Արմեն Սարգսյանի հեղինակությունն աճում է, Նիկոլ Փաշինյանինը՝ նվազում

Արմեն Սարգսյանի հեղինակությունն աճում է, Նիկոլ Փաշինյանինը՝ նվազում

Բանաստեղծ, ԽՍՀՄ օրոք այլախոհ Մերուժանը կարծում է, որ մեկ տարվա ընթացքում իշխանությունները չէին կարող բավարարել ժողովրդի ակնկալիքները։ 
«Երեսուն տարի երկրում տեղի ունեցան քայքայումներ, փլուզումներ, հափշտակումներ, առեւանգումներ, եւ հնարավոր չէ մեկ տարվա ընթացքում վերականգնել այդ ամենը։ Բայց հնարավորության սահմաններում կատարված փոփոխությունները դրական են, չնայած սոցիալական դժգոհությունները շարունակվում են»,- ասաց Մերուժանը։ 

Մեր հարցին, թե ինչպես է գնահատում իրավապահ համակարգի գործունեությունը, բանաստեղծն արձագանքեց․ «Դանդաղ են կատարվում փոփոխությունները, որովհետեւ նախկին սերնդի ներկայացուցիչները դեռեւս կարողանում են համառորեն դիմադրել։ Միանգամից փոխել հնարավոր չէ, կադրային քաղաքականությունը դեռեւս չի գործում սպասվածի պես։ Իրավապահները դեռեւս գործում են իրենց նախկին բնույթին հավատարիմ մնալով։

Կաշառակերությունը շարունակվում է, ոչ պատշաճ կերպով են պահպանվում օրենքները։ Այդ իսկ պատճառով էլ ժողովուրդը դեռեւս իրեն զգում է անպաշտպան։ Տեսնում ենք, թե որքանով են ավելանում կաշառակեր դատավորները, համակարգում շարունակվում են ձերբակալությունները»։
Անցած ամիսների ընթացքում Մերուժանը նկատել է, որ աստիճանաբար անկում է ապրում վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, փոխարենն օրըստօրե աճում է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակությունը։ 

«Ես չեմ փորձում նրանց իրար հետ համեմատել, որովհետեւ անսահման բարձր է Արմեն Սարգսյանի ինտելեկտը, նրա հեղինակությունը բարձր է նաեւ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունից։ Ցանկալի կլինի, որ Նիկոլ Փաշինյանն աշխատի իր բանավոր խոսքի կուլտուրայի վրա։ Նա այնպես է խոսում, որ ժողովրդական զանգվածներին ծիծաղելի է թվում։ Երկրորդ՝ աշխարհը ճանաչում է գործող նախագահին եւ՛ իր դիվանագիտական անցյալով, եւ՛ իր հեղինակությումբ։ Ուստի ես կուզենայի, որ մի փոքր բարձրանար նաեւ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, որպեսզի մի փոքր հավասարության նշան դրվեր նրանց միջեւ»,- կարծում է Մերուժանը։