Նախկին տնօրենը 27 մլն պարգեւավճար է տվել

Նախկին տնօրենը 27 մլն պարգեւավճար է տվել

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի կամ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը շուրջ 27 մլն դրամի պարգեւավճար է բաժանել աշխատողներին եւ դատարկել կենտրոնի բյուջեն։ Կենտրոնի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ գումարը բաժանվել է 20 հոգու։ Ներկայիս տնօրեն Սերգեյ Խաչատրյանը երեկ հիմնարկում ժողով է գումարել եւ վերջիններիս տեղեկացրել այդ մասին՝ դրանով բացատրելով նաեւ կլինիկայի աղետալի վիճակը։

Բայց «Հրապարակի» հետ զրույցում Խաչատրյանն ամեն կերպ փորձեց պաշտպանել նախկին տնօրենին․ «Ես ասել եմ, որ 27 մլն պարգեւատրումներ է եղել այն կոնտեքստում, որ հիմնարկը պարտքեր ունի։ Պարգեւատրումներ ստացել են շատ-շատ մարդիկ՝ բժիշկներ, բուժքույրեր, հիվանդապահներ, շատերն են ստացել, 20 հոգի չէ։ Ընդհանուր 27 մլն է եղել, բայց ես չեմ ասել, որ դրա մեջ վատ բաներ եմ տեսնում։ Ես վատ բաներ տեսնում եմ նրա մեջ, որ պարտքերի պարագայում է, եւ իմ կյանքում երբեւիցե նախորդ տնօրեններին կամ ղեկավարներին բան չեմ ասել, որովհետեւ դա անշնորհակալ գործ է, մի օր ես էլ եմ դառնալու նախորդ։ Ես պարզապես դա ասել եմ այն իմաստով, որ մենք այսօր պարտքեր ենք փակում, 2 օր առաջ մենք 98 մլն, շնորհիվ առողջապահության նախարարության կողմից տրված գումարի, պարտք ենք մարել, այդ թվում՝ աշխատավարձի պարտքը հունվար ամսվա։ Ես ուղղակի ասել եմ այն կոնտեքստում, որ եթե այդ տեմպերով գնա․․․ Մենք էլ ենք տալու պարգեւավճարներ, դրա մեջ վատ բան չկա, բայց այն ժամանակ, երբ որ մենք պարտք չունենանք, այդքան բան։ Մեր աշխատավարձերի ամսական ֆոնդը կազմում է 50 մլն դրամ, եթե այդ 27 մլն դրամը բաժանենք աշխատակիցների մեջ տարեկան կտրվածքով, ապա մեծ թիվ չի ստացվի»։