդ եւ մուննաթ մի արի մեզ վրա»։ «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը նրան հիշեցրեց, որ Փաշինյանն այլեւս ընդդիմադիր պատգամավոր չէ, իշխող քաղաքական ուժի ղեկավար է, իսկ այստեղ էլ ընդդիմությունը նախկին կոռումպացված իշխանությունը չէ իր համար, ուստի հորդորեց վարչապետին՝ մուննաթ չգալ ընդդիմության վրա։

Նույն խմբակցությունից Գեւորգ Գորգիսյանն էլ նոր իշխանություններին համեմատեց հների հետ՝ կառավարության այս ծրագիրն էլ նմանեցնելով Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին։ Նա Փաշինյանի ներկայացրած ծրագրից այն տպավորությունն է ստացել, որ ամեն ինչ արվել է պատասխանատվությունից խուսափելու եւ ձախողումները ժողովրդի վրա գցելու համար՝ հիշեցնելով, որ հանրապետականներն էլ էին այդպես անում։

«Հնչեցված հարցերին, մտահոգություններին տալիս եք նույնքան խուսանավող, երբեմն նաեւ հեգնանքով, արհամարհանքով ու մուննաթով համեմված պատասխան։ Խոսում էիք սուպերվարչապետական համակարգի վերացման մասին, հիմա ասում եք՝ այո, պետք է վերացնել, բայց՝ հետո»։ Նա նաեւ ակնարկ արեց, որ Նիկոլ Փաշինյանն ակտիվ կապի մեջ է Սերժ Սարգսյանի հետ․ «Մեր հարցերին Ձեր տված պատասխաններից տպավորություն է, որ, ինչպես ելույթներից մեկում ասացիք, թե մեկ-մեկ Սերժ Սարգսյանի համար գրած ելույթներն են բերում, էդ նույն մարդն է Ձեզ տեղեկացնում երկրում իրավիճակի մասին ու ամեն օր նույն բանն է ասում՝ երկրում ամեն ինչ հոյակապ է, մարդիկ երջանիկ են, եւ միայն էս կեղտոտ ընդդիմությունը կռռում է, որ մի վատ բան լինի երկրում»։

ԲՀԿ-ից Գեւորգ Պետրոսյանն էլ փորձեց նրբորեն տալ Էնֆիաջյանի հարցի ժամանակ վարչապետի մուննաթի պատասխանը։ Առհասարակ, ԲՀԿ-ականները, ի տարբերություն «Լուսավորի» պատգամավորների, ելույթներում շատ ավելի կառուցողական էին ու առաջնորդվում էին մի քիչ դաղելու, բայց ավելի շատ յուղելու մեթոդով, որ հանկարծ պարոն վարչապետը չզայրանա։ Պետրոսյանը նախ դիվանագիտորեն հիշեցրեց, որ երբ իրենք ասում են՝ երկրի վիճակը վատ է, պետք չէ դա հասկանալ այնպես, որ այդ վիճակն իրեն՝ Փաշինյանին է վերաբերում՝ խնդրելով իրենց քննադատությունները չընդունել որպես մեղադրանք՝ ուղղված իրեն առկա իրավիճակի մասով։ Հետո սկսեց կամաց ու դիվանագիտորեն դաղել․ «Դուք շատ լավ պատասխանում եք հարցերին, որովհետեւ իսկապես Դուք գրագետ եւ իրազեկ մարդ եք։ Դուք ավելի շատ բան ասացիք էս երկու օրը էստեղից, քան գրված է ծրագրում։ Դե որ էդ ամեն ինչը պիտի ասվեր, գրեիք։ Հակառակ դեպքում, որ մտածում եք՝ ձեր ծրագիրը պետք է շատ լակոնիկ լինի, է, գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու, դուք պրոբլեմ չունեք։ Ոչ մի ուրիշ բան չգրեիք»։

Հետո անցավ վարչապետի պատասխանների ոճին․ «Խնդրում եմ՝ հեգնանք ո՛չ որոնեք մեր հարցերի մեջ, ո՛չ էլ առավել եւս, խնդրում եմ, հեգնանքով պատասխանեք հարցադրումներին»։